Հրաչյա Թամրազյան․ Բնազանցություն
Նմանատիպ
Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանի՜ սերունդների երթ են դիտել –
Բառարմատներ – աշխարհների միջև ընկած,
Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք –
Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,
Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ –
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ
Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,
Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության: