ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են հանդիպել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 16-17-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով լինելու է Լիտվայում, որտեղ հանդիպումներ է ունենալու Լիտվայի վարչապետի, արտգործնախարարի, Սեյմի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսկ սեպտեմբերի 17-ից արդեն մեկնարկելու է այցը Լատվիա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարարը կմասնակցի նաև սեպտեմբերի վերջին մեկնարկող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովին՝ բավական հագեցած օրակարգով։
«Նախատեսված են հանդիպումներ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով։Նախարարը մասնակցելու է մի շարք միջոցառումների, ելույթով հանդես կգա ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Անվտանգության և խաղաղության պահպանման ուղղված ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը» խորագրով բաց քննարկմանը։ Այնտեղ կանայալու է նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց Աննա Նաղդալյանը։
Հարցին, թե հնարավոր է, որ գագաթաժողովին հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, Աննա Նաղդալյանն ասաց, որ Համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ կազմակերպելու ԱԳ նախարարների հանդիպումը։
«Կողմերը հանաձայնել են, որ հանդիպում կկայանա, իսկ թե որտեղ կկայանա և ինչ ժամկետներում, բազմիցս ասել ենք, որ կա սկզբունք՝ հայտարարել համաձայնեցված կարգով»,-ասաց Նաղդալյանը։
Զ.Մնացականյանը մասնակցելու է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը։ Տեղի կունենան նաև մի շարք այլ հանդիպումներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում