Էստոնիայում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Էստոնիայի Լաուլասմա քաղաքի «Արվո Պյարտ» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ և մենակատար Իրիս Օյայի մասնակցությամբ, նվիրված՝ հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցում էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ և այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:
Ծրագրում ներկայացված էին Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Վլադիմիր Ակոպովի անմահ ստեղծագործությունները: Դասական երաժշտության սիրահարներին այս հիանալի նվերը հնարավոր է դարձել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնության և Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցության շնորհիվ:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Ես շատ ուրախ եմ բոլորիդ այստեղ տեսնել, քանի որ այսօր մենք նշում ենք հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը: Այս հոբելյանը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործընկերների օգնությամբ կարողանում ենք հանրությանը պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը: Մենք երախտապարտ ենք Էստոնիայի մշակույթի նախարարությանը՝ միասին աշխատելու հնարավորության համար: Սա Էստոնիայում երրորդ, բայց ոչ վերջին իրադարձությունն է՝ ի պատիվ Կոմիտասի տարեդարձի»:
Համերգից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում