Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտահայ մեծանուն գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակախոս Երվանդ Օտյանի գրչին պատկանող բացառիկ ու հետաքրքիր նմուշներ, որոնք երկար տարիներ պահվում են Ազգային գրաֆոնդում, ներկայացվեցին հանրությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օտյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը բացվեց գրողի ծննդյան օրը` սեպտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում:
Գրադարանի գիտական ընթերցասրահի ենթաբաժնի վարիչ Արևիկ Զախարյանը շեշտեց, որ Երվանդ Օտյանն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ, և նրա երգիծական ստեղծագործությունները միշտ էլ այժմեական են: «Ցուցադրությունում տեղ են գտել Օտյանի գործերի տարբեր տարիների հրատարակությունները` սկսած 1909 թվականից մինչև մեր օրեր: Առանձին տեղ են գրավում պարբերական մամուլի հրատարակությունները, ինչպես նաև նրա մասին ասված տարբեր գրողների խոսքերն ու ասույթները»,-ներկայացրեց Զախարյանը:
«Թե ինչքան է ապրում գրողը ժողովրդի հիշողության մեջ, պայմանավորված է նրանով, թե ինչքան է յուրաքանչյուր ժամանակ այդ գրողի գործերում գտնում հարցերի պատասխանները: Օտյանն ավելի քան արդիական է այսօր. արդիական է հեղափոխականի և հեղափոխության նկատմամբ իր գնահատականներով ու վերաբերմունքով: Օտյանի ստեղծագործություններում պետք չէ որոնել այս կամ այն անձին, թեպետ նրա գործերում եղել են հերոսների նախատիպեր տարբեր կուսակցություններից: Երվանդ Օտյանն իր ինքնահարցազրույցում նշել է, որ մեր կռիվը ոչ թե անձի, խմբակցության, կուսակցության, այլ կեղծիքի, շահագործման դեմ է»,-ընդգծեց բանասիրական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով` Օտյանը մեր երկրի հարստությունն է և լավ կլինի, եթե պատկան մարմինները նախաձեռնեն լույս ընծայել նրա երկերի լիակատար ժողովածուն: «Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը արդիական է ոչ միայն հայերի, այլև հետխորհրդային գրեթե բոլոր երկրների, ի վերջո աշխարհի համար: Նա համաշխարհային մեծություն է»,-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում