Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ

Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Օր առաջ թող երեսով թեքվեն դեպի ռազմարդյունաբերությունը

Մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ընդհանրապես դեմ է Հայաստանում ցանկացած հանքարդյունաբերության։

«Քանի Ամուլսարը նոր է, նոր գործարկման խնդիր է, միանշանակ ամեն ինչ պետք է անել, որպեսզի թույլ չտանք շահագործվի։ Կողմ չեմ նաև այն մտքին, որ իրավական որևէ հիմք չունենք իրենց աշխատանքը դադարեցնելու, խոչընդոտելու համար։ Մենք խորքային չենք քննարկում հարցը, մակերեսային վերլուծություն ունենք։ Այսինքն, եթե մենք որպես պետականության հարցը դնում ենք այլ հարթությունից, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, նման հարցերը այսօր դիտարկում ենք առաջնային՝ ժողովրդի առողջապահական խնդիրներից ելնելով, ոչ թե տնտեսական, ապա առաջնայինը հայ ժողովրդի առողջությունն է։ Անգամ եթե ասում են՝ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, ինչն այդպես չէ, վստահաբար որևէ մեկը մեզ բարոյական իրավունք չի տալիս վայոցձորցու առողջության հաշվին ամբողջ Հայաստանի տնտեսությունը զարգացնել։ Դա նույնն է, որ զոհաբերվի մեր երկրի մի հատված հանուն մյուս հատվածի ապրելու կամ ավելի հարուստ լինելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Գինոսյանը։

Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը ՀՀ բյուջեի 9 տոկոսն է կազմում, ժողովուրդը պատրաստ է իր աշխատավարձից չնչին մաս զոհաբերել, չնայած արդեն եկամտահարկ վճարում են, որպեսզի ՀՀ-ում որևէ հանք չշահագործվի։ Գ. Գինոսյանի խոսքով, հանքերի շահագործման հետևանքները տեսանելի են, բազում պոչամբարներն արդեն խոսում են դրանց հետևանքների մասին։

«Իսկ որ ասում են՝ այդպես չէ, այնպես չէ… Սաֆարովն էլ կարող է ասել՝ այս անգամ այս կացինը հայ սպանելու համար չեմ ուզում։ Բայց Սաֆարովին կհավատա՞ն։ Այսինքն հավատալ, որ այս անգամ հանքարդյունաբերությունն ավելի քիչ վնասակար կլինի կամ վնասակար չէ, անիմաստ է։ Բոլորս գիտենք ուրանի, ոսկու մշակման ցիանիդի ազդեցությունը։ Երբ որ տոննաներով ցիանիդ մտնի Հայաստան հանուն նրա, որ մշակվի արդյունաբերվող ոսկին, ծիծաղելի է։ Ենթադրենք մի վագոնը պայթեց, ռմբակոծվեց, մի ավտո խփեց, շուռ եկավ, եթե նույնիսկ օգտագործելուց վնաս չկա, չնայած սխալ մոտեցում է, նման ռիսկեր կան»,- նշեց մշակութաբանը։

Նա ասաց, որ ցանկանում է մասնակցել հանքի շահագործման դեմ իրականացվող բոլոր ակցիաներին, սակայն Հայաստանում չի լինում՝ մասնակցում է փառատոների, բայց որևէ ձևով կհայտարարի, որ ինքը Ամուլսարի շահագործմանը դեմ ակցիայի մասնակիցների կողմից է, իրենց հետ է։

«Միանշանակ՝ դեմ եմ ցանկացած տեսակի հանքարդյունաբերությանը։ Այդ քայլերին գնալու փոխարեն թող օր առաջ երեսով թեքվեն դեպի ռազմարդյունաբերությունը, առաջնային՝ երկիրն անվտանգության մեջ պահեն, ապահովեն, հետագայում, եթե հաջողություն ունեցանք, այդ ոլորտով կկարողանանք մեր տնտեսությունը զարգացանել, մեր մտավոր պոտենցիալը թույլ կտա մեր ստեղծած սարքերը դուրս հանել։ Ոչ թե 9 տոկոս, այլ 19-ը, 29 տոկոս մեր տնտեսությունը կզարգացնենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով, սակայն որին որևէ կերպ որպես պետություն չենք էլ նպաստում։ Մեր մտավոր պոտենցիալը մեր տնտեսությունը կրկնապատիկ, եռապատիկ կզարգացնի, քան հանքարդյունաբերությունը»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Որևէ միջազգային կազմակերպություն իրավունքի չունի մեզ պարտադրել

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն ընդծեց, որ բնությունը պետք է ամեն գնով պահպանել։ Նրա խոսքով, 20-30 տարի է Հայաստանում տարբեր հանքեր են շահագործվում, սակայն աննկատելի է այն շահը, որ ունեցել է երկիրը, մինչդեռ այդքան արտահանման դեպքում պետք է դրախտ դառնար։

«Երևի մասնավոր մարդկանց գրպանն է գնացել»,- ասաց արվեստագետը։

Նա հույս ունի, որ կառավարությունը համապատասխան ուսումնասիրությունն կանի, ինչը կբերի նրան, որ կարգելվի հանքի շահագործումը։ Բացի այդ, ժողովուրդն է դեմ։

«Խոսում են միջազգային պարտավորության մասին։ Բայց եթե այնտեղ կա չարիք, որևէ միջազգային կազմակերպություն իրավունքի չունի մեզ պարտադրել շարագործել այն»,- համոզված է Հաղթանակ Շահումյանը։

Չի կարելի կյանքի հացը օրվա ուտելիքի հետ փոխել

«Ճիշտ են բոլոր նրանք, ովքեր դեմ են Ամուլսարի շահագործմանը։ Չպետք է ամուլանալ։ Կարող է Ամուլ սարը ոսկի մնա, մենք ամուլանանք»,- ասաց գրող, հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը։ Նա նշեց, որ Ամուլսարի բացմանը դեմ է եղել սրանից 30 տարի առաջ, դեմ էր ամբողջ «Գարուն» ամսագիրը։

«Խորհրդային շրջան էր, կար պոլիտ բյուրո, եթե որոշում էր կայացնում, որևէ մեկի կարծիքը չէր հարցնում։ Ամենազարմանալին այն էր, որ ամենադեմը Կարեն Դեմիրճյանն էր։ Պլենումի ժամանակ ես ապշեցի, որ Կարեն Դեմիրճյանն անդրադարձավ Ամուլսարին, դեմ խոսեց, ասաց, որ չի կարելի շահագործել։ Ասեց, որ այո, մեծ հարստություն է, թողենք մեր զավակներին, սերունդներին, տարիներ հետո նրանք կշահագործեն փակ ձևով, իսկ մենք հնարավորություն չունենք։ Բաց շահագործման դեպքում հայտնի չէ, թե ջրերն ինչով կվարակվեն»,- ասաց հրապարակախոսը։

Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով, Ջերմուկի առողջարանական վիճակը բարելավելու պարագայում ավելի մեծ տնտեսական օգուտ կունենան, քան այդ ոսկու հանքը շահագործելու դեպքում, իսկ ոսկու հանքը թող շահագործեն հաջորդ սերունդներն արդեն փակ վիճակում, քանի որ գնալով տեխնիկան, տեխնոլոգիան ավելի է զարգանում։ Նա նշեց, որ այսօր բազմաթիվ պոչամբարներ կան Հայաստանում, նայելով մտածում է, որ այդտեղ երկաթյա ձկներ կաճեն։

«Մենք պետք է պահենք, պահպանենք։ Հետո ինչ՝ պարտադի՞ր է այսօր մեր ունեցվածքն ի մի բերենք։ Արդեն Հայաստանում բազմաթիվ հանքեր են շահագործվում։ Թող հաջորդ սերունդը փակ վիճակում շահագործի, ոսկին ինքը ձուլի, ինքն էլ արտահանի, ոչ թե ուրիշին տա, ուրիշը հավաքի, առնի, տանի, փողը տա մեզ, փողը կերանք, պրծանք։ Ամենադաժան ի՞նչն է ՝ չի կարելի կյանքի հացը օրվա ուտելիքի հետ փոխել։ Այսօր մենք ենթադրենք արեցինք, կարենք, պրծան։ Հետո՞»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում