ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ազգային ժողովի այսօր շարունակվող հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
Մասնավորապես, Միրզոյանը անդրադարձել է սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի հիման վրա ՍԴ-ի կայացրած որոշմանը։
«Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։
Ի հավելումն ՍԴՈ 1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը։
Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ընդ որում՝ այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է ՀՀ-ում ժողովրդավարության ու սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական ու քաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար», – հայտարարել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի որոշման բովանդակությանը՝ ԱԺ նախագահը ասել է, որ «Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։
ԱԺ նախագահը նաև խոսել է ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու գործընթացին ու հայտնել կասկածներ՝ ի՞նչ ընթացակարգով է այդ դիմումը ներկայացվել երկու մարմիններին։
«Մինչ այժմ չեն փարատվել կասկածները, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ՝ հաշվի առնելով այն, որ Սահմանադրական դատարանը համապատասխան աշխատակարգային որոշումներով արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործի քննությունը», – ասել է նա:
Բացի այդ, Միրզոյանի խոսքով, ՍԴ-ն առայսօր այդ գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումների հայերեն տեսքտը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև ՍԴ ինքնավարության ու քաղաքական ազդեցության վերաբերյալ հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ընդգծել.
«2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ 2018-ի մարտի 23-ին ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը պաշտոնավարումը ըստ էության ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է։ Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական մեծամասնության կողմից կամայականություն իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ։
Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը, որպես ՀՀ ժողովրդի օրինական ու լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված խնդիրների կապակցությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում