Բազում են փորձություններն ու գայթակղությունները մեր կյանքում
Նմանատիպ
Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ (Հռոմ. 8:31)։
Քրիստոս սիրեց մեզ և Իր անձը մատնեց մեզ համար որպես Պատարագ և անուշաբույր Զոհ: Աստված մեզ հետ է… Ի՞նչ կա ավելի հուսադրող, քան այս հավատքը:
Առաքյալի այս խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր գտնվում են վտանգի մեջ` թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր: Այդպիսիներին առաքյալը սովորեցնում է ընտրել ոչ թե այն, ինչն իրենք են իրենց համար նախընտրելի համարում, այլ այն, ինչն իրենց ներշնչում է Հոգին: Քանի որ շատ բան իրենց ներկայանում է իբրև օգտակար, բայց իրականում մեծագույն վնաս է բերում: Թեև նրանց կարող են պատահել տրտմություն կամ աղքատություն, լուծ կամ սով, մահ կամ այլ դժվարություններ, բայց Աստված ի զորու է այդ ամենը վերափոխելու դրանց հակառակին, որովհետև Նրա անբացատրելի Ուժին յուրահատուկ է մեզ համար թեթևացնել այդ ամենը և օգտակար դարձնել այն, ինչը մեզ ծանր ու վնասակար էր թվում:
Այդ պատճառով առաքյալը չի ասում, թե Աստծուն սիրողների հետ ոչ մի դժվարություն չի պատահում, այլ ասում է, որ նրանց համար ամեն ինչ բարիքի է վերափոխվում. Աստված դժվարություններն իսկ օգտագործում է դրանք կրողներին և դրանց համբերողներին փառավորելու համար, ինչն ավելի կարևոր է, քան այդ դժվարություններից խուսափելը կամ փախչելը: Նրանք, ովքեր մեր դեմ են, այնքան հեռու են մեզ վնասելու հնարավորությունից, որ կամա, թե ակամա մեզ համար պատճառ են դառնում փառապսակների, անթիվ բարիքների բարեխոս են դառնում: Այդպես Աստծո ամենագիտությունը բոլոր բանսարկությունները վերափոխում է մեր փրկության և փառքի առհավատչյաների:
Պատկերացրեք մի աշխարհ` մեղքի ու անհնազանդության պատճառով բանտարկված տառապանքի խցերում և Քրիստոսի փրկագործությամբ ազատված դժոխքից: Պատկերացրեք մարդուն, որ անհայտությունից մարմին առնելով, ամեն անգամ տագնապով է նայում կյանքին ու այդ աշխարհին, որ ամեն օրվա հետ քայլ առ քայլ մոտեցնում են նրան իր վախճանին:
Այդ ե՞րբ է աշխարհը մեզ հանգիստ խոստացել, որ այսպես ամուր կապերով կապվել ենք նրան: Երբե՛ք։ Այդ ե՞րբ է Աստված մեզ խաբելով տարել դեպի կործանում, որ այդքան հեռացել ենք Նրանից: Երբեք… Մի՞թե մենք այսչափ մոլորվել ենք: Ուրեմն, մենք բավարարվում ենք միայն նրանով, ինչ մեր աչքը տեսնում է այս պահին, բավարարվում ենք միայն նյութականն ու տեսանելին ձեռք բերելով. երբ կուշտ ենք` գոհ ենք, երբ առողջ ենք` երջանիկ ենք, երբ ունևոր ենք` հպարտ ենք, երբ աղքատ ենք` տրտնջացող ենք, երբ հիվանդ ենք` մեղադրող ենք: Իսկ երկնքի ցնծության և խաղաղության հույսն ու՞ր է: Հավիտենականության ձգտումն ու՞ր է: Մի՞թե այն չտեսնելու պատճառով կարելի է անտեսել և կառչել ժամանակավոր բաներից: Պետք չէ զարմանալ և զայրանալ իրականության դառնությունից, որովհետև մի կաթիլ դառնություն էլ մենք ենք ավելացնում ամբողջին: Պետք չէ տրվել միայնակ մնալու մտքերին և նմանաբնույթ ունայնամտություններին:
Դրանք թշնամու ցանածներն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ այնպիսի ելքեր ու միջոցներ կուղարկի, որոնք նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատենք Աստծո ներկայության մեջ ապրել: Միայն մեկ բան է անհրաժեշտ` սիրել Աստծուն անկեղծորեն, իսկ մնացյալը հետևելու է ինքնըստինքյան: Աստծո կամքն է, որ մենք հույս դնենք Իր զորության վրա և ապրենք Նրա սերը, արդարությունը, սրբությունն ու կարեկցանքը: Նա բոլոր հոժարակամ մարդկանց ասում է. «Եկե՛ք ինձ մոտ»: Նա պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք Նրան որպես մեր կյանքի Տեր, եթե անկեղծորեն ձգտենք Նրան: Նա կլինի մեր ապավենն ու զորությունը և նեղությունների մեջ մեր օգնականը: Քրիստոս Լույս է, և եթե այդ Լույսը բնակվում է մեր հոգում, խավարն ու խավարի գործերը չեն կարող մեր մեջ տեղ գտնել: Քրիստոս Սեր է. եթե այդ Սերն ամուր է մեր հոգում, այդ հոգուց չեն կարող ծնվել չար արարքներ, չար մտածումներ և խորհուրդներ: Քրիստոս տիեզերքի Արարիչն է, Ով փափագում է, որ ճանաչենք Իրեն և ընդունենք մեր հոգուց և սրտից ներս: Այդպես մենք մտնում ենք Աստծո հետ մերձավորագույն փոխհարաբերության մեջ, Աստված այլևս մեր Պաշտպանն ու Հովանավորն է դառնում: Այլևս քրիստոնյայի համար վախենալու չէ ոչ մի տեսակի թշնամի:
Այսօր էլ բազում են փորձություններն ու գայթակղությունները մեր կյանքում, որ փորձում են բաժանել մեզ մեր կյանքի աղբյուրից` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսից, Նրա լույս վարդապետությունից, Նրա բերած բարոյական կատարելատիպից, մեզ ավանդված հոգևոր-ազգային արժեքներից, ավանդական ընտանիքի սուրբ գաղափարից և այլ բնութագրերից, որոնք մշտապես եղել են մեր նկարագրի անսասան անկյունաքարերն ու հիմնասյուները: Այս ամենը մենք պիտի կարողանանք հաղթահարել` ապավինած մեր Տեր Աստծուն, այս ամենին պիտի կարողանանք դիմակայել` պահելով հավատարմությունը մեր Մայր Եկեղեցու հանդեպ: Ճշմարտություն է. եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հակառակ լինել: ՈՒրեմն, այս վստահությամբ ապավինենք մեր Երկնավոր Տիրոջը, որպեսզի հաղթանակները մշտապես մեզ ուղեկից լինեն բոլոր մեր գործերում: Հավատարիմ մնանք այս գաղափարին, ապրենք և լուսավորենք մեր կյանքը, զորացնենք այս արժեքներով մեր ազգային կյանքը. զի Աստուած ընդ մեզ է:
Տեր Պարգև քհն. ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում