Սաղմոս ՃԹ
Նմանատիպ
Այսուհետև՝ սաղմոս Դավթի: Մարգարեանում է Որդու՝ Հորից ծնված լինելը, չարչարանքներից հետո հարությունը և Հոր աջ կողմում նստելը:
1. Ասաց Տէր ցՏէր իմ, նի՛ստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց:
Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»:
Պետրոսը «Գործ առաքելոց»-ի սկզբում ասում է. «Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմը»» (Գործք. 2:34), և քանի որ Տերն իրենից հազար տարի առաջ Դավթի միջոցով խոսել տվեց իր մասին, և Հիսուսը եկավ կատարելու օրենքը, փարիսեցիներին հարցրեց. «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է» (Մատթ. 22:42), և երբ ասացին, թե Դավթի, այսպես ասաց նրանց. «Իսկ Դավիթն ինչպե՞ս է նրան Սուրբ Հոգով կոչում Տեր» (Մատթ. 22:43), ոչ թե ժխտում է այն, որ գիտեին, թե [Դավթի] որդին է, այլ սովորեցնում է այն, ինչ չգիտեին՝ ասելով, որ նրա Տերն եմ և Որդին, քանզի Տերը և Տիրոջը ասելով միևնույն բնության հաղորդակցությունն է ցույց տալիս: Նստի՛ր իմ աջ կողմում, մեծագույն [պատիվ է սա], սակայն մարդեղությանն է ասում, որն ուներ որպես Աստված, և վերցրեց որպես մարդ, քանզի աստվածությունն արեգակի պես է, և նրա մասին աջ ու ձախ չի ասվի: Իսկ մինչևը Աստվածային գրքում դրվածի օրինակն է, անսահմանելիի սահմանը: Նաև, ըստ Դանիելի, գազանների [իշխանությունը] վերացնելուց հետո թագավորելու է անվախճան (տե՛ս Դան. 8:12-15), և չցանկացողներին նույնպես հատուցելու է այդ օրը, որոնք էլ թշնամիներն ու դևերն են, ապա այնուհետև, անկասկած, թագավորելու է:
2. Գաւազան զօրութեան առաքեսցէ քեզ Տէր ի Սիովնէ. և տիրեսցես դու ի մէջ թշնամեաց քոց:
Տերը քեզ իշխանության գավազան կուղարկի Սիոնից, և դու կիշխես քո թշնամիների մեջ:
Ինչպես որ Եսային է ասում. «Հեսեեի արմատից գավազան պիտի ընձյուղվի» (Ես. 11:1)` նկատի ունենալով Կույսին, և Հոր սրտից բխած անժամանակ Բանն, անախտորեն Մարիամի միջոցով երևալով, մի է դառնում, «և ծաղիկ պիտի բուսնի» (Ես. 11:1)`հրաշագործությունները և Թաբոր լեռան պայծառակերպությունը: Նորից՝ գավազանը խաչն է, որ Սիոնում բարձրացավ, գավազան՝ Սիոնից. ինչո՞ւ են սա վերագրում Աբրահամին, որից էլ իննը հարյուր տարի հետո Դավթի կողմից կառուցվեց Սիոնը, իսկ այստեղ իշխանության գավազան է ասում, քանզի նրանով զորացան բոլոր նախահայրերը, և նույնիսկ մենք՝ մեր տկարությամբ, քանզի Հոր իշխանությունը՝ Քրիստոսը, նրանում է հավիտյան, և նա գործում էր և գործում է մեծագույն հրաշքներ: Եվ դու կիշխես, քանզի խաչի քարոզչությունը հեշտությամբ չեղավ և սիրելիների մոտ չգնացին, այլ՝ հեթանոսներով և բարբարոսներով շրջապատվեցին, բայց խաչի զորությամբ զորանում էին, հաղթում, տիրում և մատուցում խաչյալ թագավորին: Սիոնից ուղարկված է ասում, և ոչ թե երկրից, այլ՝ վերին Սիոնից, որ նախ իրենք գիտեին նրա մասին:
3. Ընդ քեզ է ինձ սկիզբն աւուրց զօրութեան, ի վայելչութիւն սրբոց քոց՝ յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ:
Քեզնով է սկսվում զորացումն իմ օրերի, քո սրբերի վայելչությամբ. քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից:
Զորության օրը երկրորդ գալուստն է, երբ Փրկիչը Հոր փառքով գա, և նա է օրերի սկիզբը և վերջին մեծ կիրակին, և զորությունն այդ ժամանակ առավել է երևալու, թեև ի սկզբանե մշտապես նրա հետ է, և օրերի զորացումը նրանից է, և ինքն օրից ու ժամանակից առաջ է և հետո՝ ունենալով իր զորությունը: Քեզ արշալույսից առաջ ծնեցի արգանդից. ցույց է տալիս էությունն ու աստվածությունը, ինչպես որ որովայնից են ծնվում որդիները և ունեն ծնողի բնությունը: Անժամանակ, անախտ, անբաժանորեն ծնվեց անմատույց լույսը, ասում է, աստվածության գեղեցիկ բնությամբ, անարատ և անախտ արգանդից: Եվ ծնվելով կոչվեց ժամանակից առաջ՝ Հոր ծոցից հավիտենական ծագման շնորհիվ, որովհետև արշալույսը արեգակից առաջ է, որ Տերը ստեղծեց և սահմանեց նրանց ընթացքը: Քո սրբերի վայելչությամբ ասելով ցույց է տալիս, որ այս անճառելի իմաստությունը՝ Որդու անճառելի ծննդյան օրինակը, միայն սրբերին է վայել հասկանալ, որն էլ առաքյալների առջև էր: Մեծ զորություն է, որ հողեղեն բնությունը միավորվի Աստծու հետ, և տեսնի ու վայելի:
4. Երդուաւ Տէր և ոչ ևս զղջասցի, թէ դու ես քահանայ յաւիտեան ըստ կարգին Մելքիսեդեկի. և Տէր ընդ աջմէ քումմէ:
Երդվեց Տերը և չի զղջա, որ դու հավիտենական քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի: Եվ Տերը, որ քո աջ կողմում է:
Նա, որ ծնեց նրան արշալույսից առաջ, երդվեց նրան [Քրիստոսի քահանայության համար] նախքան մարդանալը: Աստված թագավորություն տվեց հրեաներին և հեթանոսներին, քաղդեացիներին, մարերին, պարսիկներին, մակեդոնացիներին, հռոմեացիներին, հայերին, ասորիներին և հույներին, իսկ հրեաներին՝ քահանայություն ևս, և հաստատուն չմնացին, որովհետև առանց երդվելու տվեց, իսկ Քրիստոսի թագավորությունն ու քահանայությունը անսահման ու հավիտենական է, քանզի երդմամբ է [հաստատված]: Քանի որ երկուսն էր, թագավորությունը կույսից սկսեց, և Կույսն էլ Հուդայի ցեղից էր, իսկ քահանայությունը՝ Հորդանանում Հովհաննեսի կողմից ստացավ՝ կարծես թե ձեռնադրությամբ, որն էլ ցույց տվեց Վերնատանը հաց բաժանելով: Եվ քանի որ Մելքիսեդեկը Երուսաղեմը կառուցեց և այնտեղ թագավորեց, և հաց ու գինի նվիրեց Աբրահամին, Տերն էլ նորոգեց Երուսաղեմը, և նույն բանը բաժանեց, [այսինքն՝ հաց ու գինի], այլ ոչ թե կենդանի անասուն: Մելիք [նշանակում է] թագավոր, սեդեկ՝ քահանա, թագավոր՝ խաղաղություն, այսինքն՝ թագավոր Սաղեմի, թագավոր արդարության, որը Սեդեկն է, քանզի արդարություն է կոչվում, առաջին [ծննդյամբ] անմայր, երկրորդին՝ անհայր, հավիտյան, որը ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ էլ կյանքի վախճան, որը, սակայն, փոխեց ինքը՝ Ղևիի տան թագավորությունն ու քահանայությունը, թագավորության պատվական ազգը տալով հեթանոսներին, ուր և միշտ մատուցում է իրեն Հորը՝ հացի ու գինու միջոցով, և այլ մատուցող անդամների համար որպես գլուխ է, և ընդունողը Հոր և Սուրբ Հոգու հետ: Եվ Տերը, որ քո աջ կողմում է. Որդին Հոր աջ կողմում, իսկ Հոգին՝ Որդու աջ կողմում, քանզի Հոգին Տեր է, և այնտեղ ամբողջովին աջ է, և ձախ չկա:
5. Խորտակեսցէ յաւուր բարկութեան զթագաւորս. դատի զհեթանոսս, և բազում առնէ զհարուածս. և խորտակեսցէ զգլուխս բազմաց յերկրի:
Բարկության օրը կկործանի թագավորներին: Կդատի հեթանոսներին ու կբազմացնի իր հարվածները, և շատերի գլուխը կջախջախի երկրի վրա:
Աբրահամի միջոցով՝ Սոդոմ-Գոմորը, և վերադարձից հետո՝ Գոգը: Բարկության օրը, քանզի աշխարհի վերջում է հայտնելու բարկությունը, և դևերի ու չարերի չար իշխանությունը, երբ դադարեցնի ամեն իշխանություն և պետություն: Կդատի հեթանոսներին, ինչպես խաչելությունից հետո՝ Երուսաղեմը, իսկ հրեաներին՝ հռոմեացիների միջոցով, և այնտեղ բոլոր ձախակողմյան բազմությունները՝ հալածելով և անշեջ հուրը գցելով: Շատերի գլուխը կջախջախի. գլուխը զանազան աղանդների ու հերետիկոսությունների, քանզի Տերը միայն մի եկեղեցու գլխին է կանգնած:
6. Զուղխս ի ճանապարհի արբուսցէ. վասն այսորիկ և բարձր արասցէ զգլուխս:
Ճանապարհին նա կխմեցնի հեղեղատի ջրերից, և դրա համար էլ գլուխները վեր կպահի:
Հրեաներինը հեղեղատ էր, այլ ոչ թե կայուն. օրենքը, մարգարեները, քահանայությունը, թագավորությունը, տաճարը և բոլոր բարիքները, որոնցից կարճ ժամանակով օգտվեցին ինչպես ճանապարհորդներ, անցանկալի և անմաքուր, քանզի մաղձով լի էին, և ցանկալի չէր թվում ինչպես հեղեղատի ջուրը, և ահա ցամաքեցին: Դրա համար էլ սուրբ եկեղեցին ջինջ է՝ միշտ կայուն լինելով, քանզի ծարավ էր մաքուր ցանկությամբ, օրհնում է և բարձրացնում իր գլխին՝ Քրիստոսին, խոսքով և խորհրդով՝ մինչև միանա նրա հասակին՝ վերցնելով գլուխը, անվախճան, հավիտյան՝ Հոր հաճությամբ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում