ԵԱՀԿ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. օրակարգում արցախյան հիմնահարցն էր

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հունիսի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /Ռուսաստան/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Յան Քելլիին /ԱՄՆ/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արցախյան հարցի լուծման ընթացքին: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարճ ներկայացրել են Կոժարային բանակցությունների ներկայիս փուլի մասին, ինչպես նաեւ խոսել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումների մասին:

Նրանք նաեւ տեսակետներ են փոխանակել ԵԱՀԿ նախագահի’ Հայաստան եւ Ադրբեջան կատարվելիք այցի վերաբերյալ’ ընդգծելով, որ Ուկրաինան, որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, լավ արդյունքներ է ակնկալում այցելությունից:

ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է Ուկրաինայի պատրաստակամությունը աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին’ հասնելու ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում