Հավիտենական իրողություն
Նմանատիպ
Աստված հասնում է փրկության ոչ շուտ, քան հանկարծահաս, բայց երկար հասունացած, անխուսափելի, բայց խուսանավելի կործանումից անմիջապես առաջ, որովհետև երբ մոտ չէ կործանումը, փրկությունը անհասկանալի է, ավելի ճիշտ` չակնկալված ու չընկալված: Իսկ ինչի՞ համար է փրկությունը. լայն և նեղ ճանապարհները զանազանելու համար:
Լայն ճանապարհի վրա չկա փրկություն. ո՛չ այն պատճառով, որ կործանում չկա, այլ որ այդ ճանապարհը հենց կործանումն իսկ է: Իսկ նեղ ճանապարհի վրա վտանգներն ու սպառնալիքները դարանակալում են ամեն քայլափոխի: Փրկությունը ընթացք է, ջանք, ձեռքբերում: Ինչպես հաղթանակը սպասում է ջանադիր մարզիկներին, որ ներկայացված չափորոշիչներին համապատասխան ցատկում են, վազում, ծանրություններ բարձրացնում, այնպես էլ Տիրոջ կողմից արդեն իսկ պատրաստված է փրկությունը` նախասահմանված նրանց համար, ովքեր, դժվարություններն ու խոչընդոտները արհամարհելով, ընթանում են ձեռք բերելու իրենց վաստակած փրկությունը` իրենց կյանքի պսակն ու կատարումը:
Փրկությունը հավիտենական իրողություն է հավիտենության համար: Կյանքում շատ տհաճ դիպվածներ, դժբախտ պատահարներ են լինում, որոնցից մարդիկ կարողանում են մազապուրծ լինել, սակայն իրենց փրկությունն էլ մի հաջող դիպված են համարում, ո՛չ թե կյանքի հունը ճիշտ ընթացքով տանելու նախազգուշացում, և շարունակում են վատթար ընթացքի մեջ մնալ: Իրենց համոզմամբ փրկվում են, անգամ մատաղ են անում. յոթ տուն բաժանում, նստում ուտում-խմում, բայց իրականում բարեհաջող շարունակում են դեպի կործանում իրենց ընթացքը: Նրանք, ովքեր իրոք փրկվում են, արմատապես փոխում են իրենց կյանքը, ասես ուրիշ մարդ են դառնում: Նրանցից ոմանք էլ ոչ թե մարմնավոր մահից են փրկվում, այլ մահ են ճաշակում և, նյութական աշխարհ վերադառնալով, շարունակում են ապրել կլինիկական մահվան ընձեռած հոգևոր փորձառության տպավորության տակ: Ոմանք փրկության են կոչվում Տիրոջ մասնահատուկ հայտնությամբ: Շատերն էլ փրկվում են` փոխում են իրենց կյանքը մեկ ակնթարթում` առանց որևէ տեսանելի հրաշքի կամ ակնառու իրադարձության` իրենք էլ մինչև վերջ չգիտակցելով, թե ինչպես Աստծո Հայտնությունը իրենցից էլ աննկատ հեղաշրջեց իրենց` լուսավորելով իրենց մոլորված քայլերը, հաստատելով երերուն ընթացքը, քաջալերելով վարանոտ հոգու թոթով հավատը: Փրկությունը անհրաժեշտ է բոլորիս հավասարապես, անկախ այն բանից` խեղդվում ենք, թե բազմոցին հանգիստ ու ապահով բազմած խաբարբզիկով դիտում ենք ուրիշ խեղդվող մարդկանց:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում