Պետրոս Դուրյան․ Սիրեցե՛ք զ՚միմյանս

Պետրոս Դուրյան․ 	Սիրեցե՛ք զ՚միմյանս

Վարդակարմիր Գողգոթային վեհ գագաթ
Միշտ փալփըլող, սիրո անշե՛ջ ճառագայթ,
Դեռ կըսպասե՞ս թափել սրտից քու սըլաք.
Զ՚ո՞վ կը հըսկես, վիհ և անդու՞նդ, թե կըմախք.
Ո՞ր սև ժայռից մեջ մարեցավ այն բեկբեկ
Բարբառն վըսեմ, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»:

Ծածկե ամպով կարմիր կողերդ, Գողգոթա՛,
Եվ թող խայտան ցավոտ ոսկերք սև Հուդա…:
Ժանգոտ ու գուլ թուրերն առին կարմիր փայլ,
Նոր կրոնին հետ արյան հեղեղն առավ քայլ…
Թնդանոթին առջի բոմբյունն խեղդեց սեգ
Զհագագըն քաղցր, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»:

Մարդազոհով Վատիկանի մըխացին
Ծխնելույզքը, կամարքը «փա՜ռք» գոռացին,
Փոխ-Քրիստոսք խաչն ըրին դաստակ կացինի՝
Սև դրոշ մը ատելության արյունի.
Դարուց մոխրեն կամ ամպերեն հուսա հեք
Զրկյալն լըսել, թե «ըզմիմյանս սիրեցե՛ք»:

Տնանկին դամբանը կ՚անհետի ոտնակոխ,
Տընակին մեջ մարի առկայծ կանթեղն հող,
Այն մութին մեջ նոթի տըղեկք կը հեծեն,
Դղյակըն խրախ մինչև լույս ջահք կը հյուծեն,
Հարուստին կառք ժխորով կ՚անցնի սըրարշավ,
Հեքին դագաղն իր գերեզմանն լուռ իջավ…:

Գեթսեմանին իջնող հրեշտակն դալկահար,
Որ գեղ, ծաղիկ, արցունք ու փառք չը ճանչնար՝
Նորա ցուրտ գոգն աղքատը սոսկ կ՚ըսփոփի,
Ճոխն ու տընանկ պատանին մեջ կ՚ըլլան մի.
Կայծակնաթև թե մըռընչեն մրըրիկներ
Թե «սիրեցե՛ք զ՚իրար», հեքն հոս չեն սիրեր։

1869

Հետևեք մեզ նաև Telegram-ում