Նարինե Աբգարյան․ Ծնողի ուղին
Նմանատիպ
Լուսանկարը՝ Աննա Դանիլովայի
Քանի դեռ երեխան փոքր է, երազում ես, որ շուտ մեծանա: Որովհետև հիմար ես, գլխի չես ընկնում, որ մեծական խնդրի համեմատ մանկականը հեչ բան է: Կյանքի առաջին չորս տարիներին վա՞տ է քնել. դրա փոխարեն հիմա չի կարողանում աչքը բացել: Շիլան ամեն անգամ ստիպված էիր պար գալով ու դափ զարկելո՞վ խցկել բերանը, կեսը դուրս էր թքում կեսն էլ վրա՞ն քսում: Դրա փոխարեն սեռահասուն տարիքում սառնարանի եղած – չեղածը մի մոտեցումով է լրիվ ջնջում: Քաղաքի ուղիղ կեսը պիտի անցնեիր, որ տանես լոգոպեդի, իսկ երեկոյան, ալամ աշխարհն անիծելով սոսնձեիր Զայցևի խորանարդիկնե՞րը [1]: Արի ու տես՝ դա ավելի հեշտ է, քան առաստաղի վրա մտքով շրջան կծկես, քանի դեռ նա ՄՊՔ [2] է հանձնում:
Երեք տարեկանում կարդալ սովորեց: Բայց դե լռում էր պարտիզանի պես: Լուռ էլ կարդում էր՝ շարժելով շրթունքները:
– Գուցե նա հա՞մր է,- հուզվում էի ես:
Լոգոպեդը ծակող – անցնող հայացքով մտածկոտ նայում էր ինձ:
– Տղաների լեզուն ավելի ուշ է բացվում, սա նորմալ բան է:
– Բա որ հանկարծ համր լինի՞:
– Ինքներդ եք համրը, – զայրանում էր լոգոպեդը:- Նայեք, թե ինչ խելացի ու գեղեցիկ աչքեր ունի: Տեսնո՞ւմ եք:
– Տեսնում եմ:
– Խնդրեմ, իսկ դուք հուզվում եք:
– Իսկ նա չի՞ շլում:
Լոգոպեդի համբերությունը հատնում էր, և նա դուրս էր ուղեկցում ինձ:
Տղաս ինքն իրեն վանկեր կազմելով, խորանարդներով երկար բառեր էր դարսում՝ շո-գե-նավ, շո-կո-լադ, ար-տու-տիկ:
Խոսել սովորեց չորսում և հետո մի երկու տարի չէր լռում, նույնիսկ քնած ժամանակ էր հարցախեղդ անում.
– Ինչպե՞ս է կոչվում ծնկի հակառակ կողմը:
– Ինչո՞վ են ամրացնում աղավնու փետուրները՝ պլաստիլինո՞վ թե՞ սոսնձով:
– Ի՞նչ է նշանակում «ակի»: Ո՞նց թե նման բառ չկա: Կա՛. երկ-ակի:
Իսկ հետո նա վերջնականապես մեծացավ: Եվ պարզվեց, որ առավոտյան հինգին տված ծնկի հակառակ կողմի հարցը ծաղիկ է՝ դեռ սկիզբը: Դրա պտուղն հետո էր հասունանալու՝ հուզվելը, թե գիշերը որտե՞ղ է նա թրև գալիս և հեռախոսազանգերին չի պատասխանում: Դռան շրջանակի մեջ նկարի պես հայտնվում է լուսաբացին՝ դեմքի անմեղ արտահայտությամբ և մի թոշնած ծաղկեփնջով:
– Անակնկալ է:
Ճշմարիտ եմ ասում ձեզ. անակնկալներով է ծածկված ծնողի ուղին մինչև գերեզման:
Եվ կարևոր է, որ զայրանալ ու բղավել չես կարող, ամեն անգամ կատակի է տալիս:
Հյուրերի ենք սպասում. ճաշացանկն եմ սարքում:
– Եթե խաղողի թարմ թուփ գտնեմ, տոլմա կփաթաթեմ: Եվ ոչխարի խաշլամա կեփեմ: Իսկ գուցե հա՞վ, կամ ձո՞ւկ:
– Մա՛մ:
– Եվ փախլավա: Փախլավա կթխեմ: Կամ էկլեր:
– Մամելե՛ [3], գուցե հանդարտվե՞ս:
-Ախր ուզում եմ, որ լավ լինի:
-Դեեներիսն [4] էլ էր ուզում, որ լավ լինի, հիշո՞ւմ ես՝ ինչո՛վ ավարտվեց:
Գնացինք խանութ մթերքի: Հեռախոսով պայմանավորվում է հանդիպել.
– Եկեք՝ հինգին, ավելի շուտ չեմ հասցնի, խանութ ենք գնում: Արագությո՞ւնը:
Արագությունը սովորական է՝ մայրս վազքով է գնում, ես՝ սողեսող:
Մայիսին ընկերների հետ Սմոլենսկի մարզ մեկնեց դերախաղի [5]: Իրերն այնպես էի դնում, ասես Էվերեստի գրոհին էր մասնակցելու: Նույնիսկ ծալովի դանակ – պտուտակահան դրեցի, մեկ էլ տեսար ինչ-որ մեկն ուզեց մի բան պտտել: Համալսարանից եկավ, դրվածի կեսն ուսապարկից հանեց -թափեց դուրս: Շոշափեց քնապարկը:
– Ջիփիէսը չե՞ս տեղավորել, ո՞չ: Դիրքդ զիջում ես, մա՛յր:
Երկար ժամանակ հիանում էր դեղարկղի պարունակությամբ:
– Հերձադանակն ես մոռացել դնել:
– Հերձադանա՞կն ինչ եք անելու:
– Եթե հերձադանակ էլ լինի՝ հնարավոր է որևէ մեկի կույր աղիքը կտրել–հանել: – Ո՞ւր է
Մարտին Լյութեր Քինգի անգլերեն գիրքը: Գիշերները տղերքի համար կկարդամ:
– Որ ի՞նչ:
– Մինչ այդ կպարզենք, թե ինչի:
Հարցնում եմ, թե բոլո՞րն են խոզի միս ուտում. ճանապարհի համար ուզում եմ խաշած խոզենու սենդվիչ դնել:
– Իգորը չի ուտում:
– Մահմեդակա՞ն է:
– Չգիտեմ, անհարմար է հարցնել:
– Անունը կարծես թե ռուսական է:
– Հետո՞ ինչ, իմ անունն էլ առանձնապես հայկական չէ:
Իգորի համար եփած – ապխտած տավարի միս առա:
Սենդվիչ եմ սարքում՝ դնելով միս, պանիր, լոլիկ, հազար, աջիկա:
Էմիլը դրանք դնում է ձեռքի պայուսակը: Հագնվում է և պատրաստվում դուրս գալ:
Եվ այդ պահին ուղեղս շամփրում է ենթադրությունը.
– Աստված իմ, Էմիլ, իսկ եթե հանկարծ Իգորը հրեա՞ է:
– Մամ, հո չես ասում, եթե հրեա է՝ ի՞նչ:
– Ախր ես տավարի միսը պանրով եմ դրել:
– Ե՞վ:
– Կաթով միս ուտելն անթույլատրելի [6[ է, դրանք անհամատեղելի են: Լսիր, թող նա բուտերբրոդը երկու մասի բաժանի և երկու անգամով՝ հերթով ուտի: Մեկը պանրով կլինի, մյուսը՝ մսով: Թեև վստահ չեմ, որ դա կարելի է:
– Գլուխ կհանենք:
Ճանապարհեցի:
Երեկոյան տեղ է հասնում ՍՄՍ – հանդիմանությունը.
«Մամ, Իգորը ռուս է, պարզապես հումակեր է»:
Հազիվ էի Սմոլենսկի մարզից պրծել, մի նոր փորձություն եկավ գլխիս: Քննությունները հանձնեց, ընկերների հետ Կարելիայի ճամփան բռնեց, որպեսզի անտառում գոյատևել սովորի և գետում լող տա: Խնդրեցի, որ ամեն երեկո հաղորդագրություն ուղարկի, թե ոնց է: Ավել բան չեմ ուզում, մի կարճլիկ ՍՄՍ և վե՛րջ: Վերապատմեցի ամերիկուհի ընկերուհուս պատմածը, թե ինչպես իր ամուսինը ընկերներով ձուկ որսալու է գնացել և իսկական փոթորկի մեջ ընկել: Քանի դեռ վայ – ձկնորսներից մեկը նավակողի վրայից սիրտն էր թափում, իսկ մյուսը տարերքի դեմ պայքարում էր վայրիվերո ու անհեթեթ շարժումներով, երրորդը կնոջը հաղորդագրություն էր ուղարկում. «Սիրելիս, առայժմ հուզվելու կարիք չկա»:
Ծիծաղում էր:
Վերելակի մոտ հուսադրեց.
– Ինձնից ՍՄՍ չսպասես, հենց հիմա էլ սկսիր անհանգստանալ:
Մեկնեցին: Մի ամբողջ օր ձայն չկար:
Երկրորդ օրը հաղորդագրություն եկավ ընկերոջից՝ Պետյայից.
«Ամեն բան կարգին է, լողում ենք»:
Պատասխանում եմ՝ սպասելով սահմանված տասը րոպեն (կարևորը հուզմունքս թաքցնելն է).
«Շատ շնորհակալ եմ: Զգույշ եղեք»:
Տանջվում եմ մտքից, թե ինչու էր Պետյան գրել, այլ ոչ թե Էմիլը:
Երկու օր էլ է անցնում: Ձայն – ծպտուն չկա: Երևակայությունս պատկերում է «Ողջ մնացածը» ֆիլմի սարսափելի տեսարանները: Հանգիստ չի տալիս միտքը, թե Կարելիայի անտառներում նրանք որտեղի՛ց ձի կգտնեն, որպեսզի փրկվեն արկտիկական սառնամանիքից, որն ամեն վայրկյան կարող է վրա տալ հուլիսի կեսին:
Սպասում եմ միչև երեկո և ՍՄՍ ուղարկում Պետյային.
«Դուք էդտեղ ո՞ղջ եք: Ինչո՞ւ Էմիլը չի գրում, հեռախոսն է կորցրել, թե՞ խիղճը, թե՞ էն էլ՝ էն էլ»:
Դողացող ձեռքով մի խղճուկ սմայլիկ եմ հարմարեցնում, որպեսզի չմտածեն, թե անհանգստանում եմ:
Ութ տանջալից ժամից հետո գալիս է պատասխանը.
«Ողջ ենք, ոչ մի բան չեմ կորցրել, ուղղակի որոշել ենք հեռախոսից հերթով օգտվել, որպեսզի սնուցումն հաստատ հերիքի»:
Ի դեպ, կարող էի դա ինքս էլ գլխի ընկնել:
Եթե ուզում ես ամբողջ կյանքում քեզ դեբիլ զգալ, որդի ծնիր:
Թարգմ. Կարլ Յալանուզյան
[1] Զայցևի խորանարդիկները – ընթերցանության ձեռնարկ
[2]ՄՊՔ- միասնական պետական քննություն
[3] Մամելե – հրեական խոհանոցի հումուս
[4] Դեեներիս – ամերիկացի ֆանտաստ գրող Ջորջ Մարտինի (ծնվ. 1948 թ.) «Սառցի և Կրակի երգը» մատենաշարի կերպարներից
[5] Դերախաղ – ընտրվում կամ հորինվում է որևէ դրվագ, խաղում են ըստ դերաբաշխման
[6] Ըստ հրեական Կաշրութի՝ կանոնագրքի, որը հիմնված է Թորայի և Թալմուդի վրա, նույնիսկ թույլատրելի սնունդը պետք է պատրաստված լինի որոշակի կանոններով
Աղբյուր՝ Granish.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում