Սերը ազատության սահմանադրությունն է
Նմանատիպ
Որտեղի՞ց է մեր մեջ այն գիտակցությունը, որ մեզնից վեր կա գերագույն մի էակ, որին մենք կարող ենք դիմել նեղության պահին, խոսել Նրա հետ սրտաբուխ աղոթքով կամ մեր դժգոհությունը հայտնել մեր կյանքի անհաջողությունների համար, թեև վերջինիս դեպքում այդ անելու իրավունքը մենք չունենք:
Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը մյուս բառերի շարքում, անիմաստ կերպով` չհասկանալով, թե ինչ Էություն է կանգնած այդ բառի հիմքում: Եվ իսկապես, մենք հաճախ այնքան անգիտակցաբար ենք արտաբերում Աստված, Հիսուս Քրիստոս անունները:
Մենք օգտագործում ենք այդ բառերը իբրև խոսքի երկրորդական համեմունք, այնինչ դրանք խոսքի աղն են և մեր հանապազօրյա հացը:
Մարդը, ինչպես հարկն է, պետք է ճանաչի Աստծուն, որպեսզի կարողանա վստահել Նրան, իրապես կարողանա վայելել աստվածապարգև այս կյանքի հնարավորությունը ու, խելամիտ կերպով այն ապրելով, շահի հավիտենականը:
Աստված, Ով Ասաց, և ամեն բան եղավ, Ով ամեն բան ստեղծեց ու հաստատեց Իր Խոսքով, այսօր շատ հաճախ պարզապես մի բառ է, մարդկային խոսքի ոչ պարտադիր բաղադրիչ. Աստծո անունը անտեղի արտաբերելը մեծ մեղք է:
Սարսափելի է, երբ մարդուց արհեստականորեն կտրում են իր անցյալը և վերջինիս տրամաբանական շարունակություն ապագան` վերացնելով մարդուն` որպես իր սեփական անցյալն ու ապագան կապող ներկա, և անհատին են կցում ցանկացած սկիզբ ու ծագում` փորձելով մարդկության պատմության անիվը շեղել դեպի մեկ այլ` վտանգավոր ու կորստաբեր գալիք: Երբ տունկը կտրում են արմատից, նրա բնականոն աճը և զարգացումը այլևս անհնար է պահպանել նույնիսկ ծայրաստիճան խնամքի դեպքում: Այսպես, մարդու ծագումը կտրելով իր աստվածազարմ արմատից, մարդկությանը պատվաստեցին պրիմատների դասին: Ահա թե որքան կարևոր է ճանաչել մեր սկիզբը, արմատը, ծագումը, անցյալը և ապրել, սնվել այն «հողից», որտեղ տնկվել ենք (մարդը իրեն պետք է զգա այն սերմի նման, որը դրել են հողը, որպեսզի հետո տնկեն այնտեղ, ուր պետք է):
Մենք հավատում ենք Աստծուն և գիտենք Նրա գոյության մասին, որովհետև Նրա էության մի մասնիկի կրողն ենք, որովհետև Նա պատվեց մեզ խոսքով, անձնիշխան կամքով, ստեղծելու և արարելու շնորհով և բարին, ճշմարիտն ու կատարյալը գնահատելու կարողությամբ: Եթե սովորական մարդը կարող է իրեն թույլ տալ բողոքել Աստծուն իր անհաջողությունների համար և Նրան անարդար համարել, ապա քրիստոնյան ճանաչում է Աստծուն և գիտի, որ Աստված արդար է, և նրա դատաստանները ուղիղ են (Սաղմ. 118;137), Աստված բարի է (Մարկ. 10;8), Աստված Սուրբ է և մեզ էլ սրբության կոչ է անում. «Քանի որ գրված է. Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»: (Պետրոս 1;16): Հիսուս Քրիստոս ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց» (Հովհ.13;34), ուրեմն կա Աստծո մի անուն, որ առավել է բնութագրում Նրան. Աստված սեր է: Սերը կրքի վանդակում բանտված անհույս թպրտացող զոհ չէ, ինչպես կարծում են շատերը, այն մարդկային և աստվածային սրտերը կամրջող ու կապող հզոր ուժ է: Սերը ազատության սահմանադրությունն է, իսկ ազատությունը` լոկ բարոյականության (պարտք, պարտականություն, պարտավորություն, պատասխանատվություն, ամոթ) իրավունքը: Բարոյականություն բառի արմատը «բարի» բառն է: Այն, ինչ Աստված ստեղծել է Իր խոսքով, բարի է և գեղեցիկ, իսկ չարը հենց այն պատճառով է «չար», որ արարված չէ Աստծո կողմից: Ինչու՞ ենք այդքան շեշտում բարոյականության կարևորությունը. անզեն աչքով անգամ նկատելի է, որ վերջինս անքակտելիորեն կապված է արդարության, սրբության և, իհարկե, բարության հետ:
Աստված մարդուն ստեղծեց սիրով, ստեղծեց ազատ և պարուրեց նրան առանձնակի խանդաղատանքով ու հոգածությամբ, և արդարացիորեն ակնկալում է մեր փոխադարձ սերն ու նվիրումը Իր և մեզ նմանների հանդեպ:
Աստված սեր է, և այդ սիրո արդյունքում մենք կանք ու կարող ենք հարատևել իբրև մարդ` Աստծուն պատկերակից ու փառակից էակ:
Եկեք չկտրվենք մեր արմատներից, որպեսզի չչորանանք աշխարհային խորշակներից և չքշվենք դեպի կորուստ, այլ սնվենք կենդանի ջրի աղբյուրից և պտղաբեր լինենք Աստծո հավիտենական արքայության համար:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում