Հենրիկ Էդոյան. Էլեգիկ մտորումներ
Նմանատիպ
Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի
Մի ձայն ասում է – Քո տունը կարգի բեր:
Մի նկար` «Տղան մոր հետ», ստիպում է արտասվել:
Կապն աշխարհի հետ գնալով ընդհատվում է:
Կույրը մատներով
հաշվում է բացվածքները, շոշափում ոսկորները
և գլուխն է շարժում: Պոետների սիրտը
կրծքավանդակից ուրիշ տեղ է անցել, մարմնի մի այլ
մասում: Աշնան օրը կիսամերկ դողում է ցրտից,
իսկ դերձակները անցած ժամանակի
հագուստն են ձևում: Միայն կույրն է անցնում –
տեղից չշարժվելով: Քանի՞ ռումբ է պայթել հրապարակներում,
քանի՞ արևներ են բռնկվել
երկնքում, բայց երազը նույնն է, քունը՝ մշտական:
Շնորհից առաջ Աստված կուրացնում է և հետո միայն
դարձնում պայծառատես: Մի նկար – «Տղան մոր հետ» –
ստիպում է արտասվել: Այսքան ռեստորաններ
և ոչ մի եկեղեցի – (ասում էր
բանաստեղծը): Այսքան կուրություն
և ոչ մի պայծառացում: «Քո տունը կարգի բեր» –
ասում է մի ձայն: Բայց որտե՜ղ է տունը, որ նա
չի գտնում: Ո՞վ է ժամանակից
հանել ապագան: Այնտեղից՝ ոչ մի ձայն, անցյալից՝
ոչ մի շշուկ: Հուզմունքը
տեղ չունի, սոսկ փորձն է դիմադրում:
«Ես տուն եմ շտապում,- ասում էր անցորդը,- քո հարցին
հաջորդ անգամ կպատասխանեմ»: Փողոցը
ավարտվում է: Ոչ մի փոփոխություն,
թեև ամեն ինչ փոխվում է շուրջդ: Շունը դեռևս
տաք տեղ է ընտրում (ըստ բանաստեղծի):
Կյանքը ապակի է, որ կոտրվում է
թեթև հարվածից: Բայց ուր էլ լինես՝ լուսինը
զ հետ է, դու երբեք մենակ չես:
Լուսինն էլ մենակ չէ: Դու կյանքդ
մոռացել ես, բայց երազներդ լուսնի հետ
միշտ քեզ հետ են: Ձեռք մի’ տուր տիեզերքի
ծառերին փշատերև: Բոլոր պտուղները
քեզ համար արգելված են, բացի մի պտուղից,
բայց գուցե դրանից դու պիտի
կործանվես, չարգելված պտուղից:
Վերևում ամեն ինչ այնպես չի դասավորված,
ինչպես թվում է: Տասներկու հրեշտակներ
աստղերի սխալն են փորձում սրբագրել: Աստղեր
սխալը մեզ մահ է պարտադրել:
Այսքան հավերժություն –
և ո՛չ մի կեսօր: Այսքան անվերջություն – և ո՛չ մի
ոտնատեղ: Այսքան գեղեցկություն –
և ո՛չ մի մերկ հոգի:
Մի՛ մոտեցիր ինձ: Ես դեռ պատրաստ չեմ:
Փաթված թիկնոցիս մեջ
գնում եմ ընդառաջ չոր քամուն, չոր աստղերին:
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում