Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով գիրքը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամերիկաբնակ Նադյա Շահգալդյանը (Nadia Shahgaldian) որպես նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել եզակի նշանակության հնատիպ գիրք՝ Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով՝ արված 1920 թվականի հունիսին: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։
Առաջին հրատարակություն հանդիսացող այս հատորը Ավրորայի հայտնի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի սցենարն է՝ “The Auction of Souls, The story of Aurora Mardiganian, the Christian girl who survived the great massacres, scenario by Frederic Chapin, staged by Oscar Apfel, produced by W. Selig, New York, 1919:
Եզակի հատորը ձեռք է բերել Նադյա Շահգալդյանի ամուսինը RareBooks գրախանութից: Ավելի քան 20 տարի, գիրքը որպես մասունք, պահվել է Շահգալդյանների ընտանիքում:
Ավրորա Մարդիգանյանի օրագրությունը հրատարակվել է ամերիկյան մամուլում 1918թ. «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» վերնագրերով: Նույն տարում էկրաններին է հայտնվել այդ գրքի հիման վրա բարեգործական նպատակներով ստեղծված «Հոգիներիաճուրդ» համր ֆիլմ է: Կինոնկարում Ավրորան անձամբ խաղացել է իր դերը՝ այդպիսով դառնալով հայ առաջին կինոդերասանուհին՝ ցեղասպանության սարսափելի պատկերները ցուցադրող առաջին ֆիլմում:
Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում