«Յուրաքանչյուր նույնիսկ դրական փոփոխություն շոկային է»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Ալտահար, արվեստագիտության թեկնածու ՎԱՉԵ ՀՈՎԵՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, ըստ որի՝ իրեն բանավոր տեղեկացրել են, որ այլևս չի աշխատում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Փորձեցինք պարզել՝ կա՞ արդյոք պաշտոնական ծանուցում, և ինչո՞վ է պատճառաբանվում աշխատանքից ազատելու որոշումը: «Խոսել եմ դեկանի հետ, և ինձ ասացին՝ քանի որ ուսանող չի ընդունվել, մենք ձեզ ուսանող չենք տալիս և մեխանիկորեն ազատում ենք աշխատանքից: Կարծում եմ, որ այս որոշումն ուրիշ ենթատեսք ունի, տողատակն այլ է, որովհետև կոնսերվատորիայի գործող ռեկտորը եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակից և չի հանդուրժում իմ ներկայությունը կոնսերվատորիայում:
Նրան պրոֆեսիոնալներ պետք չեն»,- ասաց Վաչե Հովեյանը, պնդելով, թե որոշումը անձնավորված է, ավելին՝ քաղաքական որոշում է: Երաժիշտը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, կարծում է՝ դա է ստեղծված վիճակի պատճառը. «Չգիտեմ՝ ինչ է կատարվում, ինձ թվում է՝ երազ է, մի օր կարթնանամ, ու կավարտվի այս ամեն ինչը: Ես պահանջելու եմ, որ պաշտոնական ծանուցում ուղարկեն՝ ինչու՞ չեմ աշխատելու կոնսերվատորիայում, հուսամ, որ կստանամ ծանուցումը»:
Հարցին՝ ուսանող չլինելը բավարար պատճառ չի՞ կարող լինել աշխատանքի ազատման համար, Վաչե Հովեյանը պատասխանեց. «Իհարկե, չի կարող լինել։ Երեք միջազգային մրցույթների դափնեկիր եմ, արվեստագիտության թեկնածու, «Արամ Խաչատրյան» լարային քառյակի վերահիմնադիր… Տարօրինակ է, չի կարելի»:
Այնուամենայնիվ, փաստ է, որ այս տարի մեծ թիվ են կազմում ընդունելության քննությունները չհաղթահարած դիմորդները: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Վաչե Հովեյանը նշեց, որ կոնսերվատորիան 95 տարի շարունակ աջակցել է երիտասարդներին, վերջին մեկ տարում ինչ-որ բան է փոխվել, չի բացառվում՝ 85 հոգու դիտավորյալ են կտրել: «Մասնագիտականից 19-20 ստացած դիմորդը չի կարող սոլֆեջոյից կտրվել, առնվազն բարոյական չէ: Կարծում եմ՝ այս ամենը միտված է նրան, որ կոնսերվատորիայի շենքը վաճառեն կամ վերջնականապես փակեն այս բուհը: Այսքանը տեսնելուց հետո հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը կոնսերվատորիա պետք չէ, պետք են «ճ կլասի» երգչախմբեր, «ճ կլասի» երաժշտական մակարդակ, պրոֆեսիոնալ արվեստը մեր երկրում չի գնահատվում»:
Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անելու՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Պատրաստվում եմ մենահամերգի, սեպտեմբերի 18-ին մեկնում եմ Եգիպտոս, մենահամերգներ ունեմ Կահիրեի օպերային թատրոնում և Ալեքսանդրիայի գրադարանի պետդահլիճում: Ես զբաղված եմ համերգային գործունեությամբ և աջակցում եմ իմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքվեցինք՝ ի՞նչ հիմնավորումով է աշխատանքից հեռացվել Վաչե Հովեյանը, և ինչպե՞ս է մեկնաբանում վաստակավոր երաժշտի այն պնդումը, թե Սոնա Հովհաննիսյանը չի հանդուրժում իր ներկայությունը կոնսերվատորիայում, թե սա անձնավորված որոշում է, նաև քաղաքական նկատառումներ կան:
Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ Վաչե Հովեյանը հեռացված չէ, նա տարիներ շարունակ աշխատել է մեկ ուսանողով, ուսանողը ավարտել է, և իր անունով այս պահին դիմումներ չկան: Եթե լինի դիմող, կշարունակի դասախոսել, եթե չլինի, գրավոր կծանուցեն այդ մասին, և արդեն, օրենսդրորեն, եթե չունի աշխատանք, չեն կարող որպես աշխատող պահել նրան: Դասախոսները, որոնց չեն ընտրում դիմորդները, ինքնաբերաբար հայտնվում են այդ կարգավիճակում:
«Նա դիտավորություն է տեսնում այստեղ, բայց իզուր,- ընդգծեց մեր զրուցակիցը, իսկ անձնավորված վերաբերմունքին, քաղաքական հայացքներին վերաբերող մեղադրանքներին ի պատասխան ասաց, որ դա շատ սուբյեկտիվ մոտեցում է, կոնսերվատորիան ապաքաղաքական բուհ է, այդպիսի բաներ չեն կատարվում:- Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե լինեն իր անունով դիմումներ, կշարունակի աշխատել»:
Այն, որ այս տարի կոնսերվատորիայի դիմորդներից շատերը կտրվել են, կապվում է ընդունելության անաչառ քննությունների հետ: Բայց ստացվում է, որ մեծապես տուժում է դասախոսական կազմը: Հետաքրքրվեցի՝ նաև սրանո՞վ է պայմանավորված, որ Վաչե Հովեյանը չունի ուսանող:
«Նույնիսկ ուսանողների ընդունելությունը չէ պատճառը: Շատ են կտրվել ջազային- էստրադային, ժողովրդական և վոկալ բաժինների դիմորդները, բայց ոչ՝ լարային ու դաշնամուրային։ Լարային բաժնի դիմորդներից ոչ մի կտրված ուսանող չունենք։ 16-ից 16-ը ընդունվել են։ Երեք դիմորդ ենք ունեցել ալտահար, երեքն էլ ընդունված են։ Ինչի՞ մասին է խոսքը,- ասաց ռեկտորը, ընդունելության քննություններին անդրադառնալով էլ նշեց, որ այս տարի աննախադեպ մի բան են նախաձեռնել. յուրաքանչյուր գրավոր անմիջապես պատճենել են ու տրամադրել դիմորդներին՝ կանխելու համար անհարկի դժոգհությունները: Արդյունքում՝ ընդունվել է 81 ուսանող, սակայն այս տարի աննախադեպ բարձր է եղել օտարերկրացիների ընդունելությունը. «Առաջին փուլով ընդունվել է 30 օտարերկրացի դիմորդ: Նաև որպեսզի մեղմվի այս վիճակը, վերականգնվել է նախապատրաստական կուրսը, և արդեն իսկ շատ դիմումներ ունենք տարբեր մասնագիտություններից: Նախապատրաստական կուրսերը վճարովի են, իհարկե, շատ ցածր, տարեկան վարձը 250 հազար դրամ է: Դա ևս մեղմում է այն վիճակը, որ, ենթադրենք, նախկինում 120-130 հոգի դիմում էր, քչերն էին կտրվում, հիմա դիմել է 145 հոգի, ընդունվել՝ 81-ը: Նաև՝ Արցախից նպատակային տեղերով եկած դիմորդները չեն ընդունվել, իսկ ընդհանուր հիմունքներով դիմած արցախցի ուսանողն ընդունվել է: Սա ևս փաստում է այս տարվա ընդունելությունների որակի մասին: Հեռակա ուսուցման հնարավորություն ենք ստեղծել: Նախորդ երկու տարիներին ընդհանրապես դիմորդ չի եղել կոմպոզիցիայի բաժնում, այս տարի 5 դիմորդ ենք ունեցել»:
Վերադառնալով բուն խնդրին՝ մեր զրուցակիցը նշեց, որ ուսանողները վճարում են և իրենք են ընտրում իրենց մասնագիտության ուսուցչին, այդպես է ամբողջ աշխարհում, և եթե որևէ մեկը չունի իր անունով դիմում, իրենք չենք կարող արհեստականորեն պարտադրել. «Մեր ավագ դասախոսները դասավանդում են ուսումնարաններում, երաժշտական դպրոցներում, մասնագիտացված երաժշտական տասնամյակներում, աճեցնում են իրենց կադրերը, հասցնում կոնսերվատորիա: Բանականաբար այդ երեխաները նրանց անունով տալիս են դիմումներ: Համեմատաբար երիտասարդ դասախոսները դա չեն անում, բայց ուզում են, որ իրենց դասարանը լիքը լինի, իրենց անունով դիմումներ լինեն»:
«Դասախոսական կազմում դժգոհություններ չկա՞ն» հարցին ի պատասխան Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Եթե խոսում ենք դժգոհություններից, ես կասեմ հետևյալը. նոր ուսումնական ծրագրեր, պլաններ են ներդրվում, յուրաքանչյուր նույնիսկ դրական փոփոխություն շոկային է, դժվար է, մանավանդ երկարամյա աշխատող համակարգի պարագայում»:
Պարոն Հովեյանը դիտավորություն է տեսնում դիմորդների կտրվելու հանգամանքի մեջ, նշում է, որ նախկինում կոնսերվատորիան մշտապես սատարել է ուսանողներին: Ըստ նրա՝ պարզապես չեն ուզում որ մեր երկրում բարձր արվեստ լինի, և այս ամենը հանգեցնելու է նրան, որ, ի վերջո, փակեն կոնսերվատորիան, վաճառեն շենքը:
Սոնա Հովհաննիսյանին խնդրեցինք պարզաբանել նաև այս տեսակետը:
«Միայն դասախոսներին ժամերով ապահովելու համար «սատարել» ուսանողներին, ընդունել թերի գիտելիքներով դիմորդների և ասել, որ դա բարձրացնում է բուհի պրոֆեսիոնալ մակարդակը, հետո էլ դժգոհել, որ ուսանողների մակարդակը անբավարա՞ր է: Սա առնվազն տրամաբանական չէ: Սա ճիշտ քաղաքականություն չէ: Բոլորովին հակառակն է հարկավոր անել, անցկացնել պատշաճ ընդունելություն և բարձրացնել բուհի վարկը, թերացողներին էլ առաջարկել նախապատրաստական դասընթաց: Ինչը և արվեց: Ի դեպ, այս տարվա առաջարկվող քննական թելադրություններն ու խնդիրները ավելի հեշտ էին, և վերջապես գնահատականների համար պատասխանատու են հանձնաժողովները, որոնց կազմի պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ դնելը պատշաճ չէ: «Իսկ կոնսերվատորիայի շենքը վաճառելու և կոնսերվատորիան փակելու մասին ենթադրությունը պարզապես անպատասխանատու հայտարարություն է: Ընդհակառակը, նախկինում վարձակալությամբ տրված տարածքների հետ կնքված պայմանագրերը դադարեցվում են, որպեսզի դրանք ծառայեն բուհի բնականոն դասընթացների կազմակերպմանը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. Խնդրի առնչությամբ փաստարկներ ու հակափաստարկներ լինելու դեպքում պատրաստ ենք լսելու և հրապարակելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում