Թալիշցիների վերադարձը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. Ծախսվել է շուրջ երկու միլիոն դոլար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում, կարելի է ասել, ավարտին են մոտենում, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Բավականին մեծ աշխատանքներ է իրականացվել, ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է, այս պահի դրությամբ չորս ընտանիք արդեն վերադարձել է», – ասաց նա:
Պետնախարարի խոսքով՝ ամբողջ թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում:
«Մենք նախատեսել ենք նաև դպրոցի, մանկապարտեզի գործունեության վերականգնումը Թալիշում, այնպես որ՝ դրանք նաև լրացուցիչ աշխատատեղեր են գյուղի բնակչության համար», – նշեց Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա վստահեցրեց՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսում են, որ թալիշցիները կվերադառնան հարազատ գյուղ:
Պետնախարարն ասաց, որ Թալիշի վերածննդի համար ծախսվել են ոչ միայն բյուջետային միջոցներից, նաև՝ Համահայկական հիմնադրամի միջոցները:
«Ընդհանուր առմամբ՝ բավականին գումարներ են ծախսվել: Կարող եմ ասել, որ մոտ մեկ միլիոն դոլար պետական բյուջեի միջոցներից է ծախսվել, մոտ այդքան գումար էլ՝ Համահայկական հիմադրամից միջոցներով, այնպես որ՝ վերականգնման ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար», – ասաց Գրիգորի Մարտիրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում