Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին
Նմանատիպ
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Մորգանի խնամին» մյուզիքլով ազդարարեց 78-րդ թատերաշրջանի բացումը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին:
Մինչ ներկայացման մեկնարկը բեմից հանդիսատեսին ողջունեցին թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը, իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով հարգեց անվանի թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի հիշատակը, ով երկար տարիներ ստանձնել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Յուրի Դավթյանի խոսքով՝ նոր թատերաշրջանում իրենց հետ չէ սիրելի ղեկավարը, բայց պետք է ամեն բան անեն, որ Երվանդ Ղազանչյանի՝ թատրոնի հետ կապված բոլոր իղձերն ու երազանքները ի կատար ածվեն:
Ռուբեն Մաթեւոսյանը էլ իր խոսքում նշեց, որ անցյալով չի կարող խոսել Երվանդ Ղազանչյանի մասին. «Սիրելի, Երվանդ, գիտեմ, որ քո հոգին սավառնում է այս սրահում, որովհետեւ դու բացառիկ անձնավորություն ես, ոչ միայն դերասանապետ, բեմադրիչ, այլ պարզապես կատարյալ մարդ: Երեւի թե Հովհաննես Թումանյանի կարեւորագույն խոսքերը քեզ համար է գրված՝ «Մարդուց երկար ապրում է անունը»»:
Իր լավ ընկերոջ՝ Երվանդ Ղազանչյանի մասին խոսելով, Մարտին Վարդազարյանն ասաց. «Միշտ նրան ասում էի տաղանդավոր երիտասարդ ռեժիսորերի շարքից, նա էլ ինձ՝ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների շարքից, բայց վերջերս ավելացրել էի ժամանակակից նախկին երիտասարդ արտահայտությունը (սա կատակով): Ռեժիսորի աշխատանքը հեշտ, շաքար գործ չէ, իսկ նա կարողանում էր փոխանցել իր պատկերացումը: Ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ եւ շատ բավարարված եմ ինձ զգում: Նրա մեծությունը կայանում էր նրանում, որ կարող էր գործընկերոջ մասին այնպես խոսել, բարձրացնել նրան: Մի խոսքով՝ նա անհատական մոտեցում ուներ յուրաքանչյուրին»:
Հ.Պարոնյանի անվան թատրոն
Հետևեք մեզ նաև Telegram-ում