Սուսաննա Հարությունյան․ Խեր, Շառ, Աստված
Նմանատիպ
Այնպես խորը և ի խորոց, որպես սիրում են պոետները, լուսնահաչ էր տալիս մի շուն… Քաղաքի ծայրամասի քարուքռայից ներխուժող լուսնահաչը լավ ընկեր էր գիշերային տանջանքի համար՝ կեղեքող, արյուն հանող: Բայց հավատարիմ չգտնվեց՝ լուսաբացին սպառվեց, վերջացավ: Վարդանը իր ցավի հետ մնաց մենակ, նստեց անկողնում ու արդեն թափանցիկ մթի միջով նայեց պատուհանից դուրս. «Մեռելի մտքի պես խաղաղ»,- մտածեց դատարկ փողոցի մասին: Դեմքը թաղեց բարձի մեջ, լաց եղավ և արցունքների ու բարձի փակփկության մեջ նիրհեց:
Զարթուցիչի ձայնը ասես իր ներսից հնչեց. «Արևածագ, մայրամուտ, օր ու տարի, ժամ ու վայրկյան. ինչ-որ մեկը կտրատել է հավերժությունը, ինչպես ծերի հիշողությունն է կտրտվում»: – Գյուղերում դեռ տանելի է՝ աքաղաղի զիլ ու առողջ ծուղրուղուն: Էստեղ արհեստական ձայնով ռոբոտն էր՝ «ժամը ութն է»: «Ութն անց է հինգ րոպե»: «Ութն անց է տասը րոպե»: «Անց տասնհինգ»: Հազիվ քնել էր: Գլուխը բարձի տակ խոթած, ձեռքը մեկնեց, վերցրեց զարթուցիչ-ռոբոտն ու շպրտեց: Պատին դիպչելիս ռոբոտը չխկաց, ընկավ հատակին, բայց դեռ բարեխղճորեն շարունակում էր. «Ութն անց է քսան րոպե»: Վեր կացավ: Մահճակալին նստած՝ ոտքի բութ մատով անջատեց խոսող ժամացույցը:
Մահճակալի մոտ գրասեղանն էր՝ վրան գրոտած թուղթը, ուր կիսատ թողած հոդվածում փորձել էր ստուգաբանել ինչ-որ բառ, այն բաժանել էր վանկերի ու արմատների, ինչպես կենսաբանության ուսուցիչն է դասարանին ի ցույց միջատներ անդամահատում, թևիկները դնում խոշորացույցի տակ կամ գորտ հերձում՝ բացատրելով նյարդերի զգայունակությունը: Երրորդ օրն է՝ թուղթն այնտեղ է, հերձված բառը հանգիստ սպասում է շարունակության, բայց ինքն ի վիճակի չէր գրասեղանին մոտենալու, միտքը կարկամել էր, չէր աշխատում:
Մինչ այս մտածում էր. «Ցավեր ու վախեր կան, որ չնայած իրենց պատճառած ողջ դառնությանը, քո ներքին հարստությունն ես համարում ու պատրաստ չես որևէ մեկի հետ կիսել»: Հագնվելիս արդեն համոզված էր, որ սխալվել է, այսպես այլևս անհնար է. ցավն ու ուրախությունը չի կարելի միայնակ տանել: Այն պետք է բաժանել մարդկանց, որ քեզ քիչ մնա, որ տանելը հեշտ լինի: Եթե արտասահմանում լիներ, անմիջապես կվազեր հոգեբանի մոտ, կվճարեր, որ իրեն լսեին ու խորհուրդներ տային: Բայց էստեղ լսում են անվճար. մնում է ճշտել, թե՝ ո՞վ: Մա՛յրը. ուրիշ էլ ո՞վ: Պատկերացրեց, թե ինչպես իր ձայնի վրա մայրը ձեռնափայտին հենված՝ տնքրտալով դուրս կգա: Պարալիտիկ մորը հիշելով՝ հանկարծ գիտակցեց, որ վերջերս իրենց դերերը փոխվել են. հիվանդությունից մայրը մանկացել է, դարձել անօգնական: Ինքը նրան այլևս չի ընկալում որպես հավասարը հավասարին, այլ՝ որպես երեխայի, ում մասին պետք է մտածել, կերակրել ու կարիքները հոգալ: Մի տեսակ փոխվել են դերերը, հիմա ինքն է նրան ծնողություն անում: «Աշխարհում էդքան մարդ, ինչի՞ պիտի իմ ցավը մորս վրա բարդեմ: – Իրեն դուրս գցեց տանից:- Սաղ ըլնի Արշամը»:
Անշառ ձմեռ էր՝ առանց կրքի ու փոթորկի, տա՛ք:
«Թե ասա քո խմելու իմաստը ո՞րն ա, որ պիտի անջատվես քնես, քո կայֆը չվայելես, – ցախավելի պոչով հրմշտելով հավաքարարը փորձում էր արթնացնել բակի նստարանին քնած հարբեցողին, – ափսոս չե՞ն էդ փողն ու էդ օղին»: Ապա, Վարդանին տեսնելով, առաջարկեց. «Ոտներից բռնի, դնենք գետնին, թող սառի, արթնանա»: «Գրիժա ունեմ, ինձ ծանրություն չի կարելի», – խաբեց Վարդանը ու անմիջապես թեքվեց շենքի անկյունից: Եկեղեցու մոտ կանգ առավ. գուցե մո՞մ վառի: Ապա ձեռ քաշեց էդ մտքից՝ հիմա ո՞վ ժամանակ ունի որ… Ընկերոջ զանգը հիշելով՝ կատակեց ինքն իրեն՝ մտքում կվառի՝ վիրտուալ: Եկեղեցու բակում աղավնիներ վաճառող տղան, թռչուններով լի վանդակը նստարանի տակ խոթած, սպասում էր, որ թաղման թափորը հեռանա: Հաճախ էր տեսել, որ ամուսնացող զույգը իր ճերմակ երազանքի մեջ, իրար ձեռքեր գուրգուրելով ու ձեռքերում էլ՝ աղավնին, բաց էր թողնում: Աղավնիները վարժեցված էին, սովորաբար մի քանի պտույտից վերադառնում էին: «Այ քեզ ժամանակներ, – մտածեց, – նույնիսկ թռիչքն են վերածել փողի: Հետաքրքիր է՝ մի աղավնին օրեկան քանի երազանք կարող է առաքել երկինք: Տեսնես, ի՞նչ արժե փոստային այդ ծառայությունը»:
Թաղման թափորը դուրս եկավ՝ առջևից տանելով հանգուցյալի մեծադիր նկարը… Նկարին նայելով՝ Վարդանը թևաթափ եղավ. երկուհարյուր դրամն ի՞նչ է՝ հեչ բան, սեզոնին մի կիլո միրգ էլ չի անում, բայց հիմա նա նույնիսկ այդ երկու հարյուր դրամն էր ափսոսում, որ տվեց եկեղեցու շինարարության հանգանակության ժամանակ: Եթե իմանար, որ էդ անասունին կբերեին ու կպառկեցնեին եկեղեցում, հաստատ չէր տա:
Համոզված էր՝ հիմա նա դժոխքի դռանը վնգստում է: Ափսոսում էր եկեղեցին, խունկը, տերտերի երգեցիկ ձայնը… Առհասարակ նրան թևաթափ էր անում, որ եկեղեցին օգտագործվում էր նաև հուղարկավորությունների համար, հավատը նրա աչքին արժեզրկվում էր, իսկ եկեղեցին՝ վերածվում կենցաղի տան: Նայում ու ափսոսում էր պետական փողերով գնված ծաղկեպսակները, որ թափորի առջևից տանում էին կոկիկ հագնված դպրոցականները, որովհետև դա այն հացն էր, որ պիտի ուտեր որևէ որբ, այն բուժումն էր, որ պիտի ստանար որևէ բազմազավակ հայր, բայց դուրս էր գրվել այդ գոմիկ անասունի համար և հիմա թառամում էր տաք ձմռան անարյուն արևի տակ: Ի՞նչ կարող ես անել՝ պաշտոնյա է եղել. տարիներ շարունակ թղթեր է ստորագրել, քարտուղարուհիներ բռնաբարել և պետություն է ներկայացրել այլ երկրներում. պատշաճությունը պետք է պահպանել, թեկուզև ինքնահարգանքից ելնելով:
Քթի տակ հայհոյելով գնաց… Սա էլ հորեղբայր Արշամին կպատմի: Մտովի տեսավ հորեղբորը բակի նստարանին նստած, թզբեհի հատիկները իրար վրա ճտճտացնելիս: Սովորաբար թզբեհները նրան ընկերն էր ուղարկում՝ բերդից: Այնտեղ դա հացից են սարքում: Բայց Արշամը իր թզբեհների հավաքածուի զարդը ղարաբաղյան պատերազմից բերեց: Թաղում հենց կռիվ էր լինում կամ ծեծկռտուք, նա թզբեհը շպրտում էր կռվողների մեջ, ու սրանք առանց հետ նայելու սրտապատառ փախչում էին: Արշամը գալիս, փոշու միջից վերցնում էր թզբեհը, թափ տալիս… թուրքի ականջներից էր շարած. տասնութ քարը թուրքի ականջ էր, երկուսը՝ չեչենի, մեկը՝ ուկրաինացու: Որ հաստ մատներով ու ճտճտացնելով վրա-վրա քաշում էր, թզբեհի հատիկների չոր շխկոցից հասկացվում էր, թե ինչ է սպասվում, եթե հանկարծ Արշամը զայրանա, ու ոչ միայն կռվողները, հավաքվածներն էլ էին ծլկում, մի վայրկյանում փողոցը դատարկվում էր: Հենց Արշամին էլ կպատմի, ավելի հարմար մեկը դժվար էլ գտնվի:
Փողոցի անկյունից սկսվում էր մեքենաների շարասյունը: Դրանցից մեկի բաց դռնից լսվում էր ռադիոյի ձայնը՝ եղանակի տեսություն էր: Մի ողջ տասնամյակ փոթորիկները լվանում էին աշխարհի ափերը: Որպեսզի ցույց տան, թե ինչ ահավոր են փոթորիկները, դրանք կոչում էին կանանց անուններով: Հետո օդերևութաբանները դարձան ավելի իրատես՝ չարքերի անուններ էին տալիս ցունամիներին: Լարելով ուշադրությունը՝ արդյո՞ք դրանցից որևէ մեկը չի շարժվում դեպի Երևան, առաջացավ փողոցով: Ավելի խորքում ոստիկանական մեքենան էր, մարդիկ լի՜քը՝ ասեղ գցելու տեղ չկար: Արշամի տասը տարեկան թոռը՝ հենց իր անունը կրող, ընկել էր մեքենայի տակ: Ներսում Արշամը դիակի մոտ նստած լացում էր: Թզբեհի հետքը չկար. ձեռքից սահել, կուչ էր եկել գետնին՝ նրա ոտների մոտ, ու ասես փորձում էր թաքնվել մաշված կոշիկի ցցված քթի տակ:
Արցունքները կուլ տալով մոտեցավ, ցավակցեց, նստեց կողքին: Հինգ րոպեից ավելի չդիմացավ. սիրտը ճմլվում էր, դուրս եկավ:
Երկար ժամանակ ծանր տպավորությունից չէր կարողանում ազատվել: Հետո նկատեց, որ հոր ընկերոջ տան մոտ է: Որոշեց մտնել, հենց նրան էլ կպատմի. ի՞նչ անենք, որ արյունակից չի: Օտար կա՝ հազար հարազատ արժի: Սրանք չորս շենքի արանքում վրան խփել, հարսանիք էին անում: Հոր՝ որբ մեծացած ընկերը տղային էր պսակում: Երբեք չէր պատկերացրել, որ ինքը երբևէ ի վիճակի կլինի հինգ հարյուր հոգանոց հարսանիք անելու, ու մի գլուխ իրեն էր գովում… Հո մարդու ուրախությունը չէ՞ր հարամի. հետները կերավ, խմեց, շնորհավորեց, քսան հազար նվեր տվեց, դուրս եկավ, ինքն իրեն մխիթարելով՝ «Ինը երեխա մորս կողմից են, յոթ երեխա՝ հորս. բոլորն էլ իրենց ճյուղերով ու տերևներով, ոնց էլ չլինի՝ մեկը կգտնվի»: Եվ հենց էստեղ հիշեց մորաքույր Վարդուշին:
Վարդուշը շատ էր նվնվան. ամուսնուն ջահել-ջահել թաղեց, մեծ տղան Ղարաբաղում զոհվեց, մյուս աղջիկը գնաց Ամերիկա, փոքր տղան քաղաքական հոդվածով նստած է, հարսը չսպասեց ամուսնու դուրս գալուն, ամուսնացավ՝ տղա երեխուն հետը տանելով…
Մի խոսքով՝ կոփված կնիկ էր, քար ու երկաթ: Նրանից լավը չկա: Դուռը ծեծեց, ծեծեց…
«Հիվանդանոց են տարել. ինֆա՛րկտ», – ցավելով տեղեկացրեց հարևանի ջահել հարսը:
«Պահո՜,- ապշահար սուլեց Վարդանը, – ուրեմն կա բան, որին մորքուրի սիրտը չի դիմացել. ա՛յ քեզ նորություն»: Մի երկու կիլո միրգ, գրիլ, մասուրի հյութ առած գնաց հիվանդանոց:
Չթողեցին մոտը, դեռ բոքսում էր, դեռ հայտնի չէր՝ կապրի՞: Սանիտարը մասուրի հյութը վերցրեց, մնացածը հետ տվեց: Փողոց դուրս գալիս մտածում էր՝ ի՞նչ անի գրիլն ու միրգը:
Տնտղեց փողոցը. ամենամոտը հորաքրոջ տունն է: Հորաքույրը, իհարկե, կնիկ է դասական առումով՝ հիացած ինքն իրենով ու իր եփած ճաշերով, և ցանկացած այլ բանի մասին նրա հետ խոսելն անիմաստ էր, բայց, այ, ամուսինը՝ կյանք տեսած, երեք անգամ ամուսնացած-բաժանված, գոմիկի անունը պոչից կախ… հրես գրիլը կա, նա էլ օղի կդնի սեղանին, իրար կհասկանան:
Հորաքրոջ տուն մտնելն ու գերի ընկնելը մեկ եղավ: «Իմ ճակատագիրը գրելիս հրեշտակները հանկարծ հիշեցին, որ կարևոր գործ ունեն, արագ-արագ մի բան խզբզեցին ու թռան՝ առանց ստուգելու՝ հո ուղղագրական սխալ չե՞ն արել»,- դժգոհեց հորաքույրն ու սկսեց… Փաստորեն, հրեշտակները ոչ միայն ուղղագրական սխալ էին արել, այլև տեղ-տեղ նաև տառաճանաչ էլ չէին, և միակ ճիշտ շեշտը ինքն էր՝ հորաքույրը, դրված ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին: «Խնդրում եմ, քսան րոպե, ուղիղ քսան րոպե… ամենաշատը՝ քսան րոպե…»,- աղջիկը ծննդաբերել էր մի օր առաջ, ու նա դեռ չէր տեսել նորածնին, խնդրում էր, որ Վարդանը մնա անկողնային կեսուրի մոտ, մինչև ինքը վազելով գնա ու գա. «…Էնքան չար ա, էնքան չար,- նորածնի նվերները պայուսակի մեջ դասավորելով՝ հորաքույրը վազվզում էր տնով մեկ ու չանչ անում կեսուրին,- որ Աստված դրա հոգին չի առնում՝ չի ուզում. էդ գունդ չարությունը տանի ի՞նչ անի խեղճը»: Վազվզելիս տեղեկացրեց նաև, որ փոքր տղան Ռուսաստանում ամուսնացել է.
«…Եսիմ ինչ գողուբոզ ըլնի. Աստված ինձ նորմալ բան տվո՞ղ ա»: Վերջում ասաց, որ ամուսինը տանը չի, որդին Ռուսաստանից փող է ուղարկել հատուկ նպատակով, որ հայրը մեկնի Թուրքիա՝ պատմական հայրենիք, որ շրջի, նստի պապենական տան դռանը, ուր հիմա քրդերն են ապրում, լաց լինի ու հայրենիքի հանդեպ պարտքը կատարած ետ գա:
Մթնում էր: Ավելի լավ է մտնի քրոջ տուն. կքնի, առավոտ-լույսով կգնա: Ավելի լավ կլինի, քան իր տանը: Ճիշտ է, քրոջից խորհուրդ ու խրատ սպասելը հիմարություն կլիներ, բայց դե կխոսի, սիրտը կթեթևանա… Էլի բան է:
Քրոջ շենքի բակում մի գյուղացի պլաստմասսե տակառները քարշ տալով կանչում էր՝ «Եղեգնաձորի գինի՜»:
– Լավն ա՞, – հարցրեց Վարդանը:
– Ընտի՛ր, – պատասխանեց գյուղացին, ծոցից մի պլաստմասսե բաժակ հանեց, փչեց մեջը, գինի լցրեց, – համը տես…
– Հո ջո՞ւր չես խառնել: – Խմեց:
– Ամոթ չի՞, – նեղացավ գյուղացին:
Երեք լիտր ուզեց: Գյուղացին «Կոկա-կոլայի» կապրոնե շշերի մեջ լցնում էր ու խորհուրդ տալիս.
– Ես գիտեմ, որ խմեցիր, անընդհատ ուզելու ես, համարս գրի:
Քույրը տանը չէր, գիշերային հերթափոխի էր հացի փռում: Քրոջ հաշմանդամ ամուսինը, սայլակի անիվները ձեռքերով առաջ գլորելով, բարի գիշեր մաղթեց, գնաց քնելու:
Վարդանը նստեց խոհանոցում: Շշերը դրեց առաջը, պահարանից բաժակ հանեց, լցրեց ու բաժակ-բաժակ՝ «Էս՝ մորս առողջության կենացը: Էս՝ Արշամի թոռան հոգու հանգստության կենացը: Էս՝ հորս ընկերոջ տղայի բախտավորության կենացը: Էս՝ մորքուրի փրկության կենացը…»,- մեկ առ մեկ խմեց: Վերջում շշի տակը կես բաժակ բան մնաց. «Էս էլ իմ ցավի կենացը…»:
– Ու գլուխը խոհանոցի սեղանին դրած՝ կեսքուն-կեսարթուն ննջեց: Անջատվել չէր հաջողվում: Կիսափակ կոպերի տակ ճոճվում էին պատկերները՝ ձեռնափայտին հենված մոր, ոռնացող Արշամի, մորաքրոջ, հոր ընկերոջ ու նրա տղայի, հորաքրոջ նորածին թոռան ու նրա գոմիկ ամուսնու… Նրան թվում էր, թե իր ուղեղը մեդուզայի ուղեղի պես ցրիվ է եկել ողջ մարմնով, և ամեն մեկը մի բանի մասին է մտածում… Ամենից շատ կրկնվում էր Արշամի ոռնոցը. էդ գազան մարդու ցավը խիստ էր տպավորվել: Մտովի վերցրեց Արշամի ոտների մոտ ընկած տերողորմյան՝ շարված թուրքի չորացած, կռկած ականջներից՝ երկուսը չեչենի ու վերջինը՝ ուկրաինացու, և սկսեց հերթով քաշել իրար վրա՝ մերս, հորեղբայրս, քույրս, հորքուրի թոռը… հերթով դասավորեց ափի մեջ: Մնացել էր վերջինը, որ մատների մեջ խաղացնելով շոշափում էր ու քթի տակ ֆիդայական երգ էր դնդնում:
Աղբյուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում