100 տարի անց հրատարակվում է Կոմիտասի պատրաստած ժողովածուն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Կոմիտասի 150-ամյակը նշանավորվում է ամենատարբեր միջոցառումներով:
Կոմիտասն այն անհատականություններից է, ովքեր թափանցեցին մարդկային հոգու խորքը, տեսան նրա տառապանքը, սերը, հույսը, անուրջը… Կոմիտասը առեղծված է: Ամեն անգամ Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին ուսումնասիրելիս բացահայտում ես նրան նորովի:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ ՄԱՐԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ զրույցում հետաքրքիր փաստեր բացահայտեցինք: Նա պատմեց մի նախաձեռնության մասին:
1903-1905 թթ. Կոմիտասը Մանուկ Աբեղյանի հետ հրատարակում է ժաղովրդական երգերի երկու ժողովածու` «Հազար ու մի խաղ» վերնագրով: Ամեն ժողովածուն ներառում էր 50 երգ: Իր գրառած մի քանի հազար երգերից Կոմիտասն ընտրել էր 100 բացառիկ նմուշ` հայությանը և աշխարհին ներկայացնելու համար։ Կոմիտասը նպատակ ուներ, բացի բանաստեղծական տեքստից, դպրոցականների համար հրատարակել նաև «Հազար ու մի խաղի» երգերի նոտագրությունը: Ամեն պրակը պիտի ընդգրկեր 10 երգ: Հետաքրքիր է, որ ժողովածուի հրատարակման ծախսերը պիտի հոգար ֆրանսիացի երաժիշտ, երաժշտագետ, արևելագետ Պիեռ Օբրին: «Հայ քնար» ժողովածուի առաջին պրակը Կոմիտասը պատրաստում է, երկրորդի վրա էր աշխատում, բայց հոնորարի հարցում Պիեռ Օբրիի հետ համաձայնությունը չի կազանում: Այդ մասին գրել է Արշակ Չոպանյանը «Հայ գեղջուկ երգը» հրատարակության առաջաբանում, նշելով, որ Կոմիտասը Պիեռ Օբրիից պահանջել է հասույթի 50 տոկոսը, Օբրին չի համաձայնել` պահպանելով 70 տոկոսը, և ժողովածուն չի տպագրվել:
Մարինե Մուշեղյանն ընդգծեց, որ Կոմիտասի պատրաստած առաջին ժողովածուի մակետը կա և 100 տարի անց վերջապես հրատարակվելու է: Կարծում ենք, որ դա հիանալի նվեր կլինի թե՛ դպրոցականներին, թե՛ երաժշտասերներին: Ժողովածուն լույս է ընծայելու «Կոմիտաս» հրատարակչությունը:
«Ինչպես հարկն է արժևորվու՞մ է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ Կոմիտասին դեռ նոր պետք է սկսեն ներկայացնել, միջոցառումները նոր են սկսվում. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության` «Կոմիտասի աշակերտները» պայմանական վերնագրով: Մենք նրանց բավարար քանակությամբ նյութեր ենք տրամադրել տարբեր արխիվներից: Գիտեմ, որ Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվելու սեպտեմբերի վերջին: Գիտաժողով էր կազմակերպվում նաև Գերմանիայում, կայացել է, թե ոչ, անկեղծ ասած, չգիտեմ: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ բավական հիմնավորապես պատրաստվում են սեպտեմբերի վերջին- հոկտեմբերի սկզբին նշելու Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը»:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում