«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»
Նմանատիպ
Առանձնական աղոթքը՝ սենյակում, փակ դռնով և ծածուկ կատարվող (Մատթ. 6:6), գուցե աղոթքի տեսակներից ամենատարածվածն է, բայց հարկ է հիշել, որ մարդը անհատ լինելուց բացի նաև հասարակության անդամ է: Մարդը՝ որպես այդպիսին, ինչպես իր մասնակցությունն է ունենում ընտանեկան, հասարակական և պետական կյանքին, այնպես էլ՝ որպես եկեղեցու անդամ, պետք է մասնակից լինի նաև եկեղեցական կյանքին, եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքին: Եթե ընտանեկան, հասարակական և պետական կյանքն ընթանում է երկրային տարբեր պահանջների և խնդիրների հիման վրա, ապա եկեղեցում մարդիկ միավորվում են՝ հանուն հոգևոր բարձրագույն պահանջների, Աստծո հետ հաղորդակցվելու և Նրան ծառայելու նպատակով: Հիսուս Քրիստոս ընդհանրական աղոթքի մասնակիցներին հոգևոր մեծ ուրախություն՝ Իր ներկայությունն է խոստանում. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Իսկ Պողոս առաքյալը հորդորում է Ս. Հոգով լցվել, միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսել (Եփես. 5:18-20): Գործք Առաքելոց գրքից տեղեկանում ենք, որ առաքյալները և առաջին քրիստոնյաները համախմբվում էին միասնական աղոթքի շուրջ, նրանք բոլորը միասնաբար, հարատև աղոթքով էին անցկացնում օրերը, նորադարձներն առաքյալներից հարատևորեն սովորում էին Քրիստոսի վարդապետությունը, միասնաբար տաճար էին գնում, իսկ իրենց տներում կատարում էին հացի կտրումը, որից հետո ուրախությամբ ու մաքուր սրտով իրենց կերակուրն էին ուտում և օրհնում Աստծուն (1:14; 2:1; 2:42-46):
Ի տարբերություն առանձնական աղոթքի՝ ընդհանրական աղոթքի ժամանակ աստվածպաշտական արարողություն՝ ժամերգություն և Սուրբ Պատարագ է մատուցվում: Պողոս պատրիարք Անդրիանուպոլսեցին աղոթքի այս տեսակների մասին գրել է. «Առանձնական աղոթքը հույժ օգտակար է, բայց անհրաժեշտ է նախ հրապարակայինը կատարել եկեղեցում և ապա՝ առանձնականը: Իսկ եթե որևէ մեկը ծուլության պատճառով չգնա եկեղեցի և համարի, որ առանձնական աղոթքով ազատվում է պարտքերից, մեծապես խաբվում է, քանզի եթե կա եկեղեցին, և ինքը կարող է գնալ այնտեղ, ապա զանց առնելով՝ մեղանչում է»: Իսկ Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Իհարկե տանն էլ կարելի է աղոթել, բայց դու չես կարող տանն այնպես աղոթել, ինչպես եկեղեցում, ուր այդքան մարդիկ են միախմբված և ուր առ Աստված միաբան աղոթք է վերառաքվում: Դու այնքան արագ լսելի չես լինի, եթե մենակ աղոթես, որքան, որ աղոթես քո եղբայրների հետ, քանի որ այնտեղ՝ եկեղեցում, կա ավելին՝ համախոհություն, սիրո միություն և հոգևորականների աղոթք: Ընդհանրական աղոթքի ժամանակ ոչ միայն մարդիկ են իրենց աղոթքն առ Տեր ուղղում, այլ նաև հրեշտակները»:
Աստվածպաշտական արարողության ժամանակ բացի աղոթքներից շարականներ են երգվում, որոնց մասին Ս. Հովհան Ոսկեբերանը գրել է՝ ոչինչ այնպես չի թևավորում հոգին, ոչինչ այնպես չի հեռացնում նրան երկրից և մարմնական կապանքներից, որքան եկեղեցական ներդաշնակ երաժշտությունը: Ինչպես նաև Աստծո խոսքն է քարոզվում, որը Սուրբ Պատարագի բաղկացուցիչ մասն է համարվում և ինչի վերաբերյալ Քրիստոս Իր առաքյալներին հորդորեց. «Գնացե՛ք, ուրեմն և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրե՛ք: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ» (Մատթ. 28:19-20): Աստվածպաշտական արարողությունները մարդու առջև պատկերում են քրիստոնեական կրոնի խորհրդավորությունը և մարդկանց մոտ աստվածճանաչողության ձգտում արթնացնում: Ընդհանրական աղոթքի մասնակիցն այնտեղ է, ուր չի հասնում աղմուկը, կյանքի հոգսերը և այն ամենը, որոնցով հագեցած է մարդու առօրյան: Որոշ մարդիկ եկեղեցական արարողություններին մասնակցելը համարում են պարտականություն, այնինչ այս արարողություններով մարդը հայտնվում է մի այլ աշխարհում, ուր Աստծո ներկայությունն է: Երկրի վրա ապրում է Տիրոջ մարմինը՝ եկեղեցին, ուր աստվածպաշտությամբ մարդն ապրում է աստվածային ներկայությունը: Ընդհանրական աղոթքի զորեղ լինելու մասին կհամոզվի նա, ով ոչ միայն կմասնակցի արարողությանը, այլև կապրի Աստծո ներկայությունը:
Ինչպես մարմինն է հոգու վրա ներգործում, այնպես էլ հոգին՝ մարմնի վրա: Մարդու կրոնական զգացողությունը, մտքերն ու ապրումները չեն կարող առանց արտաքին դրսևորման մնալ: Այսինքն՝ աստվածպաշտությունը հավատքի արտաքին արտահայտությունն է աղոթքով և ծեսով: Աստվածպաշտական արարողությունը կրոնի արտաքին կողմն է, ուր թաքնված է Աստված և մարդ, մարդ և Աստված հարաբերությունները: Օրինակ՝ Սուրբ Պատարագի արարողությունն ուղղված է մարդու մաքրագործմանն ու փրկագործմանը, թե՛ այս և թե՛ մյուս արարողություններն իրենց մեջ քրիստոնեական կրոնի բովանդակությունն են պարունակում: Աստվածպաշտական արարողություններով է պայմանավորված կրոնական կյանքը, առանց որի կմահանար կրոնը և չէր ունենա կենդանի ընթացք: Աստվածպաշտական արարողությունը գանձարան է, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է անգին և անկորնչելի գանձ գտնել՝ձեռք բերելով Աստծո մեծագույն պարգևը՝ Երկնային Արքայությունը:
Կարինե Սուգիկյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում