Սաթենիկ Մկրտչյան․ Մի անիծիր
Նմանատիպ
Ձեռքից պատահաբար ներքև սահած ամենաբարձր որակ ու ամենագեղեցիկ բյուրեղյա մի սկահակի նման ամառնակեսի հրաշեկ մի կեսօրի մեկ վայրկյանում` ափ ի բերան թողնելով հեռու-մոտիկ հարազատներին, բարեկամներին, հարևաններին… ամբողջ մի քաղաքի` բեկորների էր վերածվել կայացած մի ընտանիք…
Եվ քաղաքն «իրարով էր եկել» մի լուրից, որն հետագայում մոտիկների մտքում ու սրտում պիտի մնար որպես ցավալի եղելության չպատմվելիք, իսկ հեռավորների` բերան-ականջ, ականջ-բերան` այդ փոքրիկ, բայց հնավանդ ու սրբազան ծեսերի ու օրենքների երկրի և դրա չափազանցված մեծությամբ քաղաք-մայրաքաղաքի` տնից տուն` իբրև հավաստի, շա՛տ հավաստի եղելության. «…ախր, ես իմ աչքով տեսածն եմ պատմում…», կամ.
«…մայրիկիս շենքում տեղի ունեցա՛ծ…», և էլի ու էլի. «…հարազատ քեռուս կնոջ հորեղբոր բարեկամի մոտիկ ծանոթի…»` մանրամասներում հեռանալով` ըստ պատմողի կամ վերապատմողի երևակայության չափերի լուրից…
Եվ փոքրիկ երկրի չափազանցված մեծությամբ քաղաք-մայրաքաղաքը ցնցած լուրից ուղիղ քսան տարի անց, այսինքն` ամառնակեսի հրաշեկ կեսօրին, երևի քառասունհինգ տարին հազիվ բոլորած, ամեն ինչ կորցրած և` աշխարհից աշխարհ թափառելով` ոչինչ չգտած ալեհեր մի մարդ` ծնկած նոր փակված մարդակուլ փոսը ծածկած ծաղկեպսակների ու առատ փնջերով ծաղիկների տակ կքած հողաթմբի և դրա կողքի շիրմաքարի դիմաց, դեմքի հավերժական մի «ինչու»-ով ու չտեսնող հայացքով նայում էր ոչ թե շիրմաքարի գեղեցիկ կնոջ քարացած պատկերին, այլ դրանից ներս` անհայտ ու աշխարհի գաղտնիքներից ամենաանբացատրելիի անտեսանելի կիզակետին: Նրան չէին հուզում նաև թիկունքի հետևում քայլ հեռու կանգնած ընդամենը երեք, երևի նույնպես ծեր և երևի նույնպես միմյանց անծանոթ մարդիկ, քսանամյա օրիորդը, քսանհինգամյա երիտասարդը, հեռավոր ու մշուշված մի ծանոթություն հուշող դիմագծերով, բայց բացարձակ անծանոթ յոթանասունամյա կինը…
Թե ո՞վ էր տղամարդուն կանչել կամ արդյո՞ք կանչել, և կամ ինչպե՞ս էր նա հենց այդ օրն ու հենց այդ ժամին հենց այդտեղ` որտե՞ղ և որտեղի՞ց… որտեղների՛ց հայտնվել` չէր կարող բացատրել նույնիսկ ինքը, քանզի… չգիտե՛ր: Իսկ գուցե նա ոչ մի տեղ էլ չէ՞ր հեռացել… չէ՛ր փախել իր պապերի երկրից ու ոտքով… Ոտքո՞վ, ոտքո՛վ քսան տարի անկանգ ու անդուլ չէր անցել ամենազոր խորհրդով արարված և Երկիր մոլորակ անվանված այս հողագնդի` տեսակ-տեսակ, բայց նույնական մեղքերով ծանրաբեռ ու տառապող արարածների կողքով և անընդհատ ծնկած էր եղել հենց այստեղ…
Հենց այդ օրը և հենց այդ ժամին իրենց այդտեղ հայտնվելը չէին կարող բացատրել նաև ամեն ամսվա վերջին կիրակի օրն այստեղ այցելող քսանամյա` հուշաքարի նկարի կնոջ կրկնօրինակ օրիորդն ու նրա յոթանասունամյա, նույն նկարի խունացած ու փոքր-ինչ ճմրթված պատկեր հիշեցնող տատը. այդ օրը բնավ էլ ամսվա վերջին շաբաթը չէր և ոչ էլ` կիրակի…
Եվ աղջիկը, դեռ զարմացած, հիշում էր, որ տատն հանկարծ վեր էր կացել և. «Քոռանամ ես»` շշնջալով.
– Արագ հագնվի՛ր,- էր ասել իրեն ու տաքսիո՛վ բերել-հասցրել… Ու հիմա, ափով ծածկած դեմքը ոչ թե հուշաքարին, այլ անծանոթ ու թարմ հողաթմբի՛ն` չգիտես` ում ականջին` անհասցե շշնջացել. «Քոռանա՛մ ես, իմ մանկությա՛ն, իմ պատանեկությա՛ն…»:
Երկար էր նա այդպես կանգնած մնացել ու երբ ափը հեռացրել էր դեմքից, թոռնուհին նրա այտերը թաց էր տեսել, որը թաքցնելու համար տատը թեքել էր հայացքը և… Սկզբում, քիչ է ասել անտարբեր, ապա և` կամաց-կամաց ահագնացող, քսանամյա` ոչ մի բանով չլցված և անիմանալի մի կարոտով. «…նույն քաղաքում է՛, Աստված իմ, նույն քաղաքո՛ւմ,- հայացքով գրկելով քսանհինգամյա երիտասարդին,- իսկական հոր երիտասարդությունն է»,- արձանագրել ու աչքերով կրկին շոյել երիտասարդին, որ` չնկատելով, կամ չնկատելու տալով` հուշաքարի խունացած և փոքր-ինչ ճմրթված պատկերը հիշեցնող ծեր կնոջ հայացքը, անթարթ. էլ ո՞ւմ հետ է ամեն ամսվա առաջին շաբաթ օրն «…այցելելու մորը»,- նայում էր ժամ առաջ բարձրացած հողաթմբին. «Էս ի՛նչ արիր, ա՛յ տատ…»:
Ակնապի՛շ…
Ակնապիշ հայացքով այժմ արդեն ոչ թե քիչ հեռվում կանգնած երիտասարդին, այլ քայլ առաջ` հուշաքարի դիմաց ծնկած տղամարդուն էր նայում քսանամյա աղջիկը. «Ահա թե ինչու էր տատն ամեն անգամ հինգ մոմ վառում, հինգ մո՛մ, որ կարող էին չվառվե՛լ… անժամանա՛կ»:
Անժամանա՛կ…
Քսան տարի առաջ ժամանակը ճիշտ ժամանակին եկել-հասել էր քաղաքի սրտում բոլորովին նոր ու հարմարավետ նախագծով կառուցված բարեկեցիկ ու բարձրաշխարհիկ շենքերից առաջինի դռներից մեկին, թակել այն և երիտասարդ ծնողների, ծնողների ծնողների` գրկից գիրկ անցնող` միայն թե չգցե՛ք. սիրունի՛կ, թմբլի՛կ, սպիտակամա՛շկ ու սևաչվի, սևահո՛ն փոքրիկով` հրաշք թոռնուհով հմայված տատը` մոր մայրն ասել էր. «Տեղովը աղջիկս է»,- իսկ նրա կողքին կանգնած մանկության ընկերուհին և հիմա` փեսայի մայրը, ժպտացել էր նրան ու որդուն, շիկնած հարսին, տուն մտած հրաշք թոռնուհու հինգ տարեկան` ոչ պակաս հրաշք եղբորը, մյուսներին` ա՛յ քեզ երջանկություն…
Եվ «երջանկությունը»` զարմացնելով բոլորին, բացել էր նշաձև աչքերը, նայել իրենով հիացողներին, խոժոռվել ու…
Ոտք ու ձեռք ընկած հարազատները` չկարողանալով լռեցնել «հրաշքին», բժիշկ էին հրավիրել, ով… Ովքե՛ր, ոչ մի պատճառ չհայտնաբերելով` նայել էին միմյանց, թոթվել ուսները, և հորենական տատը, մի բան հիշելով իր տատի, իր տատի տատի… մի խոսքով` տատենական դարավոր փորձից` ժպտացել էր. «Թոքե՛րն է ամրացնում»:
Եվ «թոքերն ամրացնելու, ավելին` հզորացնելու գործը» կատարելության հասցնելու համար, կտրելով նույնիսկ հարևանների քունն ու դադարը` «հրաշքը»` ուտելուց և երկու-երեք րոպեում իրեն հասանելիք երկու-երեք ժամվա քունն առնելուց անմիջապես հետո «վժժում էր մեհանգի», և այդպես… Եվ այդպես` հինգ ամիս, երբ մի օր երիտասարդ մայրիկը. «Սատկի` պրծնեմ, էլի՛,- էր ասել,- սատկի` պրծնեմ, հոգիս հանեց»,- ու դարձյալ վազել ննջասենյակ և երեխայի ձայնը հերթական անգամ կտրելուց հետո վերադարձել դեպի հյուր եկած մոր հետ խմելիք իր մեկ բաժակ սառած ու ջրալի սուրճը, երբ նորից էր ձայնը գլուխը գցել ոչ մի ցավ ու հիվանդություն չունեցող փոքրիկն ու ետ դառնալով. «Օ՛ֆ,- ասել մորը,- օ՛ֆ, մի օր սրան դուրս եմ գցելու պատուհանից…»:
Ու երևի դուրս գցվելու վախից լռած երեխան` ուրախացնելով մորն ու հյուր եկած տատին, քնել էր: Քնել էր երկար, այնքա՛ն երկար, որ զարմացած երիտասարդ մայրը շտապել էր ննջասենյակ ու ետ վազելով.
– Երեխան,- ասել` հևալով,- երեխա՛ն…,- և ապա` առաջին անգամ,- երեխա՛ս,- ճչացել,- երեխաս չկա՛…
– Ի՛նչ ես խոսում,- ապշած` տագնապել էր երիտասարդ մայրիկի մայրն ու թոռնուհու տատը,- ի՞նչ ես խոսում. ո՞ւր պիտի լինի: Հո ոտք չառա՞վ-փախավ,- ու վազել ննջասենյակ…
Երեխան չկա՛ր:
Եվ մահու չափ գունատված` նա շտապել էր խոհանոց`դեպի ձեռքերով դեմքը ծածկած ու աշխարհին անհաղորդ դարձած դուստրը, ում ձայնից վախեցած` հնգամյա որդին, իր սենյակից դեպի մայրը վազելով` փաթաթվել էր նրան ու մազերը շոյելով` աշխարհի անմեղությունը դեմքին.
– Լաց մի՛ լինի,- ասել,- ես դրան դուրս գցեցի պատուհանից…
Պատուհանի դիմաց քաշված բազկաթոռը…
Հենց այնպես նետված խոսքն արձագանքվել էր անցյալ, ներկա ու ապագա չունեցող` անսկիզբ ու անվախճան տիեզերքում և…
Եվ երիտասարդ կինը` կտրված ծառի նման… ում պիտի անուշադրի սպիրտը վերադարձներ մի իրականություն, որի մեջ ոչ մի կերպ չպիտի տեղավորվեր պատուհանից դուրս նետված, բայց ո՛չ ներսում, ո՛չ դրսում չնչին մի հետք չթողած մեռած կամ ողջ երեխան…
Եվ ոստիկանները, հարևանները, հարազատները, տատիկներն ու պապիկները, երիտասարդ հայրիկն ու ձայնն իսպառ կորցրած երիտասարդ մայրիկը…
Երեկոյան ժամը վեցին աշխատանքից վերադարձած և վազքով իրենց վերևի հարկի բնակարան հասած ու զանգի կոճակի տեղը մոռացած հարևանուհին բախել էր ոչ փակ դուռը` գրկին… առավոտյան փռած լվացքի ծրարի մեջ հայտնված և ամառնակեսի արևից թմրած ու հինգ ամսվա քնով քնած երեխան…
Եվ ձեռքերը դեպի երեխան պարզած երիտասարդ կինը չոքել էր հարևանուհու ու սեփական երեխայի դիմաց…
…Եվ «Շտապ օգնության» բժիշկներն արձանագրել, ապա և` համապատասխան տեղում`համապատասխան կնիքով հաստատել էին երիտասարդ կնոջ անժամանակ…
Եվ բնակարանի… Շենքի՛ վրա ծանրացել էր մի թանձր լռություն, որն ութ օր ու գիշեր չէր խախտվել նույնիսկ հինգ ամսական լացկան երեխայի ձայնով, որ չպիտի լսվեր նաև այնուհետև. նա արդեն լացել-վերջացրել էր իր լացը…
Իններորդ օրը փեսայի մայրը (կինը միայն տանը պիտի իր անսփոփ վշտի արցունքներից էլ դառն ու կսկծեցնող արցունքներով լվանար մանկության ընկերուհու` ոտքի մի հարվածով իրենց ամբողջ կյանքը ջուրը գցելը)` չիմանալով կամ, ի՛նչ իմանաս, գուցե և` շատ լավ իմանալով, որ ինքը խոհանոցում կաթ է տաքացնում փոքրիկի համար, բարձր ձայնով ասում էր որդուն. «Գնա՛, թող հեռացի՛ր, եթե նույնիսկ` ոչ ընդմիշտ, ապա գոնե որոշ ժամանակով… Գնա՛, ճանապարհորդի՛ր, այցելի՛ր քեզ սպասող մեր հարազատներին, մոռացի՛ր երևի մանկուց վզիդ փաթաթված ներկա վիշտդ. մայրը չէր կարող չիմանալ դստեր` գուցե և ի ծնե ունեցած սրտի արատի մասին, գնա՛, ոտքդ մի՛ կապիր… Եվ, չմտածե՛ս, ես աչքիս լույսի նման կպահեմ որդուդ…»:
Եվ կաթը… եռացե՛լ էր:
Եվ եռացող կա՛թը…
Ո՛չ. ո՛չ եռացող մեկ բաժակ կաթը և ո՛չ էլ մեկ դույլ եռացող ջուր էր լցվել մի քանի ժամում սրտի երկու կաթված տարած երիտասարդ ու ի ծնե առողջ կնոջ որդեկորույս մոր գլխին, այլ սրտին էին իջել ասված ու չասված… չասվելի՛ք` բոլոր հավերժություններում արձագանքված ու չմոռացված. «…Գնա՛… մոռացի՛ր երևի մանկուց վզիդ փաթաթված ներկա վիշտդ. մայրը չէ՛ր կարող չիմանալ…», «չիմանա՛լ…», ու. «…չմտածե՛ս, ես որդուդ…»` «որդո՛ւդ…» և ոչ թե` «երեխաների՛դ…», նաև` «ե՛ս…» և ոչ թե` «մե՛նք» բառերը…
Եվ կինն անշշուկ մտել էր ննջասենյակ ու բարուրել մերժվա՛ծ երեխային` մոր վաղաժամ մա՞հը, թե` իր որբ մանկությունը կանխազգացա՛ծ երեխային…
Հուշաքարի նկարին այնքա՛ն նման օրիորդը հայացքը վերջապես կտրեց ծնկած մարդու թիկունքից ու կրկին նայեց քչախոս ու անժպիտ տատի (և ո՞վ էր նրան իմաց տվել կամ կանչել, բայց, արդյո՞ք իմաց տվել կամ կանչել)` արցունքներով ողողված դեմքին, որ տանը շշուկով ասած ու հիմա ո՞ւմ հողաթմբին, թե՞ աշխարհի ականջին անձայն գոռացած` «Քոռանամ ես»-ով` հինգ մոմ էր վառել հուշաքարի դիմաց… Եվ ո՞վ էր նրան նաև հուշել, որ իր մանկության ընկերուհին` ըստ իր վերջին ցանկության` ոչ թե ամուսնու, այլ վաղամեռիկ հարսի կողքին պիտի գտնի իր հանգիստը…
Եվ ամառնակեսի` դեպի արևամուտ թեքվող արեգակի շողերի՞ց, թե՞ անշարժ օդի տապից` մոմերից կաթկթացող մոմե արցունքներն հանկարծ առատացան, դարձան շիթեր, իսկ հուշաքարի թիկունքի քսանամյա ծառի սաղարթներում թաքնված զեփյուռը ներքև սահեց ու հոգնած, բայց քաղցրիկ ձայնով. «Թողեք գնա՛մ»,- շրշաց:
Զեփյուռը հոգնե՞լ էր…
Թոռնուհին զգաց տատի ցնցվելը և «լսեց» անձայն, սոսկ շուրթերի ծանոթ թրթռոցով` «Բալե՛ս» բառը, որից կարծես սարսռաց ու սառեց տեղում. ո՞վ ասաց, ո՞վ շշնջաց…
Մեկ քայլ հետ կանգնած ու թափանցող հայացքով իրեն դիտող երիտասարդի դեմքի հարցականը հուշում էր, որ նա էլ էր…
Աղջիկը նայեց շուրջը. դեպի ետ` իրեն ու մյուսներին էր նայում նաև ծնկած մարդը (մի՞թե նա էլ էր լսել), որ մի պահ փակեց աչքերն ու հենվելով աջ ձեռքին` ցանկացավ վեր կենալ…
Մեկ քայլ հետ կանգնած երիտասարդն արագ մոտեցավ, և երկար ժամանակ ծնկած մարդը շնորհակալությամբ նայեց շատ ծանոթ դիմագծերով… գուցե իր չունեցած եղբո՞րը, կամ հեռավոր ու անիմանալի ժամանակներում մնացած հարազատներից ինչ-որ մեկին հիշեցնող անծանոթին և ապա` իրեն նայող մյուս անծանոթներին ու մի բան հիշելու ճիգով` կնճռոտեց ճակատը…
Տեղում դոփող վայրկյանները թուջի ծանրությամբ հարվածում էին տիեզերական ժամացույցին և ոչ մի կերպ չէին դառնում րոպե…
Միայն մենավոր ծառի սաղարթներում թաքնված զեփյուռը դարձյալ դուրս թռավ ու շտապեց դեպի թարմ հողաթմբին դեռ ծխացող խունկի բույրը, ծխի հետ միասին բռնեց այն, հասցրեց հուշաքարի պատվանդանի` մոմերի հալոցքից առաջացած «առվակին» և դրանք հրեց դեպի արևամուտ ու շրշաց` «Ներեցե՛ք»,- շրշաց` «Ներեցե՛ք,- և ապա կրկնեց,- և թողեք` գնա՛մ…»:
Հուշաքարի երիտասարդ կնոջ նկարի կրկնօրինակ օրիորդը, արդեն վախեցած, բռնեց նույն նկարի խունացած ու փոքր-ինչ ճմրթված պատկեր հիշեցնող և. «Բալե՛ս»,- շշնջացող ու իրեն վստահություն ներշնչող միակ մարդու ձեռքը, ում կկոցած աչքերով զննող տղամարդը. «Դո՞ւ»,- շշնջաց, և ապա` մեկ հավերժություն հետո` աջ` քսանամյա օրիորդին, ու ձախ` քսանհինգամյա երիտասարդին նայելով` «Դո՞ւք»` չհավատալով աչքերին, հազիվ լսելի` «Դո՞ւք»,- կրկնեց:
Քսան տարի՛… Քսան հազար տարի առաջ իրար կորցրած և իրենց միայնակ հոգիների անդաստաններից վերջապես վերադարձած ու իրար գտած և այլևս չբաժանվելու լուռ որոշմամբ միմյանց ձեռք բռնած չորս մարդիկ` դեպի արևամուտ թռչող խունկի ծխին ու շուրջը թրթռացող` «…թողեք` գնա՛մ»,- շրշյունին` իրենց սրտերի խորքում. «Դո՛ւ ներիր»` ասելով. «Գնա՛ խաղաղությամբ»,- շշնջացին, որ ձուլվեց խունկի` կապույտում հալվող ծխին…
Աղբյուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում