Վահան Սաղաթելյան․ Օձը
Նմանատիպ
Սև հորից, սև մորից ծնվել ես հաստատ,
Սիրտդ սև է, բախտդ սև է, գույնդ սև.
Սև ես, էլ կսևանաս դու դատաստանին,
Հոգիդ պիտի սատանաները տանին:
Ջիվանի
Երբ Մանուկը թթի ծառից թռավ ու սարսափահար ճչաց, երբ ճիչը պայթեց ու կալմեջ արած պարագծեց դիմացի ծառն ու թուփն անգամ, երբ թվաց, թե մտքի բացառիկ մի սևեռում պահի մեջ փշրելու էր օտար պատկերի ամեն մի հնարավոր ուրվագիծ, այդ պահին ահա, զգայական շիկացման այդ թունդ պահին Ջիվանիկի աչքերի առջև եկավ ու հորեղբոր կնոջ պատկերն ուրվագծվեց: Իրենք Չիչխանի ձորում` թթի ծառի վրա, հորեղբոր կինը իր տանը` իր առտնին հոգսին, հորեղբոր կինը հետմիջօրեի ինչ-որ մի խորշում ինքն իր անեծքի մեջ տապակվող չորություն, բայց ահա, իր ջղաձիգ խորքում ճաքճքող ձայնը ականջներին դեռ նոր հասած, հուշի բնազդն իր մեջ թել տվեց ու գնաց շուլալվեց հորեղբոր կնոջ չոր կերպարանքին: Այդպես անընդհատ ու միշտ էր եղել. որտեղ ճիչ ու ավերում` հորեղբոր կնոջ պատկերն այնտեղ` կախված լուսանկար: Խեղճի՞ ասենք, ջրատարի՞ ասենք, նախախնամության քմահաճույքով այս արևի տակ իր քայլը վեհերոտ չափման մեջ ներքաշածի՞ ասենք` երազանքի բացված մի շող որտեղ ցոլար` սատանայի նրա կերպարանքը չանչավորված դեմառաջ էր գալիս բախտի կողմից զարկվածին: Այդպես էր եղել, որովհետև այդ կինը սարսափից ծնված ու սարսափ ծնող արարած էր, որ միշտ ու ամեն տեղ որբի գլխին սարսափի կայծակ էր եղել: Չարությունն այդ կնոջ սրտում թանձրանում, դառնում էր թունավոր մաղձ և ծանր, թշնամի թաթի հետ անակնկալ ու անառիթ իջնում էր տղայի անպաշտպան գլխին, հատկապես գլխին, անպայմանորեն գլխին, որպեսզի արթուն միտքն այնտեղ դեռ թափ չառած մարեր, որպեսզի արև չտեսած որբ ծիլը անարև էլ չորանար` իր լակոտների ստվերոտ թիկունքում… Որբի գլխին հասնողն է բամփելու, որբի ճակատագիրը հասնողն է տնօրինելու` իր նպատակների շահադիտակ հեռուներում նրա անունն ու կենսագրությունը զրոյով շրջանակված կերպի մեջ ներքաշելու գայթակղությանը տրամաբանական արդարացում տալու համար, իսկ երբ դիտավորությունն է սևեռվում մաղձոտ թափով, ուրեմն պիտի համարել, որ ջուրն ակունքից է պղտորվել: Այդպես եղել ու այդպես լինելու էր, մինչև… Մինչև գերեզմանների ծրարված լռություն…
Խոհն ու զրույցը, սակայն, վաղվա օրվա քունջերում էր պտտվելու, խոհն ու զրույցը գուցե թե վաղվա ժամանակների պարապությունը ցրեր, իսկ այդ պահի նյարդն ահա մեկեն ու առանց նախաբանի շիկացավ: Սարսափի գրգիռներից Չիչխանի ձորի լռությունն աջ ու ձախ ամեհի թափով թրթռաց ու ճաք տվեց: Ձայնը ծալ-ծալ տարածվեց ձորի երկշուրթ բացվածքում ու բախվեց-փշրվեց ձորապռնկին կպած ժայռի դեմերեսին: Հետո արդեն ակնթարթից փախած տագնապը իրական գործողություն էր. ճնճղապարսի պես խառը խմբերգով ձայնավորված ու ծառը երանությամբ պաշարած տղերքը լռության մեկ ակնթարթի մեջ թռան-կաթեցին ճյուղերից ու կալմեջ արին տագնապի լիցքը. «Հը՞, ի՞նչ եղավ…»: Պատասխանն առայժմ ընդամենը ձեռուոտի, դողացող շրթունքների ու սարսափից ցցված կզակի շարժում էր` սալքարի կողմը: Ու տղերքը բնազդի եռանդով մղվեցին դեպի փակ գաղտնիքը: Ժամանակի չափման այդ կետից սկսած, լռությունը խտացավ և, թվում էր, ուր որ է իր մեջ խուլորեն պատյանավորվելու է, բայց Մանուկը վերագտավ խոսելու ընդունակությունը, և այդ պահի համար զգուշացումը դարձավ լռության խզման կետ. «Օձը,-ասաց ու ցնցվեց ոսկրահաս սարսուռով,- մոտիկ չերթաք, շատ է խոշոր»:
Օդն ասես մեկեն խտացավ ու սեղմվեց: Ամպը բռնեց արևի դեմը, թմբի վերևի տափարակում կապած ձին խրխնջաց, արծիվն իր խաղաղ պտույտից կտրվեց ու սրընթաց իջավ դեպի իր գաղտնի սևեռումի հեռուները, և Հակոբը ջղաձիգ մի շարժումով շրջվեց ու գնաց դեպի արկածի գայթակղություն… Թփերի խորքում կորավ ու նորեն հայտնվեց` երկճյուղ ծայրով մի փայտ ձեռքին: Եվ ձգված, սևեռուն գնաց դեպի սալքարը: Ժամանակ ասածը հիմա անասելի պրկվել, մազի հանգույն ճոճվում, իջնում էր ածելու շեղբին: Խուճապի նախնական թափը մարել էր, արկածի եղունգը դարձել էր կախարդական հայելի` աջ ու ձախ պսպղում, շուրջբոլորը սարսափ էր սփռում: Ու արտացոլքի մեջ տղերքը կախարդվում էին: Հակոբը կանգնեց սալքարին դեռ չհասած, շրջվեց ետ նայեց և ծանր, ջղաձիգ ժպիտը դեմքին` նա մի պահ կարծես արկածախնդրի քանդակ լիներ: Քարերը ձեռքներին` տղերքի վտառը թիկնապահ շղթա կազմել, վտանգի առջև պատրաստ կանգնած էր: Հակոբը դարձյալ սկզբնական դիրքին շրջվեց ու որոշում կայացրածի վստահ քայլերով դեպի սալքարը գնաց: Թաթերի վրա, փափուկ, անկշիռ մոտեցավ, սալքարից որոշակի հեռավորության վրա կանգնեց ու նորից ետ` տղերքին նայեց: Հիմա չէր ժպտում, դեմքը մի տեսակ սպիտակավուն ձգվել, երկարել էր: Այդպես դիարանի աշխատակիցների դեմքերն են ժամանակի ընթացքում կերպափոխվում հանգուցյալների դեմքերի հանգույն, սակավարյունության խորշակն է այդպես խփում-խանձում Աստծո կողմից արարվածի դիմագույնը: Նկարի պես պատկեր լիներ ասես` խելագարության շեմափայտի գլխավերևում շրջանակված: Բայց արկածախնդրության հրահանգն արդեն տրված էր, և Հակոբը դարձյալ շրջվեց սալքարի կողմը: Խորը շունչ քաշեց, ինքն իր մեջ պրկվեց, փայտի ծայրը մոտեցրեց, մտցրեց սալքարի տակ ու կողքի վրա կտրուկ բարձրացրեց: Սալքարն իր խլության հավասարակշռության մեջ մի պահ տարուբերվեց ապա սահեց, փախավ իր նախնական դիրքից ու… օդը մի պահ բռնկվեց-բոցավառվեց անսովոր փայլով, շրջապատի գույները անբնական բռնկումներով խտացան, և նույն պահին էլ իր ամբողջ գեղեցկությամբ ցոլաց ու խթխթաց հսկա օձը:
Հավիտենության շուրթերը դողացին ու անշարժացան:
Եվ շլացուցիչ այդ պահը ժամանակի քթից թռավ ու փշաքաղվեց: Վերևի տափարակում արածող ձին գլուխը կտրուկ բարձրացրեց ու, խոտի փունջը բերանում, անշարժացավ: Քարի վրա իջած արծիվը թռիչքի համար պարզած թևերն իջեցրեց ու ներքաշվեց քարե պատյանի մեջ: Տաք ապառաժի երեսով վազող մողեսը ընթացքը կտրուկ սանձեց, կանգնեց, մի ոտքը բարձրացրեց ու գլուխը թեք պահած` քանդակվեց, դարձավ ապառաժի մի մասը: Գետից ջուր խմող մասրենին կեղևի տակ սեղմեց ջրատար երակներն ու ձուլվեց փշոտ լռությանը: Եվ փշաքաղված պահի մեջ զնգաց ու ճաք տվեց վախի հայելին:
Օձը կծկվեց, տեսիլքի առաջ հայտնվածի անակնկալ շփոթով ինքն իր գալարների մեջ մանրիկ խշրտոցով հոսեց-հավաքվեց, և հետմիջօրեի շիկացած օդը նոսրացավ-թրթռաց հանկարծակիորեն բռնկված պաղշունչ քամուց: Հետո դարձյալ շոգ էր: Շոգ էր ու լռություն և շոգ ու լռության մեջ ինչ-որ մի կույր տեսիլք էր ուրվագծվում-կորչում մարդ-օձ դարավոր թշնամանքի թանձրույթում, և օձն իր մեջ զգաստանում էր: Սառն ու զգոն, արյան մեջ տրոփող վաղնջական իմաստությամբ օձը գլուխը դանդաղ բարձրացրեց, ու տղերքը սրվեցին: Օձի մաշկն ասես վրձնահարվածներով նախշած` փայլում-ճտվտում էր լույսի մեջ: Ու լույսը թունավորվում էր: Ու տղերքը փշաքաղվում էին: Առայժմ վճիռ չկար, զուտ բնազդի նախնական խաղ էր ու հմայումի կախարդանք: Այդ հետո էր, որ սթափությունը գործողության պարտադրանք դարձավ: Օձը ձգվեց գալարների վրա և հպարտ գլուխը վեհորեն ետ գցած, երկճյուղ լեզուն խաղացնելով, նայեց արձանացած տղերքին: Ներփակ, անշարժ պատկեր էր. տղերքը` թունավոր խաղի մեջ կամովին ներքաշված թիմ, օձը` իր գոյության թիկունքին կանգնած թունավոր սառույց:
Օձը առաջին անգամ չէր հանդիպում մարդու, նախշուն մաշկով հսկա օձի կյանքում մարդու հետ հանդիպման պահեր էլի էին եղել, բայց մի տեսակ հպանցիկ ու թեթև էին անցել` դու քո, ես իմ ճամփի ճամփորդն եմ, արի փորձանքը մեզանից վանենք` համր պայմանով ու հանդուրժող վարքով: Այս մի հանդիպումը, սակայն, բացահայտ ու դավադիր երանգ ուներ իր մեջ, և օձը, համենայն դեպս, թույնի երակը բաց պահեց:
Մնացածն ասես հին պատկերի կրկնություն լիներ. մտքի մեջ փախուստի աջ ու ձախ արահետներից ամենակարճն ընտրելով, օձը գլուխն իջեցրեց, սկզբում մի տեսակ խաբուսիկ ծորալով, ապա կտրուկ ու միանգամից քշեց դեպի թփերի կողմը: Հակոբը տեղում զսպանակվեց, թռավ ու փայտը ձեռքին կանգնեց օձի դիմաց: Առայժմ ապահով ու անվտանգ հեռավորության վրա: Օձը դարձյալ հոսեց-հավաքվեց ու սողքի մեջ ֆշշացրեց դեռ անչար: Ու այդ ընթացքում մտածում էր, իր սառը հաշվարկում հնարավոր զարգացումների ողջ գունապատկերն ամբողջացրեց և իբր հաշտվողական` կատակ էր արեցինք` վարքը փափկացրեց, կծիկը դարձյալ քանդեց ու թվացյալ հանգստությամբ սողաց ուրիշ ուղղությամբ: Հակոբը լրիվ էր ներքաշվել հմայումի խաղում` նորից զսպանակվեց ու թռավ, և այս անգամ օձը ընթացքը դժվարությամբ, շա՜տ դժվարությամբ սանձեց, գլուխը ծանր բարձրացրեց ու Հակոբին նայեց իր իսկական` օձային հայացքով:
Այդ պահից սկսած վտանգի լեզվակը տագնապալի թրթռաց ու կախվեց իրական սպառնալիքով:
Գլուխը հպարտորեն ետ գցած` օձն սպասում էր: Եվ դարձյալ մտածում ու ջանում էր մազի աննկատ ու թեթև ճշգրտությամբ տարանջատվել իր շուրջն հյուսվող թշնամանքից: Բայց սպառնալիքը չափազանց էր բացճակատ ու մերկամկան, և թույնի առաջին կաթիլը եռաց ու մղվեց դեպի ատամի ծայրը: Երկճյուղ փայտը ձեռքին` Հակոբը մոտենում էր, և ժամանակը բարակում ու հոսում էր ասես ավազի միջով: Թունավոր խաղը գնալով ահագնանում-շիկանում էր: Հակոբը մոտեցավ, երեք-չորս քայլ հեռավորության վրա կանգնեց, ու դյութվածի նման աչք-աչքի նայում էին: Ասես նայում էին կախարդական հայելու, և կախարդական հայելու արտացոլքում Հակոբը նոր միայն զգաց, որ արյունը երակներում պաղում է: Նենգ ու դավադիր զսպվածության և այդ հեռավորության վրա սպասումի ամեն մի ավելորդ ակնթարթը մահածին կարող էր լինել, Հակոբը քայլ արեց գնալու, բայց նույն պահին էլ ոտքը մտափոխ ետ դրեց ու փայտի ծայրը մոտեցրեց օձի դնչին: Օձը կտրուկ ետ տարավ գլուխը: Փայտի ծայրը մոտենում էր, ու օձը կեռվեց, ավելի ետ ընկավ: Խաղն արդեն չափազանց էր լրջացել, սա արդեն խաղ էր կրակի հետ, ձորում ափեափ զարկվող հեղեղի հետ և այդ խաղը տանուլ տալու հավանականությունը կերպարանք էր առնում իր իսկ հունը քանդելով: Բայց այլևս անդիմադրելի էր խաղի մեջ ներքաշվածների գայթակղությունը, և կախարդական փայտիկը տրվեց նախախնամության ձեռքը: Իր գալարների վրա մանգաղված օձը դեռ համբերատարությամբ սպասում էր: Փայտի ծայրը վտանգի սահմանն անցել ու մոտենում էր, և օձը անսպասելիորեն կրակվեց: Կրակվեց, խփեց փայտի ծայրին ու նորեն ետ թռավ: Օձը սխալվել էր, չարությունն ավերիչ թափով ներսում թրթռաց ու մինչև վերջ բացեց թույնի ծորակը: Օձը սևեռվել նայում էր Հակոբի ուղիղ աչքերին, և այդ դավադիր հմայումի խորքերում եռում ու մանրամասն թանձրանում էր թույնը: Օձը սևեռվել, ուզում էր բռնել Հակոբի աչքաթարթը և աչքաթարթի մեջ խոցել: Եվ այստեղ ձին դարձյալ խրխնջաց, արծիվը թռավ քարի վրայից, մողեսը բարձրացրած ոտքն իջեցրեց, վազեց մտավ ժայռաճեղքը, Հակոբը աչքերը թարթեց, և օձը կրակվեց… Եվ նույն պահին, ասես պայմանավորված, տղերքի շպրտած քարերը կարկտի նման թափվեցին օձի գլխին: Խաղն այլևս խաղ չէր, և բացահայտ թշնամանքի ոլորտում վրեժը ելավ խոլապարի: Օձն իր շուրջը գալարվելով դարձյալ հավաքվեց և այդ ընթացքում անընդհատ գլուխն էր պահում, գալարների մեջ գլուխը հարմար թաքցնելով մտածեց և անելիքը մտքում ճշտած` թվացյալ անճարակությամբ տղերքին խաբեց ու մկանի թուլացման այդ խաբկանքում էլ կրակվեց դեպի Հակոբը: Չգոյության միջնորմը մի պահ թափանցիկ ճոճվեց Հակոբի աչքերի առջև, ժամանակը խտացավ չարագուշակ, բայց բնազդը լրիվ էր արթուն, ու կողմնորոշումը միանգամից հստակվեց. Հակոբը շուռ եկավ, թափով ոստնեց, և նույն պահին Ջիվանիկի շպրտած քարը կպավ օձի ուղիղ գլխին: Քարը կպավ և ոխակալության վաղնջական բնազդը ակնթարթային բռնկումով արդարացում ու համոզմունք դարձավ Ջիվանիկի մտքում.
Օձին մի հավատա, միամիտ արդար,
Գլուխը ջախջախե որտեղ որ տեսար.
Անպիտան սողունը թող չապրի երկար,
Քանի որ դաժան է, գիտի վնաս տալ:
Քարը անխղճորեն ճիշտ էր կպել, և վրեժի թափը փշրվել էր օձի եռանդում: Առաջին թափի կասեցումը, սակայն, դեռ պայմանականորեն էր ավարտի սկիզբ, և օձն իր մեջ հավաքվեց միտք ու մկանի ողջ պաշարով: Գործողությունների նման ընթացքը թեպետ հուշում ու օձային վարքը իմաստնությամբ էր չափի բերում, բայց վայրագորեն սաստկացող ցավն արդեն վրեժխնդրության հրահանգ էր, և օձը գնաց նոր գրոհի: Գնաց ատելությամբ, իր նախնիների կիսատ մնացած վրեժով ու օձային տոհմի ողջ չարությամբ, բայց դա այլևս նախախնամության շեմին ուխտ գնացող մարմնի կույր թափ էր, որ ընդամենը ճիշտ շպրտված մեկ քարով սանձվեց: Ցավն այժմ սուր չէր, մանր ցոլանքով ասղնտում ու կարծես գալիս էր մի ուրիշ օձի մարմնից: Գալիս ու մարում էր իր աստիճանաբար մթագնող ուղեղում: Եվ խուլ թմբիրի մեջ այդ ծեծված, այդ հանձնվող մարմինն իր ներսում դեռ կուտակում ու եռացնում էր թույնի վերջին պաշարները: Բայց դա ավարտված կիրք էր, ընդամենը պարպված մարմնի ճիգ էր, որ վրեժխնդրության հովտից սկսվում ու կես ճանապարհին մարում էր:
Ձին հիմա կանգնած էր գլուխը բարձր ու անշարժ, արծիվն իր պտույտն ավարտել ու այս անգամ իջել էր մոտակա բարդու կատարին, մողեսը դարձյալ շրջվել ու գլուխը դուրս` նայում էր ժայռաճեղքից, և ժամանակն անասելի լարվածությունից քրտնում էր: Եվ տղերքը կաշկանդվում ու խեղճանում էին մի տեսակ օտար չափման մեջ: Եվ օձը մեռնել ուզեց… Ամեն մի շնչավոր թրթիռ ու իր մեջ հոգի կրող ամեն մի արարած նողկանքի թանձրույթով նրանից արագորեն օտարվում էին, գոյության մեծ տոնահանդեսում խամրում էին շրջապատի գույները, խամրում էր արևի լույսը, խամրում էր ապրելու կիրքը, ու օձն իր բաժին կյանքը չուզեց ապրել ու մեռնել ուզեց: Մանրիկ դողով նախ պոչը շարժեց, բերեց, դանդաղ ու մանրամասն փաթաթեց վզին ու… ձգեց, ձգեց ցավով, տառապանքով, վերջին ճիգով… Ակնագնդերը բների մեջ մեծացան, օղակները ահագնանալով սեղմվում-նեղանում էին, թմրությունն աստիճանաբար բռնում, կաշկանդում էր ջիլ-մկանների խաղը… Հետո տիեզերական խլություն իջավ, և օղակները դանդաղ բացվեցին…
Նվազ, անճար, ինքն իր շնչից քարացած լռության մեջ տղերքն սպասում էին. նրանց մեջ դեռ դավի կասկած կար` խորամանկում է: Բայց օձի քրքրված մարմինն անշարժ էր, ու Հակոբը սիրտ արեց մոտեցավ: Փայտի ծայրով պոչը զգույշ մի կողմ քաշեց ու փշաքաղվեց. օձի աչքերը բներից դուրս էին թռել, վիզը անհավանական չափով բարակել էր ու հսկա, նախշուն մարմինը պարպվել էր կենդանության վերջին գրգիռներից:
…Հետո տղերքը ձորից ելել ու իծաշարուկ գնում էին: Լուռ, գլխահակ, աշխարհից հավաքված ու իրենք իրենց մեջ: Հեռվից նայողին կթվար, թե հուղարկավորության թափորից պոկված ծվեն է ճոճվում ձորապռնկին:
Եվ դա վերջն էր, պատմության ավարտը: Վերջի ամփոփ մոլորությունը գուցե թե վաղվա օրվա մեջ խղճի վրա ծանրացող քար դառնար, տղերքի ներփակ տնքոցներում գուցե թե հուշը տեսիլքի պատկերով ուրվագծվեր, բայց դա ընդամենն ավարտված պատմություն ու հուշի վերապրում էր լինելու, իսկ Ջիվանիկի համար…
Իսկ Ջիվանիկի համար, այդ օրվանից սկսած, ժամանակը շրջվեց, իր ընթացքի մեջ ագուցվեց ու գնաց ուրիշ հունով: Եվ ուրիշ թանձրացումով, ուրիշ խոսք ու ծալքով, մի տեսակ խաբկանքի անակնկալի բովանդակությամբ: Այդ օրվա պատկերն աչքերի առջև անընդհատ թարմ ու տեսանելի, այդ օրվա պատկերը հուշի ողնաշարից պոկվում-գալիս, մանրամասն առ մանրամասն հստակվում, թել առ թել տարանջատվում շուլալվում էր հորեղբոր կնոջ ոտուփեշին, փաթաթվում ձգվում էր ողնաշարն ի վեր` ամբողջանում էր և համաձույլը դառնում էր միասնական ու տապալող մի սարսափ` կախված հուշի և իրականության սահմանագլխին: Ու սկսվեց կերպարանափոխությունը… Հորեղբոր կինը աչքերի շամփրող ատելությամբ պտտվում, գալիս ու ընթացքի մեջ հանկարծակի կերպարափոխվում դառնում էր նախշուն մաշկով հսկա օձ… Ու գլուխը գալարների վրա բարձրացրած` նայում էր ասես գեհենի խորքից: Նայում ու թունավոր սարսափ էր սփռում աջ ու ահյակ, նայում ու քրքրում-քանդում էր տղայի ոսկրածուծի շաղախը: Ու օրը կիսվում էր. ցերեկը դառնում էր փախուստի արահետ, գիշերը` իր խորհրդավորության ծալքերում հյուսվող մղձավանջ: Ու ելք չկար, փախուստի որևէ արահետ չէր նշմարվում. օձը սողում էր օրերի միջով, սողում էր տղայի մտքում, սողում էր երազում, սողում ու անընդհատ մոտենում էր: Հետո մի տեսակ կայուն ու վերջնականապես նույնացան` կինն ու օձը: Ու գոյացավ մեկը` Օձակինը: Եվ հայտնվեց անկրկնելին ու բացառիկը` Կինօձը: Ու քայլքը փոխվեց սողքի, սողքը փոխվեց քայլքի, ու քայլասողքը արահետվեց զավեշտի հովտում… Բայց պատկերի մեջ գերիշխողն օձն էր, որ սողում ու մոտենում էր արթուն վրեժով` թույնի երակը բաց, պաղարյուն գալարումով… Բայց ամեն անգամ մազապուրծ մի ելք դեռ գտնվում էր, արթուն մի նյարդ թրթռում ու ամեն անգամ փրկության մի շավիղ բացում էր, մինչև առեղծվածային այն օրը, երբ…
Այդ օրը դեռ առավոտից էր իր խորհրդավորության մեջ թնջկվել. հարյուր տարեկան Հերմոն տատը, մահվան մահճում աչքերը բացել, իր Արուս աղջկան ասել էր. «Իմըս հեչ, իմըս անցավ, այդի Բենկոյենց ղարաչու գործերն են գեշ. քիչըմ առաջ սատանեքը եկել, հարցուփորձ կենեին: Սատանեքը լավ բանի համար ինչի՞ պիտի գան…»: Ճամփորդի տաք ու պաղ քրտինք կապած անհուսության մեջ, վախվորած-անմիտ ժպիտի չնշմարվող շողով զարմացել, ասել էր. «Էս ի՞նչ օյինբազ կյանք է. մեռնելու մեջ էլ լրջություն չկա»: Ու պատի կողմը շրջվել, հոգին ավանդել էր:
Անակնկալ աղբերգության շամփրոց չէր ու տարիքն առած կնոջ անարցունք ավարտ էր, որ իր խորք ու բնույթով բանականության փափուկ շրջագծով պիտի ամփոփվեր, և հենց բոթի այդ թեթևությունն էր պատճառը, որ նրա վերջին խոսքն ասես ավելի շուտ էր ընթացք վերցրել, ու Բենկոյենց հարսի դատավճռի լուրն իր մահվան լուրից առաջ էր թևավորվել: Թևավորվել ու դարձել էր դատավճռի անձնագիր: Ճամփորդի դատավճռի անձնագիր: Եվ լուրը երբ թիրախին էր հասել, մաղձը նրա մեջ ջրիկացել ու դուրս էր եկել ափերից: «Էս ինչ անբռնվելու կրակ են, որ չափ ու սահման չունին, հոգեվարքի մեջ անգամ թարախ ու թույն են,- իր հասցեին Հերմոն տատի վերջին խոսքը լսել ու փրփրել էր Բենկոյենց հարսը,- դագաղի կափարիչի տակ անգամ ձեռքերը քարին կը տանին` վերջին պահին մեկի աչքը հանելու համար, մահվան զառանցանքի մեջ անգամ իրենց մեջ թույն կը եռացնեն. կերթաս, ջհանդամը երթաս,- ասել էր,- գոնե չքվելուց առաջ ողորմի տալու սիրտ թող մարդկանց, որ վերջին մե բուռըմ հողը վրեդ անեծքով չը ցըկեն»: Անեծք, այսինքն, անմեղի չքմեղանքով իրենից վանել ու ուրիշին էր հասցեագրել` ողորմի տալու բարեպաշտ մեծահոգությունն իր անմեղ կրծքին որպես շքանշան պահելով: Ողորմի տալու բնույթն, իհարկե, ապրողների մեջ արճիճի ծանրությամբ պիտի չափակշռվի, բայց ողորմի տվողը նախևառաջ ողորմի վերցնելու վաստակն էլ պիտի ունենա: Երկնքի մեծ հաշվարկների սարդոստայնից զատված: Ու ապրածով հաստատված: Իսկ վաստակի վկայագիրն էլ թեպետ երկրի վրա է գրվում, բայց վերջնափուլում երկնքում է վավերացվում: Կույր, անըմբռնելի մտաթնջուկ էր հյուսվել, ու գյուղն ընկղմվեց մոլորյալ ցնորքի ճահճուտում. Հերմոն տատին թաղել ու տագնապի լարվածությամբ սպասում էր: Իսկ սպասումն էլ իր լարվածության մեջ չբորբոսնեց. ընդամենը վեց օր հետո, երեկոյան, ձեռքը հացին մեկնած Ջիվանիկի վրա հորեղբոր կինը ակիշ էր շպրտել. իր համար թեպետ զայրույթի մարման թիրախ, բայց դա ընդամենը չարության սևեռումի անհաջող փորձ էր եղել, որովհետև ձեռքը դեռ օդում հանկարծակի թուլացել, կացնատված ճյուղի պես կողքից կախվել էր: Զորավոր միջնորդության միջանկյալ մի ալիք շամփրել, մի կողմը լրիվ փայտացրել էր, լինելիության վկայաթելերն անսպասելիորեն խճճվել էին, ու նա անկողին էր ընկել: Հերմոն տատի յոթնօրեքին նրա Արուս աղջիկը երևակայության տրվել ու բոթի կանչով հեռու տեղից եկած իրենց բարեկամուհուն գունազարդումով պատմում էր. «Ախչի, էդ կնիկը երեք օր անընդհատ մե ձենիմ բոռար կը, կողնքին մեջը գալարվիր ու տեսիլքների թնջուկներում հոլի պես պտտվիր կը: Ես չեմ տեսել, տեսնողներն են պատմել: Երեք օրվա մեջ սարսափը չանչավորվեց ու սարդոստայն կապեց գյուղի գլխին: Չորրորդ օրն առավոտյան գյուղի վրա մե անսովոր սև ամպըմ կախվեց. ես էդ մեկը իմ աչքով եմ տեսել: Ու երթալով թանձրացավ: Կեսօրվա կողմին ամպը հանկարծակի ճեղքվեց, խորքում երևաց կարմիր հրահեղուկի կուրացնող մե շերտըմ, ու հենց էդ ժամանակ էլ նա հանելուկ դարձավ. կսե` դուռը ներսից փակել ու բոռար կը. «Պոչավոր անտերներ, հեռու մնացեք ինձնեն, ինձնեն ի՞նչ կուզեք, հեռու մնացեք»: Կսե` ինչ-որ մե պահիմ ձենի տարածման ուղղությունը փոխվեց. ինքը ներսը, բայց ձենը գիտես տը դըրսեն թափ կառներ, ծավալվիր կը: Էդեվ ինքը էլի ներսն էր, բայց ձենը հիմի երկնքեն կը լսվիր. «Ինձի բաց թողեք, ո՞ւր կը տանիք, ծուռպոչ անտերներ, բաց թողեք ինձի»: Ձենը ողբի պես տարածվավ, բարկնալով հեռացավ ու մարեց: Էդեվ երկնքի էդ կուրացուցիչ շերտում սև, գալարուն մե հետքըմ նշմարվեց, մե պահըմ թրթռաց ու կորավ էդ հրահեղուկի ցոլքերում: Ու ամպը պռունկներն իրար բերեց:
Եվ լռությունը մանանայի պես երկնքեն իջավ…»:
Աչքի տեսածն ու մտքի արձանագրածը իրենց խղճին թողնենք ու զուտ երևույթն արձանագրենք. այդ օրվանից նահապետական գյուղում մի տեսակ խորհրդավորության թմբիր գոյացավ: Ահուդողը ողջ գյուղով մեկ լուսնոտի վարքով ծավալվեց ու նախապաշարմունքի պատյան ներքաշվեց. մարդիկ մեկմեկու բարևում ու նայում էին երկնքին, միմյանց տուն գնում, ժամերով զրուցում էին, բայց իրար չէին նայում, նայում էին դուռ լուսամուտին, մարդն ու կինն անգամ իրենց ամուսնական մահճում մեղքի հեռավոր դողով էին վերմակի փեշը ետ տանում… Բայց թե զորեղ է հոսող ջրերի բնազդը. ժամանակը ռետինի տակ ներքաշեց նախապաշարմունքի եզրագծերը, օրերը հուշամաքրվեցին հոգսի խորշակներում, և Ջիվանիկի մեջ երկվության տեսիլքը դարձյալ ջնջվեց ու մնաց օձի կենտ մեկ պատկեր, որ երազում սողում ու վրեժի իր լքված հովտում թույն էր եռացնում: Ու պատկերը մտավ տևականության ոլորտ. օձասողքի կուրորեն երևացող պատկերը երազների թափուր խորշերում թափառում էր մի տեսակ արթուն ներկայությամբ ու միաժամանակ` մշուշոտ-տեսլական: Ու դարձավ երազների մշտարթուն ուղեկիցը, մտավ ժամանակի երակն ու ձգվեց տարիների միջով: Ջիվանիկը հետո արդեն քայլը պնդացրած այր էր, անվան փաղաքուշ երանգը տարիների հետ ջնջվել էր ու անհայտ Ջիվանիկը դարձել էր համբավավոր Ջիվանի, բայց երազի մեջ օձը դեռ գալիս ու սողում էր հին վրեժով: Դա օձի տառապանքի արթուն վերհուշն էր, որ ժամանակների մութուլույսից անդին ձգված իրական տեսիլքը դարձնում էր մռմռացող վերք, և սողքի գալարուն կախարդանքում տրոփող հին ցավը գիծ առ գիծ ջնջում էր ժամանակի հետքերը, և որպես հմայումի ցոլքով արթնացած թարմ պատկեր, գալիս ու դաջվում էր մթնող օրվա գունատ դեմքին: Ժամանակն իր պոչն ու գլուխն իրար բերում և տեսանելի մանրամասներով արթնացնում էր ցավի ու վրեժի չբթացող մորմոքը: Ու սողում էր օձը, մանրիկ խշրտոցով ինքն իր գալարների մեջ հոսում-հավաքվում էր ու, պատեհ մի պահի, անակնկալ կրակվում… Ամբողջ մի հավիտենություն ասես լցված էր օձի սողքի գալարուն հրճվանքով. արշալույսները վերջալույս էին դառնում, վերջալույսները հալվում էին յոթ սարերի թիկունքներում, անձրևներ էին մաղվում` թախծի շշուկով, հողմեր էին պտտվում` վայրագ ու շառաչյուն, բայց օձը նույն համառությամբ սողում էր: Քառասուն տարի համբերատար ու սևեռուն սողաց: Քառասուն տարի շարունակ օձի թշնամի թափը սանձվեց պատահականության, թե նախախնամության կույր բնազդով: Քառասուն տարի հետո, այնուամենայնիվ, Թիֆլիսի իր բնակարանում, երազի մեջ օձը խայթեց Ջիվանուն: Քնաթաթախ ու սարսափահար Ջիվանին շտկվեց, նստեց անկողնում, ու աչքը կպավ պատուհանին. դեմքը ապակուն հպած` հորեղբոր կինը դրսից նայում էր:
Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում