Վիլյամ Սարոյան «Իմ գերդաստանը»
Նմանատիպ
Ես աշխարհ եկա 1908 թվականի օգոստոսի վերջին օրը, Ֆրեզնո քաղաքում, մահու չափ հոգնած – ձանձրացած և միաժամանակ զարմանքով, բարությամբ ու խինդով լեցուն: Հայրս՝ Արմենակ Սարոյանը, երեսունչորս տարեկան էր, մայրս՝ Թագուհի Սարոյանը՝ քսանվեց:
Երեք տարի չանցած՝ հայրս մահացավ: Մայրս երեսունինը տարի նրանից ավել ապրեց:
Հայրս կրթություն էր ստացել Բիթլիսի ամերիկյան երիցական դպրոցում: Մասնագիտությամբ քարոզիչ էր: Անգլերեն ու հայերեն օրագիր էր պահում, փիլիսոփայական խոհեր, բանաստեղծություններ, ճամփորդական նոթեր գրում: Նա լավ հռետոր էր:
Մայրս կանոնավոր ուսում չէր ստացել, բայց սովորել է հայերեն կարդալ ու գրել: Նա սովորեց եւ անգլերեն կարդալ ու իր անունը կարողանում էր ստորագրել: Թեպետ վատ էր կարդում անգլերեն, դրա համար էլ մեկ-մեկ ուղղակի թերթերն էր աչքի անցկացնում:
Նրա մայրը՝ Լուսին, ոչ մի լեզվով գրել-կարդալ չգիտեր, բայց վարժ ու ճարտար խոսում էր հայերեն, քրդերեն ու թուրքերեն:
Իմ հորական պապի անունը եղել է Պետրոս, որ որդին էր Սարգսի, որ Սարոյանների որդեգիր էր, ուստի մեր գերդաստանի երկու կողմերը թեեւ միեւնույն ազգանունն ունեին, սակայն բարեկամներ չէին: Մորական պապիս անունը եղել է Մինաս, բայց նրա հոր անունն արդեն մոռացել եմ: Գերդաստանի հիշողությունը գամված է Բիթլիս քաղաքին: Ես չեմ լսել, որ մեր գերդաստանի հուշերում մի ուրիշ քաղաք այդպես դրոշմված լիներ: Բիթլիս քաղաքը (եւ նրա անունը) ինձ համար միշտ էլ շատ բան է նշանակել:
Հայրս մեն-մենակ, 1905 թվականին հասել է Նյու Յորք: Երկու տարի անց այնտեղ նրան միացել են կինը, դուստրերը՝ Կոզետն ու Զաբելը, որի անունը, ըստ երեւույթին, Իզաբել անվան մի տարբերակն է: Էրզրումում ծնված իր որդուն՝ Հենրիկին, նա առաջին անգամ տեսել է Ամերիկայում:
… Հայրս միաժամանակ քարոզչություն է արել Նյու Ջերսիի Փաթըրսոն քաղաքի հայկական համայնքում: Դրա հետ մեկտեղ, նա «Քրիսթիըն հերըլդի» էջերում հոդվածներ է գրել, համենայն դեպս, ինչ-որ ձեւով առնչվել այդ հրատարակության հետ: Նրա լավագույն ընկերն Ամերիկայում դոկտոր Վիլյամ Սթոունհիլ անուն ազգանունով մի երիցական քահանա է եղել, որը մահացել է իմ ծնվելուց մի երկու ամիս առաջ: Ինձ Վիլյամ են կոչել հենց այս մարդու պատվին: Եթե նա չմեռներ, ես լսել եմ, որ հայրս միտք է ունեցել իր հոր հիշատակին անունս Պետրոս դնել:
… 1928 թվականին, երբ առաջին անգամ Կալիֆոռնիայից մեկնեցի Նյու Յորք, գնացի Բրուքլին ու սեղմեցի Վիլյամ Սթոունհիլի դռան զանգը: Նա հենց ինքն էլ դուռը բացեց, մի պահ նայեց ինձ եւ հետո հանգիստ ասաց. «Դուք Արմենակ Սարոյանի որդին եք: Խնդրեմ, ներս անցեք»:
… Իմ ծնվելու երեկոյան հայրս տանը չի եղել: Հորեղբայր Մուշեղ Սարոյանի մայրը տատմերություն է արել: Ծնունդս արագ է ընթացել, համեմատաբար անցավ ու անմիջապես չի արձանագրվել: Ծնվելուցս մի քանի րոպե առաջ մայրս ոտքի վրա է եղել՝ հենարանի տեղ դռանը կառչած: Դա, ըստ երեւույթին, պիտի որ ընտանեկան սովորություն լիներ:
… Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է՝ ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միեւնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի, անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան, կամ իրականում կան, որովհետեւ եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երեւակայությունն ու ամենից էականը՝ սերը: Եթե մարդ որեւէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երեւակայությամբ եւ, իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերեւա, օրինակ՝ գոյատեւելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լոկ գոյատեւելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հույսն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարեւոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետեւ եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի, կարող է կորցնել:
Ես շատ վաղ վճռեցի սիրել գերդաստանս ու նրա անդամներից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բացառիկ ու լավ բան տեսնել՝ խղճուկ ու ցավալի բաների կողքին, որոնք ակնհայտ էին: Չեմ կարծում, թե յուրայիններիս մասին գրելիս երբեւէ ստել եմ, ուղղակի նախընտրել եմ նրանց մեջ ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որ սիրել եմ ու բարձր դասել, իսկ այն բաներին, որ սրտովս չեն եղել, վերաբերվել եմ հումորով ու ներողամտորեն: Գրողն, ի վերջո, կերտում, վերաստեղծում է իր գերդաստանը, իր ազգը, մշակույթն ու արժեքները, եւ իմ կարծիքով՝ ես առավել հաջողությամբ, քան Սարոյան գերդաստանի որեւէ ուրիշ անդամ, վերաստեղծեցի այդ գերդաստանը, մի բան, որ դրսեւորվել է բոլոր գրվածքներիս մեջ, մանավանդ «Իմ անունը Արամ է» փոքրածավալ գրքում:
Վիլյամ անվան վերջին երկու տառը համընկնում են Արամ անվան վերջին երկու տառին: Եթե անունս ես ընտրելու լինեի, կարծում եմ, որ կընտրեի Արամ անունը: Արամ մորեղբոր մանկությունն ու պատանեկությունը ինձ համար անչափ հրապուրիչ են եղել. ես հիացած էի նրա եռանդով ու սրամտությամբ, եւ այդ անունն ինքնին՝ Սարոյան ազգանվան կողքին, շատ էի հավանում: Երկուսն էլ սազում էին իրար: Արամ անունը վաղուց ի վեր հայերի սիրած անուններից մեկն էր:
Հայկական տարբեր թերթերում, հանդեսներում ու գրքերում ես տեսել եմ Արամ անունով մի շարք հռչակավոր հայերի հերոսական կերպարանքները, եւ ինձ դուր են եկել այն բոլոր խաբուսիկ պատկերացումները, որ զուգորդվել են գիտակցությանս մեջ այդ անվան հետ: «Իմ անունը Արամ է» գրքի Արամին ես Ղարօղլանյան ազգանունը տվեցի, որովհետեւ դա Լուսի տատիս ազգանունն էր, նախքան Մինաս Սարոյանի հետ նրա պսակվելը, երբ նա տասնմեկ տարեկան էր, իսկ ամուսինը՝ քսաներկու: Որդուս անունը դրեցի Արամ, որովհետեւ այդ անունը համարում էի իմ իսկական անունը, եւ քանի որ արդեն շատ ուշ էր, որպեսզի դա իմ անունը լիներ, ուզում էի գոնե տղայիս անունը լինի:
Սակայն կյանքումս այնպիսի ժամանակներ են եղել, երբ իմ գերդաստանն ու Սարոյան ազգանունը համարել եմ անտանելի:
Ես մտածում էի տնից փախչելու մասին: Մտածում էի ազգանունս փոխելու մասին: Մտածում էի հնարավորին չափ շուտափույթ կին առնել ու նրա ազգանունը վերցնելով՝ սեփական ընտանիք կազմել: Այս հոգեխռով իղձերս ծնվեցին, երբ ես հազիվ ութ-ինը տարեկան էի, եւ շարունակում էին ուժի մեջ մնալ մինչեւ տասնինը-քսան տարեկան դառնալս, բայց տարեցտարի հետզհետե ուժը կորցնում էին, այնպես որ տասներեք-տասնչորս տարեկանում արդեն հասկանում էի դրանց անհեթեթությունը:
Ինձ համար պարզ էր, որ միջավայրի կամ ազգանվան փոփոխությունը չեն փոխի ինձ: Միջավայրը կփոխվեր, ազգանունս ուրիշ կլիներ, բայց ես առաջվա պես կմնայի այն, ինչ որ կամ, եւ իմ ձգտումը, թե բոլոր ջանքերի գնով պիտի դառնամ այն, ինչ ուզում եմ, նույնը կմնար: Կյանքում մտքովս երբեք չի անցել ուրանալ ազգանունս: Եթե պատահել է, որ սրտնեղեմ մեր գերդաստանից, երբեմն զգացել եմ, որ կուզենայի մեկընդմիշտ ազատվել նրանից, բայց այս զգացումը երբեք երկար չի տեւել:
… Մեկ-մեկ Սարոյան ազգանունն ինձ անմիտ էր թվում, ինչպես ամեն բառ էլ կարող է անմիտ թվալ, եթե դրա մասին երկար մտածես: Բայց, իհարկե, ազգանունս չէր անմիտ, այլ ես, իմ հոգեմաշ ապրումները, թե կիրագործվի՞, արդյոք, կյանքում հաջողության հասնելու բաղձանքս…
Աղբուր՝ Հայկական կակաչ
Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության
Հետևեք մեզ նաև Telegram-ում