Լևոն Ադյան․ Մանրաքանդակներ սիրո մասին

Լևոն Ադյան․ Մանրաքանդակներ սիրո մասին

ԵՐԲ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԻ
Նվիրում եմ Քեզ:
Երբ ես չեմ լինի, արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:
Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերը վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:
Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռո՜ւ-հեռու, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ, ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:
Երբ ես չեմ լինի, ոչինչ չի փոխվի. արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…
Երբ ես չեմ լինի, ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի Նրանից բացի…

1. ԵՐԲ ԴՈՒ ՉԼԻՆԵՍ
(Նրա պատասխանը՝ հեղված արցունքի միջից)
Երբ Դու չլինես, իրավ, չի փոխվի, ոչինչ չի փոխվի այս մեծ աշխարհում: Արևը կցոլա ինչպես որ առաջ, նույնը կլինի գեղեցկատեսիլ այգը երևի, և վերջալույսի հուրը կշողա մուգ հորիզոնում…
Երբ Դու չլինես, գետակը ձորում մունջ կխոխոջա՝ շոյելով գետի քարերը ողորկ, կեռնեխը այնտեղ՝ ձորի պռնկի թավուտ անտառում կերգի տրտում: Ծաղիկներն էլի առաջվա նման փթթուն դաշտերում կբուրեն դյութիչ, լորը կկանչի հասած արտերում, թիթեռնիկները՝ ոսկյա թևերով, կճախրեն թեթև՝ հուշիկ նստելով նուրբ ծաղիկներին…
Միայն ինձ համար, ա՜խ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, որբացած հոգիս կողբա թաքուն…
Եվ ձեռքերը իմ՝ անզգա, անկամ, կկարկառվեն վեր.
«Օ ՜, Տե՛ր իմ, Տե՛ր իմ, անսա անձկալի ձայնն իմ աղոթքի, թույլ տուր այն կյանքից՝ ճերմակ ամպերից ու հեռո՜ւ- հեռու երկնքից անդին, տիեզերական անհունից անծիր, վերադառնալու երկիրն այս լուսե, թույլ տուր քաղցրահունչ ձայնը Իր լսեմ, թույլ տուր, որ տեսնեմ լույսը Իր հոգու, տոչոր շուրթերով հպվեմ այդ լույսին:
Ողորմա ինձ, Տե՜ր, համակիր եղիր իմ խորունկ ցավին, ես հազար անգամ մեռնում-հառնում եմ կարոտից Նրա, թույլ տուր, որ զգամ կյանքի շունչն Իր մեջ, թույլ տուր դառնալու երկիրն այս կրկին՝ որ ծնվենք մեկտեղ, միևնույն ատեն, որ աշխարհ չգա, ինչպես այս կյանքում՝ երեսուն տարի ինձանից առաջ: Օգնիր մեզ, Տե՛ր իմ, վերստին գտնելու մեկս մյուսին, որ չբաժանվեն հոգիները մեր, ու սերը մեր սուրբ, սրտերն անապակ՝ անջատված անգութ փորձություններում, դառնան միաձույլ, մի սիրտ ու հոգի»:
…Եվ եղավ այնպես, որ գարնան մի օր, վաղ լուսաբացի արեգակնային վճիտ շողերում, մի պահ ինձ թվաց՝ Իր հոգու լույսը տեսա ես հանկարծ. ծաղկանց բուրմունքում ես պարզ լսեցի հրայրք շուրթերի շշունջը մեղմիվ, շնչառությունը զգացի ասես թարմ զեփյուռի մեջ… «Նորից ինձ հետ է, ինձ հետ է կրկին»,- մրմնջացի ես խորը վշտաբեկ՝ դառը ժպտալով արցունքի միջից…

2. ԵՐԲ ԱՐԴԵՆ ՉԿԱ, ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
Ասա ինձ, սի՛րտ իմ, երբ արդեն չկա, Նա այլևս չկա, ինչպե՞ս ամոքեմ քո ցավը խորունկ, որ չտվայտես դու սիրո համար: Ինչպե՞ս, ես ինչպե՞ս մեղմեմ զարկերդ, որ էլ չխորհես դու Նրա մասին:
Մոռանաս Նրան ու ապրես այնպես, իբր չի եղել:
Եվ իբր կյանքում ամեն ինչ լավ է ու հրաշալի, և ողջ վշտերը, տառապանքներն իմ անմիտ երազ էր, իսկ իրականում այլ է ամեն բան. սիրտն իմ չի ցավում ու չի տոչորվում կարոտից Նրա:
Մի՞թե դժվար է, որ սիրտն իմ բաբախի առաջվա նման՝ ռիթմիկ ու անցավ:
Ես հարց եմ տալիս հիշողությանս՝ ասա, ես ինչպե՞ս մոռանամ Նրան, երբ ամեն մի թարթ հիշեցնում է անմոռանալին. բերկրանքն հանդիպման ու բաժանումի արցունքներն աղի, Նրա գիրկը տաք, Նրա ձեռքերի հպումը ջերմին, տոչոր շուրթերի շշունջը այրող ինչպե՞ս մոռանամ:
Ի՞նչ անեմ, ասա, երազանքիս հետ, որ գիտեմ, երբեք չի իրականանա: Ինքս ինձանից ո՞ւր փախչեմ, ասա, որ կարողանամ Նրան մոռանալ: Ասա ինձ, օգնիր, այդ խորունկ ցավին ինչպե՞ս դիմանամ:
Ինչպե՞ս մոռանալ, երբ սիրելի ու թանկ է ինձ համար՝ ի վերուստ տրված:
Հիշողությունը չի արձագանքում, հոգիս խորովվում, այրվում է լռին, լոկ սիրտս է, որ ցավը ներս առած բաբախում է դեռ:
Անհնարին է ամոքել ցավը: Մեղմելը անգամ:
Եվ մոռանալն է անհավանական ու… անկարելի:

3. ՆԵՐԻՐ, ՀԱՅՑՈՒՄ ԵՄ, ՈՐ ՔՈՆԸ ՉԷԻ
Օ՜, Լո՛ւյս երկնային, մաքրազարդիր դու հոգին իմ լույսով քո անապական, թող ամեն մասնիկ քո սուրբ սրբությամբ օծվի հանապազ, լայնարձակ բացվեն թող թևերը իմ՝ սուրամ դեպի վեր, դեպի լույսը Իր, դեպի մոլուցքն իմ գեղեցկատեսիլ…
Ալեկոծ հոգուս խորը վիրապում այդ հրաշք թռիչքի տենչանքն է ապրում, որ երբեմնակի հառնում է հանկարծ իմ երազներում, ու օրն ինձ համար դառնում է մի թարթ, մի կարճ ակնթարթ:
Երբ որ Դու չկաս, երբ արդեն չկաս, իմ կարոտ հոգին՝ թե՛ քուն, թե՛ արթուն, միշտ Քեզ է տենչում, Քո լույսը վառման, սակայն սևակնած ամպերը դժխեմ կանգնած են մեր դեմ, հոգիս կեղեքվում, ներսն իմ այրվում է դժնյա մորմոքից:
Ներիր անզորիս՝ դիմակայելու երկնային անկամ մեղկություններին, որ իմ մաքրասուրբ հոգին դարձնում են նվաստ ու անկամ մի անէություն:
Ներիր, աշխարհի բոլոր բառերն իսկ չեն կարող պատմել տվայտանքը իմ, որ քարի պես ծանր ճնշում է կուրծքս:
Ներիր, այս կյանքում ես Քոնը չէի, որ հանդիպեցինք, ավա՜ղ, ուշացած, ներիր, սիրելի՛ս, և թող սերն իմ ջերմ գուրգուրի մեղմիվ փաղաքշանքով ու հորդորի Քեզ, որ ավելի մեծ սեր, քան որ սերն է իմ՝ ափեափ լեցուն, չկա ոչ մի տեղ:
Ներիր, հայցում եմ, որ Քոնը չէի, և որ աներկբա իմ երկրորղ կյանքում՝ կուսական, անպիղծ, Քոնը կլինեմ. սպասիր Դու ինձ:
Սպասիր, հարկավ, ու բաց մի՛ թող ինձ: Մի՛ թող աչքերս լցվեն արցունքով: Որ ես մոռանամ լույս պատկերը Քո անկորնչելի:
Մի՛ թող, որ հանկարծ սիրտս կարծրանա: Դառնա անտարբեր:
Մի՛ թող վհատվեմ ու հոգիս գնա գիրկը անհունի, ուր կանէանա աստղերի խելառ հողմապտույտում: Մի՛ հուսաբեկվիր, նաև իմացիր, որ տևական չէ մորմոքումը Քո, և քաղցրությունը գալիք թռիչքի գեղեցկահրաշ՝ կզգաս լիովին, երբ ինձ կգտնես տիեզերական հեռաստաններում…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում