Հովհաննես Թումանյանի ժառանգները գրողի թանգարանում նշեցին նրա հոբելյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 13-ին գրողի թանգարանն իր հարկի տակ էր հյուրընկալել նրա տոհﬕ սերունդներին` նշելու մեծն լոռեցու 150-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով գրողի ժառանգներին, ասաց, որ ոչ բոլորն են կարողացել գալ միջոցառմանը: «Արական սեռի ներկայացուցիչներից այստեղ են Հովհաննեսը, Արեգը և իմ որդին` Ռուբեն Քանքանյանը: Ներկա են Անահիտը, Տատյանան: Մենք` մեծերս, պարտավոր ենք շարունակել Թումանյանի գործն ու նպաստել նրա հանրահռչակմանը»,-նշեց Սաֆրազբեկյանը:
Խոսելով գրողի հոբելյանի առթիվ հրատարակված գրքերի մասին` թոռնուհին ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի կյանքում մշտապես եղել են մարդիկ, որոնք օգնել են նրան ապրել ու գործեր լույս ընծայել: Նրանցից էր Մարիամ Թումանյանը: «Բարեկամության և բարեգործության ավանդույթը կարծես շարունակվում է: Մեզ աջակցել է Գագիկ Ծառուկյանը, որի շնորհիվ վերանորոգվել է Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, ռուսերենով հրատարակվել է Թումանյանի «Հատընտիր»-ը»,-ասաց նա:
Թումանյանի 150-ամյակին նվիրված գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի նաև «Հոբելյանական ընտրանի» գիրքը, որը կազմել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: Նա շեշտեց, որ փորձել են նորովի ներկայացնել թումանյանական ստեղծագործությունները: «Առաջին անգամ է մոտավորապես 600 էջի սահմանում լույս տեսնում Թումանյանի ընտրանին: Նախկինում դրանք հրատարակվել են հատորներով: Կարծում եմ` այն ընթերցողին ամբողջական պատկերացում կտա Թումանյանի ստեղծագործության մասին` բանաստեղծություն, քառյակներ, պոեմներ, հեքիաթներ, հրապարակախոսական գործերից նմուշներ»,-նշեց Երիցյանը:
Նա հայտնեց, որ նախաձեռնում են հրատարակել նաև «Թումանյանը քննադատ» գիրքը, որը բացառապես նվիրված է գրողի հրապարակախոսությանը:
Թումանյանի որդի Արեգի թոռը` Արեգը, խոսելով թանգարան այցելության մասին, նշեց, որ այն իր տունն է: «Դպրոցական արձակուրդներին հաճախ էի գալիս Հայաստան և ամեն շաբաթ այցելում էի թանգարան: Այստեղ զգում եմ ինձ ինչպես իմ տանը»,-ընդգծեց Արեգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում