ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին կխոսեն դեսպանները

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մասին կխոսեն դեսպանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարում է, որ դիվանագետների փորձագիտական մի խումբ պանելային քննարկման ընթացքում կկիսվի իր գաղափարներով «Միացյալ Նահանգներ-Հայաստան. Ժողովրդավարական ռեֆորմներ և ԱՄՆ աջակցություն» թեմայի վերաբերյալ՝ երկուշաբթի, 2019թ.-ի սեպտեմբերի 16-ին Վաշիգտոնում կայանալիք Համագումարի Ազգային քարոզչական կոնֆերանսի ժամանակ:

Խոսնակների թվում են. Ջոն Էվանս, ով ծառայել է Հայաստանում ԱՄՆ դեսպան 2004-2006թթ., Ջոն Հեֆերն, ով ծառայել է Հայաստանում ԱՄՆ դեսպան 2011-2014թթ.՝ նախքան 2017թ.-ին ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար նշանակվելը, Ռուբեն Շուգարյան, ով ծառայել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան 1993-1999թթ. և ԱՄՆ-ում Հայաստանի գործող դեսպան Վարուժան Ներսեսյան:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ դեսպանների այսպիսի առանձնահատուկ խումբ մասնակցելու է մի միջոցառման, որը, վստահ եմ, հիանալի պանելային քննարկում է լինելու»,– հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Քարոզչական կոնֆերանսի գլխավոր խոսնակն է Դեյվիդ Բոհիգյանը` Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) նախագահի պաշտոնակատարն ու գլխավոր գործադիր տնօրենը (CEO): Նրա քննարկման թեման է «Հայաստանում տնտեսական զարգացումներ և ներդրումներ»: Բոհիգյանը ադմինիստրացիայում ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ամերիկահայ պաշտոնյան է և անցյալ տարի պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: OPIC-ը տարիների ընթացքում օգնել է Հայաստանում բազմաթիվ նախագծերի ֆինանսավորմանը:

Այլ պանելային քննարկումները ներառում են «Կրոնական ազատությունը Թուրքիայում ու Մերձավոր Արևելքում» և «Քարոզչության կարևորությունը»:

հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ը տեղի կունենան հանդիպումներ կոնգրեսականների հետ, որոնք կավարտվեն Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները փառաբանող կոնգրեսական տոնակատարությամբ Կոնգրեսում:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում