Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն

Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն

Ա

Գարնան թարմ և փափուկ առավոտ էր։ Արևի շողքերը դեռ նոր խաղում էին վաղորդյան ցողի մարգարիտների հետ։ Տ… գյուղի երդիկներից ծուխը օձանման պտտվում էր երկնքի կապուտակ տարածության մեջ։

Մարթան, ժիր տանտիկինը, նստած նոր վառած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքին, կերակուրներին էր նայում։ Նրա հարսը՝ Ջավահիրը, թեթև թիթեռնիկի նման, պտտվում էր յուր սկեսուրի շուրջը և նրա հրամաններն էր կատարում: Իսկ գեղեցիկ Հռիփսիմեն, տանտիկնոջ տասն և յոթն տարեկան աղջիկը, ավելը ձեռքին՝ տախտն էր մաքրում։

Հանկարծ ներս մտավ մահտեսի Հակոն, Մարթայի ամուսինը: Հռիփսիմեն և Ջավահիրը, վերջացնելով իրանց գործը, առաջինը առեց յուր կարը և նստավ ծալքի ետքում, սկսավ գործել, իսկ վերջինը գնաց հավերին կուտ տալու։

Մահտեսի Հակոյի դեմքը արտահայտում էր խորին ուրախություն։

– Աչքդ լո՛ւյս Մարթա, – ասաց նա մոտենալով յուր կնոջը։ – Կուզե՞ս խեր֊խաբար։

– Ի՞նչ խաբար, – հարցրուց կինը, նույնպես ուրախանալով։

– Մելիքը միտք ունի մեր Հռիփսիմեի վրա պսակվել:

Մարթայի դեմքի վրա երևաց զարմանքի նման մի բան, և նա ասաց. – Ես չեմ հավատում, որ ուղտը մեր նեղ դռնից ներս մտնի, կամ մելիքի պես մեծ մարդը մեզ փեսա դառնա։

Մահտեսի Հակոն ավելի սկսավ պնդել յուր խոսքը։

– Մեր տեր-Կիրակոսին հավատում ե՞ս դու, – հարցրուց նա։

– Հավատում եմ, նա սուրբ մարդ է, ամեն գիշեր յոթն կանոն Սաղմոս է քաղում,- պատասխանեց կինը։

– Նա ինքը ասաց ինձ այդ խոսքը։

Մարթայի հրճվանքին չափ չկար։

– Հիմա գնա՛ ու քեփ արա՛, Մարթա, մելիքի պես փեսա ունիմք… Նա շատ մեծ մարդ է, Մարթա… Նրա փողերին չափ չկա… – խոսեց մահտեսի Հակոն հիացմունքով։

– Բայց մենք աղքատ ենք, – նրա խոսքը կտրեց կինը։

– Իրավ, մենք աղքատ ենք, բայց աստված մեզ տվել է գեղեցիկ Հռիփսիմեն, որի պատճառով հարուստ փեսա կունենանք… և մենք էլ գուցե կհարստանանք…։

Բ

Սույն միջոցին ներս մտավ մահտեսի Հակոյի որդին՝ Ստեփանը։ Ծնողքը պատմեցին նրան։ Իսկ նա, փոխանակ նրանց ուրախությանը բաժանորդ լինելու, սառն կերպով պատասխանեց․

– Ես գիտեմ, որ այդ գլուխ գալու գործ չէ, Հռիփսիմեն մելիքին չէ կարող սիրել, նա մի ուրիշին է սիրում…

– Ո՞ւմ, – կատաղելով հարցրուց հայրը։

– Եղոյի տղա Ալեքսանին։

– Վա՜յ, ես սև հագնեմ…- ձայն տվեց Մարթան։

Բայց մահտեսի Հակոյի աչքերը վառվեցան վայրենի կրակով և նա գոռաց.

– Եղոյի տղին… Ո՞վ է նա, մի լոթի տղա է… Տանումը ուտելու հաց չունի…։ Ես Հռիփսիմին կսպանեմ, եթե մի այդպիսի բան կա նրա սրտումը…

Հոր խոսքերը Ստեփանի վրա վատ տպավորություն ունեցան, որովհետև նա սիրում էր յուր քրոջը և սիրում էր Ալեքսանին, և գիտեր, թե նրանք ո՛րքան սիրում էին միմյանց: Եվ նա շատ մեղմությամբ պատասխանեց.

– Ինչո՞ւ եք բարկանում, հայր իմ, «գովուլ սավան գորչակ օլուր» (սրտի սիրածը գեղեցիկ է լինում), ասում է թուրքի առածը։ Ալեքսանը ամենևին լոթի չէ, նա ժիր, բանվոր և ուրախ տղա է։ Ճշմարիտ է, մելիքի չափ փող չունի, բայց ջահիլ է, աշխատավոր է, կարող է կին պահել։

– Նա մելիքի դռան շունը չէ կարող լինել, – բարկությամբ որդու խոսքը կտրեց մահտեսի Հակոն։

– Մելիքին ի՞նչպես փոխենք մի գյադայի (գռեհիկի) հետ,- մեջ մտավ Մարթան։

– Մելիքն ի՞նչ է,-  փոքր-ինչ պինդ ձայնով հարցրուց Ստեփանը։ – Դիցուք թե փող շատ ունի, ինքն մեծ մարդ է. բայց վաթսուն տարեկան ծերացած և փտած մարդ է․․․ Հռիփսիմեն պիտի գնա նրա եթիմներին (որբերին) մայրություն անե՞․․․

– Այ տղա, ի՞նչ ես խելքդ կորցրել, – շարունակեց մահտեսի Հակոն, – ի՞նչ ես սարսաղ-սարսաղ գլխիցդ դուրս տալիս, մելիքը ինքը ինչ կուզի թող լինի։ Մեզ բավական է միայն, որ նրա նման մի մարդ մեզ փեսա է դառնում․․․ Շատ բաշլըղ կառնենք, նա կօգնե մեզ գյուղի գործերում, մեզ թև ու թիկունք կդառնա, գյուղացիքը մեզնից կվախենան, մեր ցանքի ջուրը չեն կտրի, մեր արտերը չեն փչացնի։ Խանը մեզանից ավելի հարկ չի կարող առնել, մի խոսքով, նա մեզ ամեն չարից կպահպանե․․․

Ստեփանը էլ ավելի չխոսեց, գլուխը թափ տալով տանից դուրս գնաց, քթի տակից մրթմրթալով, – «Ես գիտեմ այդ բանի վերջն ի’նչ կլինի»․․․։

Գ

Այդ խոսակցության ժամանակ Հռիփսիմեն, ծալքի ետնեն միայնակ նստած, լսում էր բոլորը։ Հայրը տանից գնալեն հետո, նա դուրս եկավ այնտեղից։

– Այդ ի՞նչ է, աղջի, աչքերդ կարմրել են, – հարցրուց մայրը:

– Ոչինչ, մայրի’կ, գլուխս մի քիչ ցավում է, – պատասխանեց օրիորդը ողորմելի ձայնով։

-Դու լաց ես եղել, Հռիփսիմե, արտասուքը թշերիցդ դեռ չէ չորացել։

– Չէ՛, մայրիկ, գլուխս ցավում է․․․

Աղջիկը էլ ոչինչ չխոսեց, սափորը առավ ուսին, գնաց աղբյուրից ջուր բերելու։

Մայրը մնաց միայնակ։ – Աղջի Ջավահի’ր, – ձայն տվեց նա հարսին։

Հայտնվեցավ հարսը, երեսը մինչև գոտին ծածկված կարմիր լեչակով։

Սկեսուրը ասաց նրան.

-Հարսի՛, մելիքը միտք ունի պսակվել Հռիփսիմեի հետ, այսօր ես նրան ուրիշ տեսակ տեսա, երևում է սրտումը բան ունի թաքցրած։ Նա ամաչեց, ինձ ոչինչ չասաց, բայց քեզանից չի ծածկի յուր սիրտը։ Դու նրան խոսացրու, միտքն իմացի՛ր և ինձ խաբար տուր։ Հարսը գլխով շարժեց ի նշան համաձայնության։

– Հիմա նա կդառնա աղբյուրից, – շարունակեց Մարթան, – ես գնում եմ քավորենց տունը, դու նրան խոսացրու։

Մարթան առեց յուր թեշին և ձեռքում մանելով տանից դուրս գնաց։

ճանապարհին նրան հանդիպեց սանամեր Շուշանը։

– Աչքդ լո՜ւյս-ասաց նա ծիծաղելով, – ինչպես աղջկադ բախտը բաց էլավ. սուրբ Կարապետը, Մարթա, աստված ձեզ ողորմություն արաց․․․ – Աստված քո Մարիամին էլ փոխ անե, – պատասխանեց Մարթան։ – Հիմա հավատում ե՞ս, Մարթա, որ իմ երազը կատարվեցավ։ Քանի օր առաջ ասում էի քեզ, որ երազում տեսա մի կանաչ-կարմիր լույս կամար էր կապել ձեր տան վրա։ Այդ լույսն մելիքն էր․․․

– Փառք յուր ողորմությանը, – երեսը խաչակնքելով ավելացրեց Մարթան, – տեր ամենակալը խղճաց մեր թշվառության վրա․․․։

Այդպիսի կրոնական զգացմունքներով, նրանք շարունակելով իրանց խոսակցությունը, գնում էին քավորենց տունը։ Մինչդեռ Հռիփսիմեն դարձավ աղբյուրեն։

Դ

– Լսե՞լ ե՛ս, Հռիփսիմե, – ասաց նրան Ջավահիրը․- մեր մելիքը միտք ունի քեզ վրա պսակվի։

– Չէ՛, Ջավահիր, ես ջուրը կընկնեմ, ես ինձ կխեղդեմ, ես չեմ կարող նրան ուզել, – ասաց Հռիփսիմեն, արտասուքը սրբելով։ – Գժվել ես, աղջի, մելիքի նման մարդը քեզ վրա պսակվի, դու չե՜ս ուզի, այդ ի՞նչ խելք է։

Օրիորդի գունատվտծ դեմքը ավելի տխրեց և նա պատասխանեց.

– Ես չեմ կարող, Ջավահի’ր, ես չեմ կարող ուզել նրան։

– Հո՜ղը սարսաղ գլխիդ,—նրա խոսքը արհամարհանոք կտրեց հարսը։ – Գիտե՞ս, ի՛նչ շորեր կհագցնի քեզ, գիտե՜ս, ինչպես կպահե քեզ։

– Եթե ինձ ոսկու և արծաթի մեջ պահի, էլի չեմ կարող նրան սիրել։

– Հո՜ղը դատարկ գլխիդ, – դարձյալ կրկնեց Ջավահիրը։ – Ես գիտեմ, դու էլ սրտումդ դարդ ունիս։

Օրիորդը կարմրեց։

– Ես ոչինչ դարդ չունեմ, – ասաց նա մեղմ ձայնով:

– Չէ’, չունես․․․ դու Ալեքսանին սիրում ես,- նրա խոսքը կտրեց հարսը։

Օրիորդը ավելի շփոթվեցավ։

– Այդպես չէ՞, դե’ ասա’, դե ասա’, – կրկնեց Ջավահիրը։

– Ես միտք չունեմ մարդու գնալու, – պատասխանեց համեստությամբ Հռիփսիմեն։

– Կո՜ւյս պիտի դաոնաս, ինչ է։

 -Ես գիտեմ․․․

 – Գրո՜ղը տանի քեզ պես սարսաղը… հայրդ, մայրդ քեզ մելիքին տալեն հետո, դու ինչ կարոդ ես անել։

Օրիորդի աչքերում նկատվեցավ բարկության նման մի բան, և նա դոշեց.

– Ես ինձ կխեղդեմ…

– Գնամ մորդ ասեմ, – սպառնական կերպով ասաց հարսը։

Լսելով վերջին խոսքերը, օրիորդը դարձյալ մեղմացավ և, բռնելով Ջավահիրի ձեռքը, ասաց նրան ողորմելի ձայնով.

– Հարսի ջան, քո հոգուն մատաղ, աղաչում եմ քեզ, դու մորս ոչինչ մի՛ ասա, հայրս լսե, ինձ կսպանե… ասա մորս, ես ուխտ եմ դրել ինձ վրա, մինչև քսան տարեկան չդառնամ, մարդի չպիտի գնամ… Ասա՛ մորս դեռ սպասեն… ինձ մելիքին չտան…։ Ջավահիրը, տեսնելով օրիորդի արտասուքը, զգաց նրա սրրտի դառն վրդովմունքը, և գրկեց նրան ասելով.

– Հռիփսիմե ջան, ես իմանում եմ քո սրտի դարդը… ես մորդ ոչինչ չեմ ասի…

Ե

Անցավ մի քանի շաբաթ։

Երեկոյան մութը բավականին թանձրացել էր։ Մի երիտասարդ բահը ուսին դառնում էր դաշտեն։ Նրա գեղեցիկ կերպարանքը, ամբողջ օրվա հոգնածությունից հետո, դարձյալ արտահայտում էր ուրախություն և հրճվանք։

Նա գալիս էր այգիների միջով, երեկոյան հովասուն տարածության մեջ լսելի էր լինում նրա քաղցր երգի հնչումները։

«Հռիփսիմես սաղ ունենամ,
Մի գեղեցիկ բաղ ունենամ,
Հոիփսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»։

«Բաղ ունենամ ես գեղեցիկ,
Էնտեղ բուսնին վարդ ու ծաղիկ,
Հռիփսիմես սեյրան անե,
Բլբուլներին հեյրան անե»։

Վերջացնելով յուր երգը, երիտասարդը մոտեցավ մի այգիի, բահը նեցուկ դրեց պատին, և վագրի արագությամբ վեր թռավ պատի վրա, իջավ այգիի մեջ։

«Նա ամեն երեկո այստեղ տեսնվում էր ինձ հետ, գնամ, գուցե գտնեմ հրեշտակիս»․․․- ասաց նա ինքն իրան, և առաջ գնաց։ Երկար նա այգիում պտտելուց հետո չգտավ յուր սիրուհուն, հուսահատ դուրս գնաց։

Մտնելով գյուղը, երիտասարդը անցավ մահտեսի Հակոյի տան առջևից։

Նա զարմացավ, լսելով այնտեղից երգի ու ուրախության ձայներ։

– Այդ ի՞նչ խաբար է, – հարցրուց նա, հանդիպելով մահտեսի Հակոյի որդուն՝ Ստեփանին։

– Չե՞ս լսել, Ալեքսան, մեր Հռիփսիմին նշանում են, – պատասխանեց Ստեփանը տխուր դեմքով։

Կայծակի հարվածք ունեցավ այդ լուրը խեղճ երիտասադի վրա։

– Ո՞ւմ համար, – հարցրուց նա։

– Մեր մելիքի։

Երիտասարդը կատաղեցավ։ – Աշխարհը քարուքանդ կանեմ, բոլոր մելիքի տունը կկոտորեմ, ո՞վ կարա խլել իմ ձեռքից իմ Հռիփսիմեն․․․։

– Սխալվում ես, Ալեքսան, բըզի վրա ձեռք չի կարելի խփել․․․- պատասխանեց Ստեփանը գլուխը շարժելով։ – Բայց դու միամիտ կաց, որ ես քանի կենդանի եմ, չեմ թnղ տա այդ բանը կատարվի։

Բայց Ալեքսանը չլսեց նրան և կատաղած առյուծի նման վազեց դեպի իրանց տունը, և առեց յուր զենքերը։ Նա դուրս եկավ գյուղի մեջ այն ժամանակ, երբ մելիքը նշանդրեքը վերջացնելով, յուր ծառաների և բարեկամների հետ, լուսավորված լապտերներով, դառնում էր մահտեսի Հակոյի տնեն։

– Դո՛ւ, քավթա՛ռ, խլում ես իմ սիրուհին․․․- հանկարծ գոռաց մի ձայն։

– Այդ ո՞վ է․․․ բռնե՛ք այդ լակոտին․․․- գոչեց մելիքը, շփոթվելով։

Սուրը շողաց և նա զգաց յուր գլխին մի սաստիկ զարկ։

Ծառաները վրա թափեցան, լապտերները հանգան․․․ և բոլորը կորան վառոդի ծխի մեջ․․․։

Զ

Անցան մի քանի ամիսներ։

Մութ-խավարային բանտի մեջ նստած էր մի երիտասարդ։ Այդ խոնավ, ստորերկրյա բնակարանի գիջությունից բոլորովին մաշվել էր խղճալին։ Նրա մեռելային դեմքը, շիջած աչքերը արտահայտում էին տխուր և հուսահատ սրտի կսկիծները․․․։

«Բանտ, – ասում էր ինքն իրան, – ի՜նչ սարսափելի ես դու․․․ ես կենդանի տանջվում եմ գերեզմանիս մեջ․․․ տանջվում եմ, և մտածում եմ Հռիփսիմիս համար․․․ Ա՜խ, մահն էլ ինձ մոտ չէ գալիս, գոնյա՛ հանգստացնե ինձ…»։

Նա գլուխը վեր թողեց հարդի վրա և թմրությունը տիրեց խղճալուն։

Հանկարծ փայլեցավ մի լույս։

Մինը, ճրագը ձեռքում, փաթաթված սև վերարկուի մեջ, իջավ բանտի սանդուղքներեն։

Նա կանգնեց պառկած երիտասարդի մոտ, և յուր տխուր հայացքը ձգելով նրա երեսին, ասաց. – Նա դեռ կենդանի է․․․։

Եվ գրկեց նրան։

Երիտասարդը զարթեցավ։

– Աստված իմ, – գոչեց նա րոպեական շփոթությունից հետո, – ինչ եմ տեսնում․․․ այդ երազ է․․․

– Ալեքսան, իմ հոգիս, – ձայն տվեց եկվորը։

– Ստեփան, իմ հրեշտակ, – ձայն տվեց երիտասարդը։

Սրանք կրկին գրկախառնվեցան։

Տիրեց հիացմունք և լռություն։

– Ո՞րպես դու մտար այստեղ, իմ բարեկամ, – հարցրուց Ալեքսանը մի փոքր զգաստանալուց հետո։

– Ես կաշառեցի պահապանին, և նա թող տվավ ինձ քեզ մոտ գալ, – պատասխանեց Ստեփանը, նստելով երիտասարդի մոտ։

– Դու եկար տեսնե՞լ իմ թշվառությունը․․․

– Ոչ, Ալեքսան, ես եկա ազատել քեզ, որովհետև ես զգում եմ, որ իմ քույրը եղավ քո բոլոր թշվառության պատճառը․․․

– Չէ՛, Ստեփան, իմ սիրելի, մի՛ նախատեցեք նրան, Հռիփսիմեն անմեղ է, որպես երկնքի հրեշտակը, նա հավատարիմ․․․ մնաց յուր խոստմունքին․․․ նա սիրում էր ինձ․․․ ես սիրում էի նրան… բայց քո ծնողաց բռնաբարությունը մեզ րկեցին միմյանցից․․․

– Դու չլսեցիր իմ խրատը, Ալեքսան։

– Սերը, իմ բարեկամ, հասցնում է մարդին մինչև կատաղություն և ցնորք․․․։ Ես ցանկացա իմ սրով վերջ տալ գործին, բայց ինձ չհաջողվեցավ․․․

– Այդ բոլորը անցել են, Ալեքսան, լսի՛ր, ինչ որ ասում եմ քեզ, ես կաշառել եմ պահապաններից մինին, նա խոստացել է էգուց գիշերը բաց թողնել քեզ. ես և Հռիփսիմեն կսպասենք քեզ ամրոցի մոտ։ Պահապանը քեզ մեր մոտ կբերե։ Այնտեղից մենք կփախչենք օտար երկիր։

Ալեքսանի մռայլված դեմքը փայլեցավ ուրախության լուսով և նա գրկեց Ստեփանին, գոչելով.

– Իմ հրեշտակ, իմ փրկիչ։

– Բավական է, ես ուշանում եմ, էգուց գիշեր կտեսնենք միմյանց։

Նրանք բաժանվեցան։
Է

Այդ խոսակցության միջոցին, մի մարդ, դևի նման կուչ եկած բանտի սանդուղքների վրա, լսում էր բոլորը։ Ստեփանի դուրս գալու ժամանակ, նա քաշվեցավ, ուրվականի պես կորավ գիշերային խավարի մեջ։ Քանի ժամից հետո նույն մարդը հայտնվեցավ մելիքի մոտ և պատմեց յուր լսածները։

Մելիքի վայրենի դեմքը խռովեցավ կատաղության բարկությունով, և նա հրամայեց իրան տալ գրիչ և թուղթ։

– Ես կցույց տամ քեզ փախչելը, – ասաց նա, և սկսավ գրել մի այդպիսի նամակ։

«Վսեմափառ խան»։

«Նամակիս հետ ուղարկում եմ ձեզ հարյուր հատ ոսկի էշրեֆի, այն պայմանով միայն, որ դուք հրամայեք այս գիշեր վերջ տային այն հայ երիտասարդի կյանքին, որ ձեր բանտումն է»։

Նա կնքեց նամակը և ոսկիների հետ տվեց ծառային, տանել խանին։

Նույն րոպեին նրա խոժոռ դեմքի վրա ցնցվեցավ մի սարսափելի ծիծաղ։

«Ում հետ են խաղ անում դրանք… – ասաց նա ինքնաբավական հպարտությամբ,— ամբողջ գավառիս հայ ժողովուրդը ինձանից դողում է… Խանի սիրտը ձեռքումս ունեմ… ինչեր ուզում եմ, անում եմ… Հե՞շտ է ինձ հետ գործ ունենալ»…

Քանի րոպեից հետո նա փոխեց յուր խոսքը. «Ա՛խ, Հռիփսիմե, ինչու դու չես սիրում ինձ… շուտով ես քո մտքի ցնորքը դեպի մյուս աշխարհը կուղարկեմ… այն ժամանակ դու ստիպված կլինես սիրել ինձ… սիրել և մանկացնել իմ սպիտակ ալիքները»…։

Վերջին խոսքերը վառեցին ծերունի տարփածուի սրտում նրա սառած կրքերը, և նա իսկույն ձայն տվեց յուր տնտեսին։

Հայտնվեցավ մի կարճլիկ մարդ, մռայլված կերպարանքով։

– Մառտո, – հրամայեց նրան, – էգուց առավոտից պատրաստվեցեք սկսել հարսանիքը։

– Դեռ շատ բան պակաս է, տեր իմ, – պատասխանեց տնտեսը։

– Փույթ չէ՛, լսի՚ր, ինչ որ ասում եմ քեզ։

– Հրամեր եք, աղա, – ասաց տնտեսը և գլուխ տալով հեռացավ։

Տնտեսը գնալուց հետո նա դարձյալ անձնատուր եղավ յուր մտքերին. «Ես բոլորովին առողջ եմ զգում ինձ այժմ, ամբողջ երեք ամիս այն չարագործի սրով ես պառկած մնացի իմ անկողնում, բայց տերը ազատեց ինձ, բայց նա չի ազատվի իմ ձեռքեն… նա այս գիշեր կմորթվի, դահճի ձեռքով»…։

Ը

Առավոտը լուսացավ։

Տ․․․ գյուղի մեջ լսելի էին լինում դհոլի և զուռնայի ձայներ։ Գյուղացոց դեմքի վրա փայլում էր ուրախություն։ Յոթն օր և յոթ գիշեր հարսանիք պիտի լիներ։

– Ի՜նչպես բախտավորվեցավ մահտեսի Հակոն, – ասում էր գյուղացիներից մինը յուր մոտ կանգնած մարդուն։ – Մելիքի պես փեսա գտավ, ասում են հիսուն թուման բաշլըղ է առել, մի ջուխտ եզ, մի ջուխտ գոմեշ է ստացել։ Շուտով յուր համար գութան կսարքե, կվարե, կհնձե և կապրե..․

– Էս էլ աստծո տալիքն է, Մարտիրոս ախպեր, – նրա խոսքը կտրեց մի այլը. «Բախտը երբ որ բերում է, ամեն բան էլ լինում է, բախտը երբ որ գնում է, ամեն բան էլ տանում է»։

– Բայց էդ լա՞վ է, որ մի աղջկա համար այնքան արյուններ թափվեց, – մեջ մտավ մի այլը։

– Օրհնած, մեզ ի՜նչ, – նրան պատասխանեց մի կարճլիկ մարդ, – եթե այդ հարսանիքը չլիներ, մենք որտեղից մինչև յոթն օր, յոթն գիշեր կարող էինք առատ ուտել-խմել և քեֆ անել։

– Էդ դրուստ է, – մեջ մտավ մի գյուղացի երիտասարդ, – բայց գիտե՞ք, Ալեքսանը ի՜նչ տղա էր… Ամբողջ գյուղի ուրախությունն էր նա։ Նրա ղոչաղությունը, նրա խաղ ասելը, նրա բնավորությունը, ո՞վ ունի, ամենի համար նա յուր գլուխը չէր խնայի, բայց մի այդպիսի բարի և քաջ տղամարդը հիմա փտում է բանտի մեջ…

– Մարդի ճակատին ինչ որ գրված է, էն կլի, – երիտասարդի խոսքը կտրեց մի ծերունի։ – Աստուծո գործերը չէ կարելի քննել, ի՞նչ մեր գործն է այդպիսի բաների վրա խոսելը…

Մարդիկ լռեցին, երբ որ մոտեցան նրանց դհոլ-զուռնա ածողները, և մի ահագին խայտաճամուկ բազմություն, որոնք պար գալով – ուրախություն անելով մահտեսի Հակոյի տունը նան գուշտ էին անում մելիքի տանից։

Խոսողները խառնվեցան նրանց խմբին, և բոլորը դիմեցին դեպի մահտեսի Հակոյի տունը։

Թ

Նույն ավուր գիշերը մահտեսի Հակոյի տունը լիքն էր բազմությունով։ Այնտեղ հավաքված էին նրա բոլոր ազգականները, բարեկամները, ուտում, խմում և ուրախանում էին։ Մի հոգի միայն տխուր էր այդ տան մեջ, դա էր օրիորդ Հոիփսիմեն։ Նա միայնակ նստած էր մի փոքրիկ սենյակում և արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա գունատ թշերի վրա։

Նրա մոտ ներս մտավ Ջավահիրը, հինայի ամանը ձեռքում բռնած։ Օրիորդը շուտով սրբեց արտասուքը։

– Աղջի՛, Հռիփսիմե, էլի ի՞նչ ես ունքերդ կիտել, էլ ի՞նչ կա, – հարցրուց նա, դառնալով դեպի աղջիկը։

– Ոչինչ, Ջավահիր, մի քիչ քեֆս լավ չէ՛, գլուխս պտույտ է գալիս… – տխրությամբ պատասխանեց օրիորդը։

– Քո աչքն էլ տրաքի քո սարսաղ գլխի հետ, բոլոր գյուղը քո հարսանիքով ուրախանում են, դու ասում ես քեֆս լավ չէ՛։

– Ես ի՛նչ անեմ, որ չեմ կարող ուրախանալ…

Ջավահիրը ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին, բռնեց օրիորդի ձեռքիցը, ասաց մի փոքր պինդ ձայնով.

– Էլի իծաներդ մոտ են էլի… շատ մի՛ խոսի, վեր կա՛ց, հինա եմ բերել, վեր կա՛ց ձեռքերդ ու մազերդ հինա դնեմ։

Օրիորդը հրաժարվեցավ։

– Չէ՛, Ջավահի՛ր, թո՛ղ մնա էս գիշեր, աղաչում եմ քեզ, թող մնա էս գիշեր, – ասաց նա տխուր ձայնով։

– Աղջի գժվել ես, ի՞նչ ես խոսում, խնամոնց տնից բերած հինան է։

– Ինչ կուզի, թող լինի, ես չեմ կարող…

– Գնամ մորդ ասեմ, – սպառնական կերպով խոսեց Ջավահիրը։

– Չէ՛, Ջավահիր, մի՛ ասա, աղաչում եմ քեզ, թո՛ղ մնա այս գիշեր։

Ջավահիրը, նկատելով օրիորդի ողորմելի կերպարանքր, խղճաց նրա վրա։

– Խե՜ղճ աղջիկ, – ասաց նա, – ես քո դարդը իմանում եմ.․․

Եվ թողեց նրան միայնակ։

Ժ

Կես գիշերից երկու ժամ անց էր, երբ մահտեսի Հակոյի տնեն ուրախացող բազմություն հեռացավ։ Ճրագները հանգցրին և մնացածները քուն մտան։

Իսկ Հռիփսիմեից վաղուց փախել էր քունը։ Նա անհանգիստ մինին սպասում էր յուր սենյակում։ Հանկարծ այնտեղ մտավ նրա եղբայրը՝ Ստեփանը։

– Շտապի՛ր, Հռիփսիմե՛, ժամանակը կորչում է, շտապի՛ր գնանք, – ասաց նա, բռնելով քրոջ ձեռքից։

Հռիփսիմեն վերջին անգամ նայեց ծնողական տան վրա և մի քանի կաթիլ արտասուք թափելեն հետո, եղբոր հետ դուրս եկան տանից։

Այդ այն խորհրդական գիշերն էր, որ բանտի պահապանը խոստացել էր ազատել Ալեքսանին։ Նրանք հասան այն ամրոցին, որի ստորերկրյա խորշերում փակված էր օրիորդ Հռիփսիմեի անքուն գիշերների առարկան։

Նրանք անհամբեր սպասում էին նշանակյալ տեղում, երբ հայտնվեցավ պահապանը։

– Ո՞ւր է Ալեքսանը, – հարց արին նրանից։

– Ահա՛ տանում են, – ցույցտվեց նա խավարի մեջ։ Նրանք նշմարեցին երկու մարդ, որոնք տանում էին մի բան։

Նրանք մոտ գնացին և տեսան մի դիակ արյունով շաղախված։

Օրիորդը հառաչեց և ընկավ գետին….

* * *

Քանի օրից հետո, պատառոտած շորերը հագին, կիսամերկ և խառնված մազերով մի աղջիկ վազ էր տալիս դաշտերում։ Ստեփանը կամենում էր բռնել նրան և չէր կարողանում։ Աղջիկը վազեց և վազեց վերջապես ընկավ մի թարմ հողադամբարանի վրա, ուր դրած էր անբախտ Ալեքսանի մարմինը։

Այդ աղջիկը դժբախտ Հռիփսիմեն էր։ Խղճալին ցնորված էր արդեն..

Հետևեք մեզ նաև Telegram-ում