Պետությունը միտումնավոր չի խառնվում եկեղեցու դեմ տարվող արշավին
Նմանատիպ
Օրեր առաջ Գեղարքունիքի թեմի Մաքենյաց վանքում մի խումբ մարդիկ ապօրինի գործողություններ են արել, ինչին իրավապահ մարմինները մինչ այսօր չեն արձագանքել: Կարգալույծ եղած քահանաները հակականոնական ծիսակատարություն են իրականացրել, իբր դպրական ու սարկավագական «ձեռնադրություն» արել, վարդապետական աստիճաններ «շնորհել», այնինչ ծեսի կատարման իրավունքը վերապահված է բացառապես եկեղեցական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականին:
«Իրատեսի» աղբյուրները վստահեցնում են՝ իրավապահ մարմինների կողմից դեպքն անուշադրության մատնելն ու համապատասխան քայլեր չձեռնարկելը պատահական չէ: «Իրավապահները գուցե սպասում են, որ Առաքելական եկեղեցու արժանապատվություն ունեցող սպասավորները համարժեք պատասխան տան, գուցե բախում լինի, ու ինչ-որ բան ձեռնարկեն կամ, որ ավելի վատ է, հայտարարեն, թե մեր եկեղեցականները թեժացրին իրավիճակը, բախում եղավ և այլն: Դժվար է բացատրել իրավապահների ու առհասարակ իշխանությունների այսչափ հարևանցի վերաբերմունքը, ասես իրենց շահերից է բխում, որ եկեղեցու դեմ անընդհատ դավեր նյութվեն, եկեղեցին պառակտելու փորձեր արվեն»:
Ինչպես էլ զարգանան հետագա դեպքերը, պետական այրերը պետք է հասկանան ի վերջո, որ Հայոց սուրբ եկեղեցին թե՛ երեկ, թե՛ այսօր եղել է մեր գոյության ու պաշտպանության կարևորագույն երախտավորներից մեկը, հետևաբար նրա դեմ ուղղված ամենափոքր արարքն իսկ պետք է հասարակական լայն շրջանակների պարսավանքին ու եկեղեցու բանադրանքին արժանանա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում