Հանցագործությունը չի բացահայտվի այնպես, ինչպես ընկալում է հասարակությունը. Զ. Փոստանջյանը` Սյունիքի դեպքերի մասին

ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կա կանխակալ մոտեցում: Այսօր այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ:

«Տեսնենք, զարգացումները ինչպես կընթանան: Այն որ արդեն իսկ կա կանխակալ մոտեցում վարույթն իրականացնող մարմնի կողմից, որը հայտարարվեց զինդատախազի շուրթերով, ապա չեմ կարծում, որ այդ հանցագործությունը կբացահայտվի այնպես, ինչպես ընկալում է հասարակությունը»,-Panorama.am-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Փոստանջյանը’ պատասխանելով հարցին, արդյո՞ք իշխանություններն այդքան կամք կունենան պատժել մեղավորներին: Ընդդիմադիր պատգամավորը վերլուծել է իրավիճակը և եզրակացրել. «Այս պահի դրությամբ հավատ ներշնչող քննություն չենք տեսնում»:

Մեկ այլ աղբյուր’ Aravot.am-ը գրում է, որ անդրադառնալով վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությանը, Փոստանջյանն ասել է, որ այն պետք է ընդունել հաղորդում հանցագործության մասին:

 Զարուհի Փոստանջյանը նշել է, որ եթե այն, ինչը տեղի ունեցավ խորհրդարանի դահլիճում, թատրոն չէր, այդ փաստաթղթի մեծ մասը բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից պետք է վերնագրվի «հաղորդում հանցագործության մասին» եւ ուղարկվի դատախազություն:

Մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալներ. «Հովիկ Աբրահամյանն ինքն է խոսել թալանչիների մասին, ուստի նրանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,-նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում