Կոմիտասի սափորը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irate.am: Միջնադարում Քյոթահիայում աշխույժ և հարուստ հայկական համայնք է եղել , որտեղ էլ 14-15-րդ դարերում աստիճանաբար զարգացել է հախճապակյա սալիկներ ու սափորներ պատրաստելու արվեստը, և ձևավորվել է Քյոթահիայի հայկական սալիկների դպրոցը: Կա վարկած, ըստ որի` հախճապակու պատրաստման տեխնոլոգիան Քյոթահիա Նախիջևանից բերել էին Կոմիտասի նախնիները: Քյոթահիայի հախճապակյա սալիկները սպիտակ և կապույտ գույնի էին : Այնուհետև 17- րդ դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ գույները, և հայտնի հայկական կարմիրը (tomato-red color Armenian)։ Այսպիսով Քյոթահիան դառնում է հայկական հախճապակու արտադրության կենտրոն: Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքը, ի տարբերություն հայ վարպետների քրիստոնեական սալիկների, իսլամական թեմատիկայով էր:
Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդում պահվում է մի գեղազարդ սափոր, որն ուղղակիորեն կապված է Կոմիտաս վարդապետի հետ: Սափորի մասին տեղեկությունը մեզ տրամադրեց թանգարանի երաժշտական ֆոնդի վարիչ, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը:
1881-ին տասներկուամյա Սողոմոնը Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ ճանապարհ է ընկնում դեպի Էջմիածին: Հասնելով Էսքիշեհեր, որը 50 կմ հեռու էր Քյոթահիայից, հյուրընկալվում են վարպետ Թորոս Ապտալյանի տանը: Վերջինս հոգում է պատանու ճանապարհածախսը: Տարիներ անց՝ 1913 թ. Կոմիտասն անցնում է Էսքիշեհերով ու այս գեղազարդ սափորը` որպես երախտագիտության նշան, նվիրում վարպետ Թորոսին: Վարպետի խնդրանքով Կոմիտասը հանդիպում է Փարիզում երկրաչափական վարժարանում սովորող Հովնաթան Ապտալյանին՝ վարպետ Թորոսի որդուն և սափորը հանձնում նրան: Հովնաթանը սրբությամբ պահում է սափորը և հայրենիք վերադառնալուց հետո նվիրական սափորը, որպես մասունք, հանձնում է թանգարանին:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում