Սբ. Բեռնարդոս. «Իսկ մյուս իննը ո՞ւր են»
Նմանատիպ
[…] Մեր օրերում բազմաթիվ մարդկանց ենք տեսնում, որ աղոթում են, բայց ցավոք սրտի չենք տեսնում, որ ետ վերադառնան՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու։ […] «Մի՞թե բոլոր տասն էլ չբժշկվեցին։ Իսկ մյուս իննը ո՞ւր են» (Ղկս 17, 11-19)։ Անկասկած հիշում եք, որ այս խոսքերով Տերը գանգատվում էր մյուս իննը բորոտների ապերախտության պատճառով։ Կարդում ենք, որ շատ լավ գիտեին ”աղոթել, աղաչել և խնդրել”, քանի որ իրենց ձայները բարձրացնում էին, ասելով. «Հիսո՜ւս, Դավթի որդի, ողորմի՜ր մեզ»։ Բայց նրանց պակասեց մի չորրորդ բան, որի մասին հիշեցնում է Պողոս Առաքյալը. «Երախտագիտության հայտնումը» (1Տմ 2, 1), քանի որ ետ չվերադարձան՝ փառք տալու Աստծուն։
Տակավին մեր օրերում լավ տեսնում ենք որոշ թվով մարդկանց, ովքեր Աստծուց հարատև խնդրում են այն, ինչ իրենց պակասում է, բայց նրանցից միայն մի փոքր թվին ենք տեսնում, որ երախտագետ են թվում ստացված նպաստների համար։ Սխալ չկա հարատև խնդրելու մեջ, բայց պատճառը, որի համար Աստված չի ընդունում մեր խնդրանքը, երախտագիտության մեջ մեր թերացումն է։ Ի վերջո, թերևս գթության արարք է Իր կողմից, որ անշնորհակալներին մերժում է այն, ինչ խնդրում են, որպեսզի նրանք է՛լ ավելի մեծ խստությամբ չդատվեն իրենց ապերախտության պատճառով։ […] Իր ողորմածության պատճառով է, հետևաբար, Աստված երբեմն զսպում Իր ողորմածությունը … ։
Տեսնում եք, հետևաբար, որ նրանք, ովքեր բժշկվել են աշխարհի բորոտությունից, ուզում եմ ասել՝ ակնհայտ անկարգություններից, նրանցից բոլորը չեն, որ օգուտ են քաղում իրենց բժշկումից։ Իսկապես շատերն են հիվանդանում բորոտությունից ավելի վատ խոցով, որն ավելի վտանգավոր է, քանի որ ներքին է։ Այս իսկ պատճառով, Աշխարհի Փրկիչն իրավացիորեն հարցնում է, թե ո՞ւր են մյուս իննը բորոտները, որովհետև մեղավորները հեռանում են փրկությունից։ Սրա համար է, որ առաջին մարդու մեղքից հետո Աստված նրան հարցրեց. «Ո՞ւր ես» (Ծնդ 3, 9)։ […]
Սբ. Բեռնարդոսի (1091-1153) «Զանազան Ճառեր» աշխատությունից, 27.
Աղբյուր՝ Mashtoz.org