Ռուսական թատրոնը կներկայացնի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված բեմադրություններ

Ռուսական թատրոնը կներկայացնի Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին նվիրված բեմադրություններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 14-ին Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ Ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի)։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը։

Ներկայացման առաջնախաղը կայացել է 1994թ. մայիսի 25-ին։ Այն թատրոնի մեծ պահանջարկ ունեցող ներկայացումներից է։

Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։

Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված Հ. Թումանյանի 150 – ամյակին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում կա նաև բեմադրել Ա. Չեխովի «Բալենու այգին»։ Բեմադրական աշխատանքները, հավանաբար կսկսվեն 2020թ.-ին։

Թատրոնում նաև այլ բեմադրական աշխատանքներ են ընթանում։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստ. արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը։ Բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։

Կբեմադրվի մանկական Ամանորի հեքիաթը:

Ռուսական թատրոնը կմասնակցի 2 հանրապետական փառատոների՝ Գավառ, Վանաձոր։ Բանակցություններ են տարվում նաև միջազգային փառատոների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում