Սա սովորական շոու է. Արամ Մանուկյանը` ՎՊ հաշվետվության մասին

«Իշխանի բերած թվերը շատ լավն են, բայց երրորդ արարը կլինի՞, կպաժեն, թե՞ ոչ»,- այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հռետորական հարցադրում արել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Panorama.am-ի փոխանցմամբ` Ա. Մանուկյանը նշել է, որ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն արդեն երեք տարի է՝ նման բացահայտումներ է բերում խորհրդարան, բայց ո՞վ է պատժվում: Արամ Մանուկյանի խոսքով՝ սա սովորական շոու է՝ երեք արարով՝ հայտնաբերել, հրապարկել և պատժել կամ չպատժել:

Բայց մի բան Մանուկյանը հասկանում է’ համակարգը կքանդվի, եթե որոշեն համատարած պատժել: Նրա խոսքով, թաղի խուժանը, ով մասնակցում էր այս ընտրություններին, ստանում է իր ուզածը և խուսափում հարկերից: «Այս համակարգում հնարավոր չէ վատ երևույթների դեմ պայքարել, համակարգը կփլվի: Երկուսին ժերտվա են տալիս, բայց մյուսներին ասում են՝ արի այստեղ, ես գիտեմ քո դոսյեն, կվարվես այնպես, ինչպես ես եմ ասում»,- իրավիճակը ներկայացրել է ընդդիմադիր պատգամավորը ու շարունակեց. «Սա բուրգ է, բուրգի կառուցվածքն այնպիսին է, որ մեկը կարող է կանգնել, բուրգի հոգեբանությունն այնպիսին է, որ մնացածը կարող են պառկել: Բուրգում կանգնած մարդը որոշում է բուրգում պառկած մարդկանց բոլորի ճակատագիրը: Ժերտվա կարող են լինել բոլորը, սկսած երկրորդից, երրորդից»:

Մեկ այլ աղբյուր Aysor.am-ը գրում է, որ Մանուկյանը ցանկություն է հայտնել պաշտպանել վարչապետին: «Երեկվանից մի ցանկություն ունեմ՝ պաշտպանել վարչապետին: Ստեղծված վիճակը հո՞ վարչապետի կամքով չի: Համակարգն է այսպիսին»,-խոսելով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Բոլոր բնագավառներում, ըստ պատգամավորի, գործը շարունակելու համար անհրաժեշտ է կեղծել:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի արձանագրած աղմկահարույց խախտումներին, Ա. Մանուկյանն ասել է, որ համակարգը կքանդվի, եթե հանկարծ նրանք որոշեն վերջնականապես բացահայտել հանցագործությունները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում