Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից: Այս մասին նշված է ՀՅԴ-ի հայտարարության մեջ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ:
Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին:
Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ:
Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ:
Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր:
Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից:
Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։
Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ։
Համարժեք քայլերով և գործողություններով հակազդելու ենք իշխանությունների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականությունը և ներհասարակական կայունությունն ու զարգացումը։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում