Հավատքը Աստծո շնորհն է մարդկանց
Նմանատիպ
Մարդու փրկությունը սկսվում է Աստծո նկատմամբ հավատքից: Այն իբրև օրինակ շատ պատկերավոր կերպով ներկայացնում է Պողոս առաքյալը իր նամակներում: Նա, խոսելով հավատքի մասին, առաջին հերթին, իբրև չափանիշ, տալիս է Աբրահամի օրինակը:
Աբրահամը հարուստ, ունևոր մարդ էր, ապրում էր Ուր քաղաքում: Ուներ ընտանիք, ծառաներ, աղախիններ, հարճեր: Աստված մի օր Աբրահամին ասում է. «Հեռացի՛ր քո երկրից, քո ցեղից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ: Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես» (Ծննդոց 12.1-2): Աստված Աբրահամին չի ասում, թե կոնկրետ ուր պետք է նա գնա: Իսկ Աբրահամը ոչ մի հարց չի տալիս, «ինչպե՞ս», «ինչո՞ւ», վեր է կենում և գնում է: Բնականաբար, նրա համար հեշտ չէր, նա ամբողջ գերդաստանի նահապետն ու պատասխանատուն էր, բայց Աբրահամը վստահեց Աստծո խոսքին և կատարեց Նրա կամքը: Աբրահամի հետ է գնում իր հորեղբոր տղան` Ղովտը, իր ընտանիքով:
Ճանապարհին մի պահ եղավ, որ Աբրահամի և Ղովտի հովիվները վիճեցին` արոտավայրերը բաժանելու հարցում: Երկու նահապետները ունեին հսկա քանակությամբ անասուններ, ոչխարներ, արոտավայրի խնդիր կար և այդ պատճառով էլ նրանց հովիվները վիճեցին: Որպեսզի այդ վեճի պատճառով իրենց բարեկամությանը չխախտվի, Աբրահամը որոշեց Ղովտից բաժանվել: Եվ մեծահոգաբար ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք:
Մի՞թե ողջ երկիրն առաջդ չի փռված. հեռացի՛ր ինձնից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ» (Ծննդոց 13.8-9): Ղովտն ընտրեց Հորդանանի շրջանները, որոնք ոռոգելի էին և գնաց դեպի արևելք, իսկ Աբրահամը գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ` ավելի անապատային մի տարածք և հաստատվեց Քանանի երկրում: Եվ նորից Աբրահամը հարց չտվեց:
Աբրահամը զավակը չուներ: Աստված նրան խոստացավ, որ նրա սերունդը ավազի հատիկների չափ կբազմացնի և Աստված Իր խոստման համաձայն տվեց Իսահակին, բայց հետո էլ ասաց, որ պիտի զոհաբերի իր զավակին: Կրկին Աբրահամը թեև դժվարությամբ, բայց գնաց այս քայլին` կատարելով Աստծո կամքը:
Պողոս առաքյալը, օրինակ բերելով Աբրահամի հավատքը, ցույց է տալիս, որ նա հավատաց Աստծո խոստմանը առանց կասկածանքի: Այսօր, այդ նույն խոստումը Աստված Քրիստոսով է տալիս մեզ: Ըստ առաքյալի հավատք նշանակում է հավատալ Աստծո խոսքին և Նրա խոստմանը: Անհեթեթություն է Աստծուն հավատալ, բայց Նրա խոսքին` ոչ: Աբրահամի համար հստակ էր Աստծո խոստումը: Այն այնպիսի մի իրողություն է, որ անպայման լինում է, և Աստված երբեք չի դրժում իր խոստումը:
Աստված մարդու նման չէ, մարդը կարող է ասի, բայց չանի, իսկ Աստված, եթե ասում է, ուրեմն անպայման Իր խոստումը կատարում է (Թվեր 23.19):
Թեև Աստծո հրահանգները Աբրահամին մարդկային տեսանկյունից հակասական էին, բայց Աբրահամը երբեք չկասկածեց և հետևեց Աստծո կամքին: Աստված խոստում է տալիս նրանց, ովքեր հավատում են Իրեն: Հռոմեացիներին ուղղված նամակի 10-րդ գլխի 13-րդ համարում ասվում է. «Ով որ Տիրոջը օգնության կանչի, կփրկվի»: Փրկությունը Աստծո խոստումն էր տրված մեզ, այսինքն` Աստծո խոստումը կարող է հասնել այն մարդուն, ով Աստծո անունն է կանչում և ով հավատում է: Այստեղ մեկ ուրիշ խնդիր կա, մարդիկ շատ հաճախ ասում են. «Մի՞թե հնարավոր է Աբրահամի պես հավատք ունենալ»:
Գուցե մարդկայնորեն ճիշտ ենք մտածում, կամ արդարանալու ցանկությունն է այստեղ գործում, կամ էլ` մեծ խոնարհությունը: Բայց իրականում սա սխալ մոտեցում է և անհեթեթ հարց: Աբրահամը երբեք նման հարց իր առաջ չդրեց, երբ Աստված նրան ասաց, որ Իսահակին պիտի զոհաբերես, նա երբեք չմտածեց. «Իմ հավատքը տկար է, ես ո՞վ եմ, անզոր եմ և սովորական մահկանացու»: Երբեք Աբրահամը իր հավատքի տկար կամ զորեղ լինելու հանգամանքը մեջտեղ չբերեց և նման հարց չդրեց իր առաջ, քանի որ նա Աստծո կամքը կատարելիս նայում էր ոչ թե ինքն իրեն, իր հավատքի զորությանը կամ տկարությանը, այլ նայում էր Աստծուն:
Եթե Աբրահամը նայեր իր կարողությանը, հնարավորություններին, ապա պիտի տեսներ զառամյալ մի մարդու ու պիտի ծիծաղեր, ինչպես ծիծաղեց Սառան, երբ իրեն ասացին, թե դու պիտի զավակ ունենաս:
«Արդարև, չնայած ոչ մի հույս չկար, Աբրահամը հավատաց և հուսաց, որ ինքը պիտի լինի «բազում ազգերի հայր», ինչպես որ Աստված ասել էր նրան, թե` «պիտի բազմացնեմ քո սերունդը»: Եվ Աբրահամը չթուլացավ իր հավատի մեջ ու թեև շուրջ հարյուր տարեկան էր, չնայեց իր մարմնին, որն արդեն մեռած մարմնի նման էր, ոչ էլ նայեց Սառայի արգանդի ամլությանը» (Հռոմեացիներ 4.18-20): Մարդկային տեսանկյունից անհույս վիճակի մեջ լինելով` երբեք իր անհուսությանը չնայեց, այլ նայեց այն հույսին և այն խոստմանը, որը գալիս է Աստծուց:
Աբրահամի հավատքի կարևոր դրսևորումներից մեկն այն էր, որ իր արժանիքներով, առաքինություններով և հավատքով չէր պայմանավորված Աստծո խոստման իրականացումը: Սա էլ իր խոնարհության դրսևորումն է: Ինչպես Ծննդոց գրքում է ասվում, որ Աբրահամը, իրեն հող և մոխիր համարելով, երբեք չկասկածեց Աստծո խոստմանը: Հետևաբար Աբրահամը ոչ թե գործերով, այլ իր հավատքով արդարացավ:
Հավատքը վերածվեց գործի: Այսպիսով հավատքի մեկ այլ բանաձև կարող ենք ընդգծել, ձևակերպելով հետևյալ կերպ. հավատքն այն է, երբ դու նայում ես ոչ թե ինքդ քեզ, այլ Աստծուն: Նա ամեն ինչից բարձր է, մեզ խոստացել է հավիտենական կյանք և Երկնքի Արքայություն: Հովհաննես առաքյալի ընդհանրական նամակում կարդում ենք. «Եվ այս է այն խոստումը, որը նա խոստացավ մեզ, այն է՝ հաւիտենական կյանքը» (Ա Հովհաննես 2.25): Իսկ հավիտենական կյանքին արժանանում է նա, ով հավատում և ընդունում է Հիսուս Քրիստոսին: Ինչպես այդ մասին վկայում է Հովհաննես ավետարանիչը. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16):
Հավատքը զգացմունք կամ մտքի աշխատանք չէ, այլ կամքի դրսևորման հստակ մի փաստ է և վճռական որոշում: Հավատքը Աստծո շնորհն է տրված մարդուն: Հավատքի հիմքում ընկած է մարդու կամքը և Աստծո խոստումը: Սրանք ամենակարևոր հանգամանքներն են, որովհետև զգացմունքը, միտքը կարող են փոփոխական լինել, բայց Աստծո խոստումը երբեք չի փոխվում, այն անփոփոխ է: Հավատքը Աստծո նվերն է, թեև արժանի չենք և չենք վաստակել, բայց Աստված այն տալիս է ձրիաբար և դա շնորհ է: Այլ կերպ հավատքը այն չէ, որ դու Աստծո ձեռքը բռնես, այլ հավատքն այն է, երբ թույլ ես տալիս, որ Աստված քո ձեռքը բռնի: Սա է հավատքը, իսկ այն, որ Աստված Ինքն է ուզում մեր ձեռքը բռնի, դա արդեն շնորհ է: Աստված ամեն վարկյան փնտրում է մարդուն և բռնում է նրա ձեռքը: Հավատքը սա է, իսկ մարդուն մնում է ընդամենը կամ թույլ տալ, կամ`ոչ:
Տ. Եսայի քհն. Արթենյան
Աղբյուր՝ Holytrinity.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում