Սա հեղափոխություն չէ, սա չգիտեմ՝ ինչ է. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ցանկացած աշխատատեղի ստեղծում պետք է ոգևորի բոլորին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40։
«Դա շատ լավ է, անշուշտ, տնտեսությունն այնպիսի օրգանիզմ է, որ, այո, աշխատատեղեր էլ են ստեղծվում, բայց նաև գործողներն էլ փակվում են։ Երբ որ խոսվում է 600 հազարի մասին ու, ընդհանրապես, ցանկացած աշխատատեղի ստեղծման մասին, հիմքը երկու տեղից է գալիս. առաջինը՝ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներն են, երկրորդը՝ ՊԵԿ-ում ներկայացված հաշվառման տվյալներն են», – ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ երբ որ հրապարակումներ են լինում, շատ լավ կլինի, որ մասնագիտական կոնկրետ եզրակացություններն էլ հետը լինեն։
«Լավ, երբ որ ասում եք 600 հազար և ավելի, դա նշանակում է, որ հիմա մեր հասարակության անդամների ճնշող մեծամասնությունը պետք է գոնե իր վրա զգա չէ՞ դա, բա ո՞ւր է, ինչո՞ւ մարդիկ չեն զգում։ Սրանք հարցեր են, որոնց մատերի արանքով չի կարելի նայել», – ասաց Մինասյանը։
Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ անպայման ամեն գնով դրական զարգացում ցույց տալու մոլուցքին պետք է վերջ տրվի։
Խոսելով գնաճի մասին, մասնավորապես, որ վարչապետը հայտարարել էր՝ Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր ու կառավարելի մակարդակում է, Արծվիկ Մինասյանն ասաց, թե խորհուրդ կտա, որ ոչ մասնագետները այդքան խորությամբ չխոսեն տնտեսական մի գործոնի մասին, որը պահանջում է նաև վերլուծություն։
«Գնաճը Հայաստանում միշտ էլ եղել է կառավարելի, այլ բան է, երբ որ մենք խոսում ենք առօրյա կյանքում մարդկանց կողմից գնվող ապրանքների ու ծառայությունների իրական ազդեցության մասին ու դա համեմատում ենք գնաճի մեթոդաբանական հաշվարկի հետ», – ասաց նա։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը՝ դաշնակցական գործիչն ասաց, թե երբ խոսվում է տնտեսական առաջընթացի մասին, պետք է մոռանալ հեղափոխություն բառը։
«Որովհետև հեղափոխությունը տնտեսական զարգացման և ներդումների ներգրավման ամենամեծ խոչընդոտն է», – ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, թե այն ամենը, ինչ կատարվում է, հեղափոխություն չէ։
«Սա հեղափոխություն չէ, սա չգիտեմ ինչ է, կարելի է ասել, նույնիսկ, դեգրադացիա է, աղավաղում է, բայց ոչ երբեք տնտեսական առաջընթաց», – ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում