«Անուշի» սկզբնահնչումը պե՛տք է կայանա Թումանյանի ու Կոմիտասի համար հոբելյանական տարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Համոզված է կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը
Ամռանը ՀՀ կոմպոզիտորների միության դահլիճում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական նվագարանների եւ երգեցողության» ամբիոնի ուսանողները Մարգարիտ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչեցրին Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով կոմպոզիտոր Արաս Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը (Անուշ՝ Հռիփսիմե Աղաբաբյան, Սարո՝ Սուրեն Գեւորգյան, Թումանյանի խոսքը կարդաց Վասո Փիլոյանը):
Այս առիթով կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանն «Առավոտին» ասել էր. «Կոմիտասի նետած ձեռնոցը մեր օրերում վերցրեց հենց Արզաս Ոսկանյանը, որի ստեղծագործությունների՝ կոնցերտների, կանտատների, կվարտետների, վոկալ եւ խմբերգային շարերի՝ Նարեկացու «Աղոթքը», Քուչակի «Սերը», Սեւակի «Լույսը» եւ այլն, պետական մրցանակի արժանացած «Պատարագի» լեզվամտածողության հիմքում հայոց մոնոդիկ երաժշտական մտածողությունն է: Ավելի քան քառասուն տարի առաջ իր ուսուցչին՝ Ռոբերտ Աթայանին տված խոստումն այսօր իրականություն է դարձել»:
Կոմիտասյան Անուշի ձեռագիրը
«Առավոտի» հետ զրույցում Արզաս Ոսկանյանն ասաց. «Ռոբերտ Աթայան անմրցակից կոմիտասագետի, Կոմիտասի գործունեության մանրակրկիտ հետազոտողի, Վարդապետի՝ արխիվային նիրհում գտնվող շատ ստեղծագործություներ վերհանողի, կորած համարվող ստեղծագործությունների հայտնաբերողի համառության եւ ջանքերի շնորհիվ էր, որ մեզ են հասել կոմիտասյան «Անուշի» մասունքները»:
Արվեստագետը մանրամասնեց նաեւ, որ 19-րդ դարի վերջին Կոմիտասը տարվեց Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա օպերա ստեղծելու գաղափարով, ստեղծվեց պոեմի գլուխգործոցներից «Ասում են ուռին», «Ախ Անուշ, Անուշ», «Ասում են մի օր ես օրորոցում», «Ախ, ես գիտեմ, որ բախտ չունեմ», «Բարձր սարեր», «Անցվորի երգը», «Շնորհակալ եմ, անցվոր ախպեր», «Տեսեք, տեսեք», «Բերում են հրեն» եւ մյուս երգերի եւ արիաների մեղեդիական տարբերակները՝ առանց նվագակցության, նաեւ մի քանի ժողովրդական ծիսակարգային երգեր հարմարեցվեցին Թումանյանի խոսքերին:
Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, որ Թումանյանը ցանկանում էր «Անուշը» հնչեցնել հենց ազգայի՛ն նվագարանների նվագակցությամբ, հայոց երգեցողության դպրոցին տիրապետող երգիչների կատարումներով, հայեցի հնչողությամբ երգչախմբով: Կոմպոզիտորը հավաստիացրեց, որ ժամանակին Աթայանի հորդորով է, որ ձեռնամուխ է եղել կոմիտասյան «Անուշի», իր խոսքով՝ նորակերտմանն ու ամբողջացմանը: Դեռեւս
1970-ականներին այս օպերայի պատառիկները հնչել են հայաստանյան հեռուստատեսությամբ, որտեղ Անուշի դերերգը կատարել է Արաքս Մանսուրյանը, Սարոյինը՝ ինքը՝ Արզաս Ոսկանյանը: Հարցին, թե ինչո՞ւ տասնամյակներ անց միայն իր կողմից ամբողջացվեց օպերայի տարբերակը, կատակեցինք նաեւ, թե գուցե ծրագրել էր վերջնական պարտիտուրը ավարտին հասցնել Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան հոբելյանական տարում, պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Զբաղված էի ժամանակի թելադրանքով հայրենասիրական երգերի ստեղծմամբ. գրեցի «Հայոց բանակ», «Արցախապատում», «Անկախ դարձած հայ ժողովուրդ» եւ այլ ստեղծագործություններ: Մինչ օրս ավարտին չեմ հասցրել դեռեւս 1987թ. սկսած լարային 5-րդ կվարտետը… Կոմիտասն ու Թումանյանը բոլոր ժամանակների համար են, բայց, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ «Անուշի» սկզբնահնչումը պե՛տք է որ կայանա, ինչու ոչ, մեր մեծերի ծննդյան հոբելյանական տարում»:
Կոմպոզիտորն ասաց նաեւ, թե հոկտեմբերի 7-ին «Անուշը» կներկայացվի Դիլիջանի արվեստի քոլեջի դահլիճում, ապա «կշրջի» այլ մարզերով:
Հետաքրքրությանը, թե օպերայի կատարումը վստահել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլին, Արզաս Ոսկանյանը ընդամենը հայտնեց․ անսամբլը օպերայի լավագույն կատարողը կարող է լինել:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում