Փակ շուկան այրվում է…

«Մենք ունենք Ծածկած շուկան փրկելու խնդիր :Եթե այս բոցը մենք չհանգցնենք, շարունակություն կունենա…»,-ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Այս խնդիրն արդեն երկու տարի է’ կառավարության, հասարակության ուշադրության կենտրոնում է, սակայն այդ կրակի վրա ջուր չի լցվում: Ապօրինի շինարարություն կատարողներն իրենց հերթին յուղ են ավելացնում, որ բորբոքեն կրակը: Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով:

Ինչպես նշել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:

Սակայն սեփականատիրոջը դա չի հետաքրքրում, նա նպատակ ունի մեծ, ինչքան մեծ, «այնքան իր պատիվը», շինություն կառուցի: Ուղղակի այդ մարդու համար, ով կարող է ավերել պատմամշակութային մի հուշարձան, բացի սեփական անճաշակ մտքի թռիչքից, ոչինչ գոյություն չունի: Եվ նա փակ աչքերով տանում է Փակ շուկան դեպի կործանման:

Փակ շուկան ունի իր ուրույն ստեղծման պատմությունը: Երբ 1950 -51 թվականներին ավարտվեց «Հաղթանակ» կամրջի շինարարությունը, այդ կամրջի կամարի կոնստրուկցիան’ իր տախտակամածով հանդերձ, որոշվեց ոչ թե դեն գցել, այլ օգտագործել: Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը որոշեց կամրջի կոնստրուկցիան և դրա տախտակամածն օգտագործել Երևանի կենտրոնում նախագծվող Փակ շուկայի առաստաղը կառուցելու համար: Կոնստրուկտոր Առաքելյանը իրականացրեց ճարտարապետ Աղաբաբյանի հիանալի գաղափարը:

Ճարտարապետական, ճարտարագիտական և պատմամշակութային կառույցն ունի հանրապետական նշանակություն և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (թիվ 1.6.152):

Իսկ նոր սեփականատերը որոշել է ավարտել այդ պատմությունը՝ անունը դնելով «վերանորոգում»: Քանի որ սկզբում Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է Մշակույթի նախարարության դրական եզրակացությունը: Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանականերից…

Իսկ հիմա ի՞նչ անենք: Թողենեք, որ ամբողջությամբ «վերանորոգվի», «այրվի» շինությունը, թե՞ արդեն էլ փրկելու բան չկա: Կրակը խեղդել է Փակ շուկան…

Արուսյակ Սիմոնյան

Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում