Գեղարվեստական տպագրության միջազգային երևանյան բիենալեի մրցանակակիրները

Գեղարվեստական տպագրության միջազգային երևանյան բիենալեի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայտնի են դարձալ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի մրցանակակիր արվեստագետները։ Երևանյան երկրորդ բիենալեի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել՝ ժյուրիի նախագահ՝ Մատեուշ Օտրեբա (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհման (Շվեյցարիա), ժյուրիի անդամներ՝ Հերբերթ Մայեր (Գերմանիա), Լիան Էնջի (ԱՄՆ) և Սոնա Հարությունյան (Հայաստան)։

Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, մրցանակակիր արվեստագետներն են․

Գլխավոր մրցանակակիր՝ Հուի Ժանգ (Չինաստան)՝ «Հայացք դեպի լույսը-2» 2017, ստեղծագործության համար,

Առաջին մրցանակակիր՝ Ռաթանա Սուջարիթ (Թաիլանդ)՝ «Լուսադեմին․ ժամը 02։00» 2017, ստեղծագործության համար,

Երկրորդ մրցանակակիր՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)՝ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» 2018, ստեղծագործության համար,

Երրորդ մրցանակակիր՝ Սուպատանավադե Մուանթա (Թաիլանդ)՝ «Գենդերային դերերի խախտում» 2018, ստեղծագործության համար։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։

 

Ժյուրիի կողմից պատվոգրի են արժանացել՝ Թինգթինգ Չենը (Չինաստան), Թրեյսի Թեմփլթոնը (ԱՄՆ), Սադեհ Գոլրիզը (Իրան), Ժիան Սիվեի Ժիանը (Չինաստան), Թոմաս Քուսինգը (Էստոնիա), Օլիվեր Պիլիչը (Լեհաստան),Վաի Վոնգը (Հոնգ Կոնգ),Աքավատ Դեետոն (Թաիլանդ), Բրենդի Գրոգանը (ԱՄՆ), Մերի Անդրեասյանը (Հայաստան)։

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկ․ պրոֆ․ պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհել է հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Հատուկ մրցանակ էր առանձնացրել նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն տրվել է Սվետլանա Րյաբովային (Ռուսաստան)՝ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալ, Երևան 2019-ին մասնակցության համար։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը նախաձեռնել էր «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը, որի նախագահ Սոնա Հարությունյանն ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ բիենալեին մասնակցելու համար դիմել էին 1227 արվեստագետ 76 երկրից։ Միջազգային ժյուրին ընտրել է 52 երկրից 227 արվեստագետի 357 աշխատանքով։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը բաց է մինչև սույն թվականի նոյմեմբերի 7-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում