Հայելին արտացոլում է ապրած տարիները

Հայելին արտացոլում է ապրած տարիները

Մարդը լույս աշխարհ է գալիս, անցնում կյանքի որոշակի ճանապարհով, կերտում այն ուղին, որով ցանկանում է անցնել ու ապագայում հայտնվել այնտեղ, որն ամենահոգեհարազատն է: Ցանկանում է դառնալ իր գործի նվիրյալ մարդ, պիտանի մասնագետ իր ընտրած ոլորտում: Այս ամենից առաջ՝ մարդուն տրվում է դաստիարակություն, ներարկվում որոշակի արժեքներ ընտանիքի, շրջապատի կողմից ու, ամենամեծ դերը խաղում են հոգևոր գիտելիքները: Դրանք ամրապնդում և կերտում են մարդու տեսակն ու որակը: Նպաստում՝ ամեն օր սեփական թերությունների վրա աշխատելուն:

Վերջերս զրուցեցի մի պապիկի հետ, ով փողոցին հարակից այգում նստած լուռ նայում էր իրեն՝ ձեռքի փոքրիկ հայելու մեջ: Երբ հարցրի, թե ինչո՞ւ է այդքան երկար նայում հայելու մեջ, պապիկը պտտվեց դեպի ինձ, խորը հոգոց հանեց ու պատասխանեց. «Արդեն կյանքիս մայրամուտին եմ մոտենում, աղջիկս, իսկ հայելի միշտ ինձ մոտ պահում եմ, որովհետև այն լավագույնն է արտացոլում ապրածս տարիները: Երբ տխուր եմ լինում, հայելու մեջ սկսում եմ փնտրել դրա պատճառները. ամեն ինչ մարդու դեմքին կա գրված, միայն թե պիտի խորանալ ու տեսնել: Երբ բարկանում եմ, նորից բացում եմ հայելին ու նայում ինձ՝ փոփոխություններ նկատում դեմքիս ու հասկանում, որ մենք ենք փոխում մեզ ու հայելին ամենևին մեղավոր չէ. իմ հայելին երբեք չի կոտրվել, որովհետև ես ինքս էլ իմ մեջ չեմ կոտրվել՝ անկախ հանգամանքներից:

Հորս տված դաստիարակության արդյունքն եմ՝ քարի պես ամուր լինել, չգիտես, թե որտեղից կհարվածեն: Ես մեծացել եմ մի տանը, որտեղ գրադարակում միայն մի գիրք կար՝ Աստվածաշունչը: Հայրս ինչքան էլ հոգնած լիներ, զբաղված լիներ, միշտ ժամանակ էր գտնում ինձ համար Աստվածաշունչ կարդալ: Վստահ էր՝ մարդուն միայն դա է անհրաժեշտ: Հոգևոր արժեքների ու գիտելիքների ուսուցումը ամենաբարձր նշաձողի վրա էին դրված:

Լիլիանա Օսիպյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում