Այսօր կան Աստծուն գտած մարդը, փնտրող մարդկությունը և մերժող մարդիկ՝ ծուռ հայելիները
Նմանատիպ
«Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան» (Ծննդ. 1;27)։ Վկայում է Սուրբ Գիրքը:
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում հարցերի պատասխանները աշխարհի շատ իմաստուններ փնտրեցին, սակայն չգտնելով, ունայնության մեջ կորան:
Իհարկե, պատմության մեջ մնացին նրանց անունները և աշխատությունները, նրանք նույնիսկ կրոնների հիմնադիրներ դարձան, նրանք ունեցան աշակերտներ և հետևորդներ, այսօ՛ր էլ ունեն: Նրանք փորձեցին սահմանել մարդուն, ինչպես Արիստոտելը. մարդը հասարակական կենդանի է, և սահմանել այդ հասարակական կենդանու կերտած հասարակության գործունեության կերպերն ու զարգացման լծակները, փորձեցին գտնել մարդու մեջ հոգևորի և կատարյալի ակունքը, ինչպես Պլատոնը, և գծանկարել մարդու լավագույն տեսակը կյանքի լավագույն կերպի մեջ, բարոյականության` մարդուն հասու ծիրում, ինչպես Կոնֆուցիոսը. Մի՛ արա մարդկանց այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն, իսկ կարճ` մի՛ վնասիր: Փորձեցին, սակայն նրանցից մնաց միայն այդ փորձը. մարդու մեջ արգելակել հակումը դեպի անմարդկայինը, սակայն նրանք այդպես էլ չհասան ճշմարտության հայտնությանը, որովհետև հստակ չգիտեին մարդու ծագումը, որպեսզի ճիշտ սահմանեին նրան:
Նրանց բարոյական լծակները նման են անդամալույծի կոտրված հենակի, իսկ դրանց կիրառումը` սիրողական ինքնագործունեության, որի նպատակը հստակ չէ: Մարդկային կյանքը անիմաստ ու անօգուտ է, եթե չկա հավատը հավիտենական կյանքի նկատմամբ, և մարդը զուրկ է սեփական անձի կատարած գործերի հանդեպ պատասխանատվության զգացումից: Աստված, մարդկությանը Իրեն հայտնելու համար նախ մի ժողովուրդ ընտրեց, ավելի շուտ` պատրաստեց Իր համար: Նրանց տվեց բարոյական չափորոշիչներ, որ պիտի կարգավորեին մարդու հասարակական և անհատական կյանքը և առաջնորդեին դեպի հստակ նպատակ` փրկություն:
Այդ չափորոշիչները գրեթե նույնն են, ինչ վերոնշյալ բարոյախոսներինը, առաջին հայացքից` նույնիսկ ավելի պարզունակ ու «վայրենի», ինչպես հայտնի «ակն ընդ ականը», սակայն դա միայն առաջին հայացքից: Մի հանիր ուրիշի աչքը, որովհետև Աստծո արդարությունը պահանջում է և տալիս է իրավունք, որ ուրիշն էլ հանի քոնը: Մի խոսքով. քո իսկ շահից ելնելով մի՛ վնասիր: Եվ դա այսօր շատ լավ գործում է հրեաների մոտ, անգամ եղբայրասիրական սաղմեր է արտադրում: Բայց այդ օրենքը, որոշակի նպատակ հետապնդելով, չի սահմանափակվում անձնական կամ ընդհանրական շահի շրջանակում, որտեղ և տեղավորվել են հրեաները. այն առաջնորդում է դեպի անանձնական ոլորտ` սեր: Իսկ դա հասկանալ կարելի է միայն, եթե ճանաչենք և ընդունենք Աստծո մարմնացած Սերը:
Մարդկային կյանքը իմաստավորվեց և լուսավորվեց Քրիստոսի գալստյամբ, որով և մարդկությունը ստացավ իր հարցերի բոլոր պատասխանները: Աստված ասաց, և Նրա Խոսքը իր տիրական թևերը տարածեց ողջ գոյավորի վրա` պաշտպանելու համար իրավունքը չգոյությունից գոյության կոչված նրանց լինելության, որ ինքնանպատակ կամ աննպատակ չէ:
Աստված ասաց, և աստվածային սիրով ու գուրգուրանքով ստեղծված մարդը պսակվեց Խոսքով և, ի սկզբանե առանձնահատուկ պատվով բաժանված լինելով մնացած անկենդան ու կենդանական աշխարհից, թագադրվեց որպես տիեզերքի իշխան:
Աստծո Խոսքը մարդուն մեկընդմիշտ ազատեց զանազան սամնսարաների և կարմաների հանդեպ կույր հավատից: Եթե մարդիկ իրենց մեջ ընդունեին այն Հոգին, որ Քրիստոսի առաքյալները ստացան վերնատանը, և եթե գործեին այդ Հոգով, աշխարհն իսկապես դրախտ կդառնար: Խնդիրը եսի մեջ չէ, տիրելու, տիրություն անելու և տիրապետելու տենչի մեջ չէ, այլ ընկալման կերպի մեջ:
Տիրել՝ չի նշանակում շահագործել, այլ` խնամել: Կան բարոյականության կատեգորիաներ, որոնց առկայությամբ է միայն իմաստավորվում մարդու մարդ կոչումը, դրանցից կարևորագույնը պատասխանատվության զգացումն է, եթե «եսի» կողքին բացակայում է այն, ապա կյանքը դառնում է մի քաոս, որտեղ լռում է «Եղիցի լույսը»: Եթե մարդիկ չմերժեին այն Հոգին, որ շրջում էր նախաարարչական ջրերի վրա և կենսագործում, նրանց կիսամեռ հոգու հորիզոնում կնշմարվեր հարության հույսը: Մարդկությունը` ի դեմս իր լավագույն մտածողների, այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին` սիրող Աստծուն, այդպես էլ չհասկացավ, որ չվնասելը կրավորական անտարբերություն է, իսկ սերը` ստեղծող ու պահպանող զորություն: Ինքը չկարողացավ, իսկ Նրա Ինքնահայտնությանը մերժեց, որ ստիպված չլինի այլ` ջանքեր պահանջող չափանիշներով շարժվել. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դու՛ք արեք նրանց»: Այսօր մարդը այդքան չարացել է, քանի որ դեռ վստահ է, որ ինքը էվոլյուցիայի գագաթն է, որի համար չվնասելը իսկապես կարող է դիտվել որպես առավելագույն ձեռքբերում: Մյուս կողմից` չգիտի իշխել իր իշխելու տենչի վրա, ինքը, ինքնակամ կամ նույնիսկ անգիտակցաբար, գտնվում է զանազան իրերի, երևույթների, անհատների իշխանության տակ:
Այսօր կան Աստծուն գտած մարդը, փնտրող մարդկությունը և մերժող մարդիկ` ծուռ հայելիները:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում