Տաթև Չախչախյան. Օտար լեզվով

Տաթև Չախչախյան. Օտար լեզվով

սենյակս բերնեբերան բառ է
ես քացով բացում եմ դուռն ու ղժժոցը թափվում է դեմքիս
լցվում շնչափողս
ընկնում ոտքիս տակ

կոկորդս լիքն է տողերով
ու եթե թիթիզ լինեի կգոռայի հանդիսավոր
թե տաղանդավոր լինեի կգրեի վեպեր շատախոս
ուժ ունենայի կկիսեի Աճառյանի Արմատականը մեջտեղից

(ապրելու համար չորս բառը հերիք է
մեկով էլ յոլա կգնամ
իսկ սոված օրերին լռություն շատ կա)

կոյուղիս խեղդվում պայթում է
ես չինական մահապատիժն ընտրեցի
ինձ փակեք խցում ու կերակրեք գրքերով
մինչ շնչահեղձ լինեմ բառաթորանքից

իրերը ստիպում են զրուցել իրենց լեզվով
Սահակին հարցրի նկարի մասին ինչ լեզվով պատմեմ
ասաց նկարի
բառեր
թողեք օտար լեզու սովորեմ

ոնց ազատեմ տեքստերս ձեզնից
որ անտառ տանեմ կորցնեմ
որ գրքում փակեմ մոռանամ
որ թիթեռի հետ չորացնեմ
դեղնած ֆոտոների տակ պահեմ
մակուլատուրա դարձնեմ
ճղեմ
փչեմ
թռցնեմ

որ լեզվով կաշառեմ հեռանաք
որով հայհոյեմ հասկանաք
որով տղա բերեմ վախենաք
որով ծեծեմ նեղանաք
որով համոզեմ պոկ գաք
որով երգեմ զզվեք գնաք
.
.
.
բառի դեմ կռվողի համար էս բլբլոցը շատ է
ուղեղս լվացեք
բերանս լվացեք
ձեռքերս լվացեք
էս էջն էլ կեղտոտվեց դրանցով
աչքիցս հեռու տարեք

Հետևեք մեզ նաև Telegram-ում