Հայտնի են գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի մրցանակակիրները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեի ժյուրիի անդամների երկօրյա բուռն քննարկումներից հետո վերջիններս հայտարարել են մրցանակակիր արվեստագետների անունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր մրցանակը տրվել է Չինաստանից ժամանած Հուի Ժանգին`«Հայացք դեպի լույսը-2» ստեղծագործության համար:
Առաջին մրցանակին է արժանացել Թաիլանդից Ռաթանա Սուջարիթը «Լուսադեմին. ժամը 02։ 00» գործով, Երկրորդ մրցանակակիրը Լեհաստանից է: Քշիշտոֆ Տոմալսկին մրցանակ ստացավ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» ստեղծագործության համար:
Երրորդ մրցանակակիրը Թաիլանդից Սուպատանավադե Մուանթան է: Նա մրցանակ է ստացել «Գենդերային դերերի խախտում» ստեղծագործության համար։
«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի» մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։
Ժյուրիի կողմից պատվոգրի են արժանացել Չինաստանից Թինգթինգ Չենը, Ժիան Սիվեի Ժիանը, ԱՄՆ-ից Թրեյսի Թեմփլթոնը և Բրենդի Գրոգանը, Իրանից Սադեհ Գոլրիզը, Թոմաս Քուսինգը Էստոնիայից, Օլիվեր Պիլիչը Լեհաստանից, Վաի Վոնգը Հոնգ Կոնգից, Աքավատ Դեետոն Թաիլանդից և Մերի Անդրեասյանը Հայաստանից:
«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի» սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկտոր պրոֆեսոր պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհել է հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։
Մրցանակը շնորհել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Հատուկ մրցանակ էր առանձնացրել նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն հանձնվել է Սվետլանա Ռյաբովային (Ռուսաստան)՝ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ին» մասնակցության համար։ Մրցանակը հանձնել է Ռուսական գիտամշակութային կենտրոնի գործադիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը» բաց է մինչև սույն թվականի նոյեմբերի 7-ը։
Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում