Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն պնդմանը, համաձայն որի Մինասյանն իր համար «մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ»։
Միքայել Մինասյանը մասնավորապես գրել է.
«Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:
Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:
Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են:
Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»։
Հիշեցնենք, ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի իր անունը կապվի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, քանի որ նա ինձ համար մարդ է, որը պետք է շատ հարցերի պատասխանները տա ՀՀ օրենքի առաջ։ Կլինի քննություն, և քննությունը կասի` արդյոք նա պետք է կանգնի օրենքի առաջ, թե ոչ։ Թող որևէ մեկը պղտոր ջրում ձուկ չորսա», – ասել էր Վանեցյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում