Անմեղ մահապարտը

Անմեղ մահապարտը

«Դստերք Երուսաղէմի, մի էայք ի վերայ իմ, այլ լացէք ի վերայ անձանց եւ ի վերայ որդւոց ձերոց»( Ղուկ. 23:28)

Կարող եք արդյոք կենդանի կերպով ներկայացնել ձեզ այն րոպեն, երբ Մեծ Վարդապետն Իր վերջին քարոզը խոսեց, Իր այդ ահավոր ազդարարությունն արեց աշխարհին’ Գողգոթայի ճանապարհի վրա էր. նրա առջևից տանում էին խաչափայտը ամենասարսափելի տանջանք և մոտալուտ անխուսափելի մահ նկարված վրան. բայց Նրա աստվածային հոգու մեջ կատարյալ խաղաղություն էր տիրում անշուշտ. Գեթսեմանիի տագնապը վաղուց անցել էր և ամեն հաշիվ աշխարհի հետ վերջացել, մնում էր միայն հագուրդ տալ մոլորված ամբոխի կատաղի կրքերին կատարելագույն անօրենության դիմաց ամենակատարյալ արդարության պատկեր հանդես բերելով:

Կարող ենք… եթե դարերի ընթացքում եղել է մի ժամանակ, որի մէջ ամենակենդանի կերպով արտափայլեր այդ ահեղ րոպեի խորհրդավոր վսեմությունը ներկա ժամանակն է այդ՝ Գողգոթայի վրա բարձրացողը մարդկության Փրկիչը չէ այժմ, այլ Նրա թանկագին արյամբ փրկված մի խեղճ ժողովուրդ ոչ ի հարկ է այնպես անարատ ինչպես միակ անմեղն էր կանանց զավակների մեջ, բայց գրեթե նույն չափ անիրավ տեղը մահվան դատապարտված՝ Այո, մահվան դատապարտված… զուր է այլևս խաբուսիկ հույսերով մոլորվել, ողբալ ու ճիչ արձակել. աշխարհը դատապարտել է նրան և ձեռնահաս դահիճներ քաշ են տալիս անարգել դեպի Գողգոթայի բարձունքը, վերահաս մահից Ամենակալի աջը միայն փրկել կարող է, հրաշքով, սակայն կամենում է արդյոք փրկել… Թշվառ ժողովրդի չարատանջ որդիների համար մի բան միայն կարելի է ցանկանալ ներկա րոպեում հոգու այն երկնային անդորրությունը, որով Կյանքի Առաջնորդը նայում էր «ի խաչ հան» աղաղակող ամբոխի վրա. դառնության բաժակը մինչև հատակ քամած է արդեն անմահ Խաչեցյալի ճշմարիտ երկրպագուներին, փառավոր նախնիների վերջին սերունդին անվայել է արիությունը կորցնել եւ վերջին կաթիլների վրա դժկամակիլ:

«Այլ Որդի Մարդոյ երթայ որպէս եւ գրեալ է վասն Նորա. բայց վայ իցէ մարդոյն այնմիկ, յոյր ձեռս Որդին Մարդոյ մատնեսցի». վայ, արդարև վայ ասել է պետք մեզ այժմ, ոչ թե կենդանի թաղված երիտասարդների, պատառ պատառ հոշոտված քահանաների, մահու չափ անպատված կույս ու հարսների, որբ ու անտեր մանուկների, բանտերում ու պանդխտության մեջ, սովից ու վերահաս վտանգից տագնապող հազարավոր ու բյուրավոր խեղճերի այլ հեռվում ապահով նստած քրիստոնյա դատավորների և նրանց վճիռն իրագործող հերոսների համար՝ «Եթէ ընդ փայտ դալար զայս առնեն, ընդ չորն զի նչ լինիցի»: Պիղատոս իր դատաստանը վերջացրել եւ ձեռները լվացած մի կողմ է քաշվել. նա լավ գիտեր, որ անմեղի էր դատապարտում, որ փշե պսակը գլխին, ձեռները կապած մի կալանավոր թագավորության ձգտել և հասնել չէր կարող, բայց արժեր հանգիստը վրդովել մի ողորմելի նահատակի համար. ինչ վնաս թե անմեղ էր չարչարվողն ու խաչվողը, միայն երևակայելի փորձանքը հեռանար իր գլխից՝ Եվ ահա բարձրանում է նա, այդ անմեղ նահատակը, դեպի խաչի ստորոտը դեպի մահվան գիրկը, եւ խաչահանների ու անտարբեր հանդիսատես ամբոխի մեջ մի քանի լալկաններ են միայն նրան մխիթարող անզոր օգնության ձեռք հասցնելու. իրավունք չունի նա նույնպես կրկնելու այդ մխիթարիչներին. «Մի լայք ի վերայ իմ, այլ լացէք ի վերայ անձանց եւ ի վերայ որդւոց ձերոց»՝

Նայեցեք դեպի Գողգոթա, աչքի առաջ բերեք րոպեական չար ոգևորությամբ արբեցած այդ խաժամուժ ամբոխը, և դիտեցեք մեջտեղում հանդարտ քայլերով առաջ ընթացող Մահապարտին, միթե մեզանից ամեն մեկը, որ զուրկ չէ բոլորովին բարոյական, քրիստոնեական զգացումներից, հազար անգամ ավելի պետք է չգերադասեր Նրա հետ միասին դատապարտված լինել, տանջանք ու մահ ճաշակել, քան «ի խաչ հան» աղաղակողների հետ ապրել, պատվի ու փառքի տիրանալ՝ զարհուրելի է շուրջը տիրող անարդարությունը, բայց ավելի զարհուրելի մասնակցել այդ անարդարությանը, քան ենթար կվել նրան, հիրավի, եթե նախախնամությունը կամենար մեզ նորովի աշխարհ հրավիրել, ազգ և հայրենիք ընտրելու ազատություն շնորհելով ոչ ոք մեզանից չպետք է տատամսեր չարաբախտ ժողովրդի զավակ գրվելու կրկին. սրա աղետները դրսից անտարբեր աչքով դիտելը շատ ավելի անտանելի էր: Զուր չէ Պողոս Առաքյալը հանդիմանում նորահավատ Կորնթացիներին. «Ընդէր ոչ դուք զրկիք, եւ ո չ դուք առաւել նեղիք, այլ դուք զրկէք եւ նեղէք, եւ այդ զեղբայրս եւս». արդյոք ինչ կասեր նույն Առաքյալը այժմ հազար տարիներով քրիստոնեության մեջ կրթված, զորության ու ամեն իրավունքների տեր ազգերի վարմունքը դեպի իրենց եղբայրակիցները տեսնելով:

Մի քրիստոնյայի, նոյնիսկ հայ քրիստոնյայի համար ներկա րոպեում ամենածանր և նվաստացուցիչ հանգամանքն իսկապես ոչ թե այն է, որ իր հավատակիցները կամ արյունակիցները բոլորովին անմեղ տեղն արյուն են թափում, այլ որ քրիստոնյա աշխարհը կարող լինելով մի ակնարկությամբ կոտորածներին վերջ տալ և մի քրիստոնյա ժողովրդի կյանքը փրկել ու ապահովել, այդ չէ անում: Ի՞նչու որովհետև քրիստոնեությունը վերացել է նրա միջից և անունն է լոկ մնացել… օ, այդ անկարելի է. անկարելի է որ քրիստոնյա անունն այդչափ նվաստանա, որ մեր պաշտած գաղափարներն հողի հավասարվեն: Քաղաքականության կանգնած հզոր ամբարտակների ետևում բարձրանում, զայրանում, դիզվում են ահա բարոյական անկեղծ զգացման, քրիստոնեական զգացման կոհակները. ազգերի խիղճը զարթնել որոտաձայն բողոք է բառնում և արդյոք ամեն արգելք խորտակելով առաջ չի գնա և բռնավորների բազուկը չի սասանեցնի՝ երեկ չէր, որ ուրիշ հարևան ժողովուրդներ նույն վիճակի մեջ էին, մահվան դուռն հասած արդեն երբ մի ողորմած ձեռք պարզվեց հյուսիսից և արյունռուշտ դահիճն ստիպված էր կանգ առնել, իր չար խորհուրդն անգործադիր թողնել: Ինչու և այժմ, վերջին րոպեում չի պարզվի նույն փրկարար, մահարգել ձեռքը… Իսկ եթե ուշ լինի այլևս… եթե փրկության ավետաբերները ամեն կյանք խավարած և ամեն տուն ավերակ գտնեն ամեն անդաստան չոր և անընդունակ նոր պտուղներ բերելու. Տես ինչ է ասում մեր հայրերի հին Աստվածը հուսակտուր մարգարեին. «Զօր օրինակ եթէ գտանիցի ճիռ ի մէջ ողկուզոց, եւ ասիցեն. մի ապականեր զդա, զի օրհնութիւն Տեառն գոյ ի դմա, այնպէս արարից վասն ծառային իմոյ, վասն որոյ ոչ կորուստից զամենեսեան». միթե այս անգամ ոչ մի օրհնության ճիռ Նա իր այգում պէտք է չպահի, այլ թույլ պետք է տա, որ ամենքը կործանվեն …«Աստուած զօրութեանց, դարձ, հայեաց յերկնից եւ տես. այդ արա այգւոյս այսմիկ եւ դարման տար սմա, զոր անկեաց աջ Քո…«- Բայց ոչ իմ կամք, այլ Քոյդ լիցին». Ամէն:

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԷՐ-ՄԿՐՏՉԵԱՆ

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում