Վրաստանում Հայաստանի դեսպանը մասնակցել է Աֆղանստանում զոհված Գեորգի Ադամովի հոգեհանգստին
Նմանատիպ
Հունիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Գորի’ հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով զոհված Վրաստանի զինված ուժերի զինծառայող, ծագումով հայ Գեորգի Ադամովի քաղաքացիական հոգեհանգիստին: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net կայքը:
Դեսպան Մանուկյանը ցավակցություն հայտնեց զոհվածի հարազատներին և մերձավորներին, հոգեհանգիստին ներկա գտնվող Վրաստանի զինվորական գերատեսչության բարձրաստիճան սպաներին: Դեսպանին ուղեկցում էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, թբիլիսահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանը ցավակցական ուղերձ էր հղել ողբերգական միջադեպի կապակցությամբ, որում ասվում էր. «Խորին ցավակցությունս եմ հայտնում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաց զինծառայողների ընտանիքներին և հարազատներին’ նրանց ողբերգական մահվան կապակցությամբ: Կիսում եմ այս ցավն ու կորուստը վրաց ժողովրդի հետ և դատապարտում անհանդուրժողականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում»:
Հիշեցնենք, որ Վրաստանի զինված ուժերի զինվորականները ծառայություն էին իրականացնում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում: Հունիսի 6-ին մահապարտ ահաբեչի հարձակման հետևանքով զոհվել էին 7 զինծառայողներ, ևս 9-ը՝ վիրավորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում