Ահա ձեր մարդը՝ ձեզ
Նմանատիպ
Նախաստեղծ Ադամը տարբեր է այսօրվա մարդուց, մարդիկ տարբեր են միմյանցից, որովհետև մարդը բոլոր ժամանակներում ունի ընտրելու հնարավորություն:
«Համամարդկային» բառը գեղեցիկ է հնչում, «մարդասիրականը» նույնպես, «մարդու իրավունքները», հիրավի, պետք է պաշտպանվեն: Սակայն. ո՞վ է մարդը: Նա՞, ում արարեց Աստված, թե՞ նա, ում համար իրավապաշտպանները արյուն-քրտինք մտած դրամաշնորհներ են ստանում:
Այսօր այս հարցը առկախ է օդում պատասխանի սպասման մեջ: Իսկ կյանքը հոսում, անցնում է մեր կողքով` աննկատ ու անշշուկ, որպեսզի մեզ չխանգարի մեր կարևոր գործերում: Եվ իր գիրկն առնում է նրանց, ովքեր տենչում են իրեն, քանզի գիտեն, որ նրանով են ապրում: «Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12;2): Ի՞նչ է նշանակում` կերպարանվել այս աշխարհի կերպարանքով: Նշանակում է` կապկել, կրկնօրինակել, սեփականել և իբրև անհրաժեշտ ու պարտադիր կարգ ընդունել աշխարհի չար օրինակները, չար ուսմունքները, չար ընթացքը: Մարդը օտարված է իր հայրենի հարկից ու զրկված հայրենական ժառանգությունից: Պանդխտության այս վայրում` այս աշխարհում մենք չունենք ոչինչ հարազատ ու սեփական. մենք աշխարհին ենք օտար, աշխարհը` մեզ. «Քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ և ակնդետ սպասենք երանելի հույսին և փառքի հայտնությանը մեծն Աստծու և մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, որ Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրինությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2;11-14): Այսօրվա մարդը շատ է հեռու Աստծո պատկերից ու նմանությունից:
Այսօրվա մարդուն միայն մկնդեղ չէ, որ պատվաստում են, այլև ստրկամիտ և բնազդական վախեր, իսկ որպես սփոփանք և մխիթարություն հոգեկան ցնցումների դիմաց` առաջարկում են ժամանակ, կյանք ու էություն լափող հարմարանքներ: Մարդու բոլոր գործերը անհավատության ու անվստահության գործեր են: «Եւ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28;20): «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ» (Հովհ.14;18): «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք: Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը» (Հովհ. 14;2-4): Հիսուս նրանց ասաց. «Ես Եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14;6:21): «Ով Իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է. և ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից. Ես էլ նրան պիտի սիրեմ և Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14;21): «Եվ ինչ որ ուզեք Իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով» (Հովհ.14; 13): «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14;23):
Հավատու՞մ ենք արդյոք ճշմարտությանը և քայլեր անու՞մ ենք կյանքին ընդառաջ: Աստծուն կհասկանա նա, ում սիրտը երբևէ մորմոքվել է սիրելի հարազատի կորստի վշտից: Բայց եթե մարդիկ միշտ մի բան գտնում են` իրենց վշտից ազատվելու և սփոփվելու համար, ապա Աստված չի սփոփվում, մինչև սիրելիին Իրեն չի վերադարձնում: Նա չի սփոփվում մեկ մարդու վերադարձով, այլ կարոտաբաղձ սիրով ու գորովով սպասում է բոլորի դարձին: Երբ Պիղատոսը, քննելով Հիսուսին, Նրա մեջ հանցանք չգտավ, Նրան հանեց ամբոխի մոտ` ասելով. «Ահա ձեր մարդը` ձեզ»,- և Նա «փշե պսակ ուներ և ծիրանի զգեստ» (Հովհ. 19;5): Մարդկանց աչքում Նա մի խղճուկ թշվառական էր, այնինչ Նա Թագավորն էր թագավորների և Տերը տերերի, Նա Տիեզերքի Ճարտարապետն էր և սրտերի վերակացուն և Նա կատարել էր Իր ընտրությունը: Նա ընտրել էր իմ ու ձեր բարօրությունը, երջանկությունը, հարակայությունը, մարդի՛կ: Չարակամ ու երախտամոռ ամբոխը կարծում էր, թե վերջնականապես կկործանի Նրան, Ով նման չէր իրենց` չկասկածելով անգամ, որ Նա Իր իշխանական կամքով է հանձնվել նրանց չար սրտերին և չարագործ ձեռքերին` պատարագվելու ու սրբագործելու, նշխար առ նշխար բարություն ու սրբություն բաշխելու և Խաչի բարձունքից հռչակելու` Կատարվեց: Մենք երբեք մինչև վերջ, մինչև որ մեր առջև կբացվի հավիտենությունը, չենք հասկանա Աստծո` մեզ տված Նվիրումը: Պետք էլ չէ հասկանալ, այլ ընդամենը պետք է ընդունել վստահությամբ և երախտագիտությամբ լի սրտով:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում