Համագործակցության նոր ուղղություն՝ լեհ ճարտարապետների հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լեհաստանի Վրոցլավ քաղաքից ժամանած ճարտարապետների խումբը հյուրընկալվել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։ Կազմակերպությունը լեհ գործընկերների հետ համագործակցության հետաքրքիր ու նոր ծրագիր կյանքի կկոչի։ Նախատեսվում է հուշարձանների տարածքներում մասնագիտական հետազոտությունների անցկացում, կադրերի վերապատրաստում և փորձի փոխանակում։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի կայքից։
Վրոցլավի Գիտության և Տեխնոլոգիայի Համալսարանի արվեստի, ճարտարապետության, տեխնոլոգիայի ֆակուլտեի փոխտնօրեն, պրոֆեսոր Յասեկ Կոսչյուկը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին ներկայացրել է մի շարք երկրներում՝ Եգիպտոսում, Լեհաստանում, Սուդանում և իրենց խմբի կողմից իրականացրած աշխատանքները՝ հետազոտություններից մինչև 3D մոդելավորման տարբերակով հուշարձանի վերականգնում։ Առաջարկ եղավ Զվարթնոց տաճարը ներկայացնել 3D տարբերակով։
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը լեհ գործընկերներին պատմել է կազմակերպության գործառույթների, հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ այս օրերին Մեծամոր հնավայրի տարածքում հնագիտական արշավախումբ է աշխատում՝ նոր ու հետաքրքիր բացահայտումներ անելով հուշարձանի մասին։ Լեհ ճարտարապետները կմեկնեն Վայոց ձորի մարզ ծանոթանալու՝ Արատեսի, Սելիմի քարավանատան, Սմբատաբերտի ճարտարապետությանը, կլինեն Ագարակ պատմամշակութային արգելոցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում