Ուղերձ աշխարհին.WCIT նվագախումբը Հայաստանում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականությունը մեր օրերում մեծ դերակատարություն ունի տարբեր բնագավառներում, և այն չի շրջանցել նաև արվեստը: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում, որը Հայաստանում առաջին անգամ է հյուրընկալվել, ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը: Այն համաժողովի մեկնարկին ընդառաջ հանդես է գալու աննախադեպ համերգով` իրական ժամանակում կատարելով արհեստական բանականության երաժշտությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի առաջին ելույթը նախատեսվում է հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում։ Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Հաճախ են ասում, որ տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց հեռացնում է միմյանցից: Կարևորում ենք կրթությունը, մշակույթը, և, ստեղծելով WCIT նվագախումբը, ցանկացանք ցույց տալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողությունը կարող է արտահայտվել նաև արվեստում»,-մեզ հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա ընդգծեց, որ նվագախումբը կազմված է ավելի քան հարյուր երաժշտից: Նրանք ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները:
«Նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Հետաքրքիր է, երբ մեքենային սովորեցնում են մտածել հազարավոր ալգորիթմերի շուրջ, և մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ ունակություն ունի բանականությունն առհասարակ: Կան մարդիկ, որոնք անգամ արհեստական բանականության «տաղանդը» չունեն և կան մարդիկ, որոնք փոխում են աշխարհը»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց, որ արհեստական բանականությանը սովորեցրել են ստեղծագործել շարականի հիման վրա, իսկ այն մեր ազգի հաղորդակցման առաջին խորհրդանիշներից է:
Այն հարցին, թե կարո՞ղ է արհեստական բանականության ստեղծագործությունն այնքան լավը լինել, որ հետագայում ընդգրկվի Սիմֆոնիկ նվագախմբի երկացանկում, Սմբատյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այդ երաժշտությունը հուզական առումով կարող է իրեն դուր գալ: «Դա նույնն է, ինչ համացանցի միջոցով կամ հեռախոսով մտերիմների հետ հաղորդակցվելը: Արհեստական բանականությունն ունակ է ստեղծել երաժշտության մոդել, բայց մեծ հարց է, թե հուզական առումով ինչ կարող է տալ: Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ, որ մեծագույն ձեռքբերում ունենք, քանի որ մեքենան մտածում է շարականի ալգորիթմերի շուրջ: Չեմ կարծում, որ ամենալավ մեքենան անգամ ունակ լինի մարդուց լավ ստեղծագործել»,-շեշտեց նա:
Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են նաև համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական ստեղծագործություններ, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Համերգին ելույթ է ունենալու նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:
Անդրադառնալով համաժողովի Հայաստանում անցկացնելու փաստին` Սմբատյանն ասաց, որ դա մեր երկրի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից է: «Մենք հաճախ ենք կազմակերպում համերգներ, հոբելյանական երեկոներ, որոնք շատ կարևոր են, բայց նման նախաձեռնությունները միայն բարոյական հաղթանակ են տալիս մեզ, իսկ համաժողովն ու նախատեսվող համերգը խոսում են 21-րդ դարի ուղերձի մասին: Եթե կարողանանք այնպիսի համերգային երեկո իրականացնել, որի մասին խոսեն աշխարհում, նշանակում է` Հայաստանը, որն ունի մեծ պոտենցիալ ու տաղանդ, ունի նաև տեսլական, ասելիք ու կարող է բան փոխել աշխարհում»,-եզրափակեց դիրիժորը:
WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Սերգեյ Սմբատյանին և կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է։
WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները Հայաստան են ժամանելու սեպտեմբերի 29-ից։ Փորձերը կմեկնարկեն սեպտեմբերի 30-ից։
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում